22 ապրիլի 2015 - 12:23 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ռիչարդ Գ. Հովհաննիսյան.
ԱՄՆ նախորդ նախագահները ճանաչել են Ցեղասպանությունը, Օբաման պետք է ընդամենը վերահաստատի
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Հայաստանում է ակադեմիկոս Ռիչարդ Գ. Հովհաննիսյանը: Ապրիլի 21-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ նշանավոր պատմաբանի «Հայաստանի Հանրապետություն. Վերսալից Լոնդոն, 1919-1920» հիմնարար աշխատության երկրորդ հատորի հայերեն թարգմանության շնորհանդեսը: PanARMENIAN.Net-ը հանդիպել և զրուցել է նրա հետ Ցեղասպանության 100-րդ տարելիցի, ԱՄՆ դիրքորոշման, հայկական լոբբիի հետագա անելիքների և այլնի մասին:

100-րդ տարելիցի մասին

100-րդ տարելիցը կլոր թիվ է: Ոմանք վախենում էին դրանից՝ կարծելով, որ հարյուրամյակից հետո, եթե չճանաչվի Ցեղասպանությունն ու եթե հատուցում չլինի, այն կդառնա անցած և կորսված թեմա: Մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում: Իրականությունն այն է, որ պայքարը շարունակվում է ու շարունակվելու է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կարևոր հանգրվան է, որ պետք է հիշատակենք: Եվ պետք է ասեմ, որ այս տարի մեր ազգի միասնական աշխատանքը բավական մեծ արձագանք գտավ: Հարցը, իհարկե, դեռ լուծված չէ, բայց բավական առաջադիմել ենք. Ցեղասպանության հիշողությունը վերապրեց ու տարածվեց նաև ոչ հայկական շրջանակներում:

ԱՄՆ դիրքորշման մասին

ԱՄՆ 50 նահանգից 42-ը պաշտոնապես ճանաչել են Ցեղասպանությունը, ինչպես նաև՝ հարյուրավոր քաղաքներ, խորհուրդներ, և այլն: Մնում է, որ պետական կառավարությունը պաշտոնապես վերահաստատի, ասում եմ՝ վերահաստատի, որովհետև նախորդ նախագահները՝ Վիլսոնից սկսած, ոչ միայն ճանաչել են, այլև՝ դատապարտել Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Մենք հաճախ մոռանում ենք այդ փաստը: Բայց, իհարկե, մենք այսօր պահանջում ենք, որ Բարաք Օբաման ինքն իր խոստումին տեր կանգնի և վերահաստատի ԱՄՆ պետության կողմից Ցեղասպանության ճանաչումը:

Օբամայի առաջիկա ելույթի մասին

Հռոմի պապի հայտարարությունից հետո շատ բան է փոխվել: Նաև վերջերս հայտնի դարձավ, որ նույնիսկ Գերմանիան է պատրաստվում ճանաչել Ցեղասպանությունը, որը մեծ առաջադիմություն է, որովհետև Գերմանիան մինչև այսօր չեզոք դիրքորոշում ուներ: Կարծում եմ՝ դա կարող է ինչ-որ չափով ազդել նաև Օբամայի ելույթի և նրա կողմից կիրառվող արտահայտությունների վրա:

Մեծ եղեռն, թե՝ Մեծ ոճիր

Օբաման արդեն 2-3 տարի է Մեծ եղեռն արտահայտությունն է գործածում, իսկ Մեծ եղեռնի ճիշտ թարգմանությունը Մեծ ոճիրն է, և ոչ թե՝ մեծ ողբերգություն: Թերևս հայկական գաղութը և լոբբին պետք է հստակեցնի, որ այդ բառը նշանակում է ոճիր և ոչ թե ողբերգություն: Ինչպես հրեաներն իրենց ողջակիզումը՝ Հոլոքոստը դարձրել են շոա, և ամբողջ աշխարհը ճանաչում է այդ բառը: Գուցե և մենք պետք է օգտագործենք ոչ միայն ցեղասպանության տերմինը, այլ ավելի լայն տարածենք մեր բառերը՝ Մեծ ոճիրը, և որն ի սկբանե գործածվում էր: Ցեղասպանություն բառը մեզ համար համեմատաբար նոր է: Իհարկե, այն ևս պետք է գործածենք, բայց միաժամանակ պետք է նաև այնպես անենք, որ աշխարհն իմանա՝ Մեծ եղեռն նշանակում է մեծ ոճիր:

Ռիչարդ Գասպարի Հովհաննիսյանն ամերիկաբնակ հայ պատմաբան է, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։ Նրա հիմնական աշխատությունները վերաբերում են Հայաստանի, Անդրկովկասի և Միջին Արևելքի պատմության հարցերին, Հայաստանի XX դարասկզբին, Հայաստանի Առաջին Հանրապետությանը, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությանը և պատմագրությանը։ Պատմաբանը ներկայումս ամբողջ աշխարհում կազմակերպում է գիտաժողովներ՝ նվիրված արևմտահայ գաղութներին ու նահանգներին, հավաքագրում, մշակում, լրացնում ու հրատարակում դրանց նյութերը: Արդեն իսկ հրատարակվել է այդ աշխատության 13 հատոր: Եվս մեկ հատոր նվիրված կլինի Մուսա լեռանն ու Քեսաբին:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան / PAN Photo