14 մարտի 2016 - 16:47 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ջեմմա Իսրայելյան.
Հայ ձեռներեցները կայցելեն Սիլիկոնյան հովիտ
«Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» (CEED) հիմնադրամի տնօրեն Ջեմմա Իսրայելյանը պատմել է ԱՄՆ-ից հրավիրված երկու փորձառու ներդրողների երևանյան այցի մասին, ինչպես նաև անդրադարձել Սիլիկոնյան հոտվի հետ կապված նոր նախագծին:
2015 թվականի նոյեմբերին խոսեցինք Հայաստանում CEED-ի գործունեության մասին: Պատմեցիք, որ այն ուղղված է աջակցելու ձեռներեցներին իրենց ընկերությունների զարգացման գործում՝ հնարավորություններ ստեղծելով սովորելու փորձառու գործարարներից և բիզնես կապեր հաստատելու Հայաստանում և արտասահմանում, որպեսզի իրենք, հասնելով հաջողությունների, դրանով իսկ խթանեն տնտեսության աճը և ստեղծեն աշխատատեղեր: Այդ ժամանակ սկսում էիք Perfect Pitch to Investors ծրագիրը, որի համար Սիլիկոնյան հովտից Երևան էիք հրավիրել երկու փորձառու ներդրողների՝ հայաստանցի ձեռներեցների հետ աշխատելու և նրանց գաղափարներն առավել արդյունավետ ներկայացնելու կարողությունները զարգացնելու նպատակով:
Ծրագրի մասնակիցները տպավորիչ էին, իսկ դասընթացավարները՝ ազդեցիկ: Կալիֆորնիայում գտնվող «Ռոդա գրուպ» ներդրումային ընկերության համահիմնադիր և նախագահ Ռոջեր Ստրաուքի հետ վաղուց ենք համագործակցում, և մասնակիցները նրա խորհուրդները միշտ բարձր են գնահատում: Սիլիկոնյան հովտի հեղինակավոր ներդրող Ռոն Ուասմենը, ով երկար տարիներ աշխատել է Սթիվ Ջոբսի հետ և հանդիսացել ավելի քան 25 ընկերության տնօրենների խորհրդի անդամ, Հայաստան առաջին անգամ էր այցելում՝ հայաստանցի ձեռներեցների հետ իր գիտելիքներն ու փորձը կիսելու: Ուրախ ենք, որ ծրագիրը բարձր գնահատվեց թե ՛ դասընթացավարների, թե ՛ մասնակիցների կողմից: Ռոնը խոստովանեց, որ ծրագրի շնորհիվ դարձավ հայաստանցի ձեռներեցների ջատագով Սիլիկոնյան հովտում, իսկ մասնակիցները բազմիցս շեշտեցին ծրագրի օգտակարությունը: Ակնհայտ դարձավ, որ պետք է շարունակենք նման հնարավորություններ ստեղծել:

Մարտին սկսում եք Սիլիկոնյան հոտվի հետ կապված մի նոր նախագիծ, որը կոչվում է Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագիր: Կպատմե՞ք դրա մասին:
Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագիրը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի ծրագիր է, որն իրականացնում ենք ԱՄՆ-ում գտնվող մեր գրասենյակի հետ համատեղ: Նպատակն է օգնել ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերություններին կապ հաստատել Սիլիկոնյան հովտի հետ և հաջողությունների հասնել արտասահմանյան շուկաներում: Ծրագիրը նախատեսում է վեց շաբաթ տևողությամբ ակսելերացիա (ընկերությունների զարգացում) Հայաստանում, որը կներառի դասընթացներ, խորհրդատվություն և գաղափարներ ներկայացնելու կարողությունների զարգացում: Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու CEED համաշխարհային ցանցի անդամ հանդիսացող ակնառու գործարարների և ներդրողների հետ, ինչպես նաև հայաստանցի մասնագետների հետ: Ներկայացման օրը (Demo Day) կընտրվեն հինգ ընկերություններ, որոնց հետ կայցելենք Սիլիկոնյան հովիտ: Այնտեղ կկազմակերպվեն հանդիպումներ ներդրողների, հնարավոր գործընկերների և պատվիրատուների հետ և կտրամադրվի աջակցություն՝ այս հնարավորություններին մասնակիցներին պատրաստելու: Ընտրված ընկերությունները կմասնակցեն նաև Սիլիկոնյան հովտում այս ծրագրի շրջանակներում կայանալիք Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված համաժողովին:

Ո՞վ կարող է դիմել ծրագրին և որո՞նք են մասնակցության պայմանները:
Ծրագիրը նախատեսված է ոչ շատ վաղ փուլում գտնվող արտադրանք ունեցող ընկերությունների համար, որոնք կարող են մի քանի ամսից արտասահմանյան ներդրողների համար գրավիչ դառնալ: Մասնակցել կարող են ինչպես նորաստեղծ ընկերությունները, այնպես էլ նոր արտադրանքով հանդես եկող կայացած ձեռնարկությունները: Ցանկացողները պիտի լրացնեն մեր կայքում տեղադրված դիմումի ձևը՝ պատմելով իրենց մասին և ներկայացնելով իրենց նախաձեռնությունը: Դիմելու վերջնաժամկետն է մարտի 15-ը: Մասնակցությունն անվճար է: Բացի այդ, ընտրված մասնակիցների համար ծրագրի հաշվին կգնվեն ինքնաթիռի տոմսեր և կվարձվի բնակարան:

Նշեցիք, որ նախագծի շրջանակում կկազմակերպվի նաև Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված համաժողով: Ո՞րն է այս միջոցառման նպատակը:
Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված համաժողը 2016թ.-ի հունիսի 10-ին Սիլիկոնյան հովտում կայանալիք միջոցառում է, որին կմասնակցեն Հայաստանից, Սիլիկոնյան հովտից և ամբողջ աշխարհից տարբեր շահագրգիռ կողմեր՝ քննարկելու Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռներեցության ներուժը և Հայաստան – Սիլիկոնյան հովիտ համագործակցության հեռանկարները: Կքննարկվի նաև կրթության դերը ձեռներեցության հմտությունները զարգացնելու գործում: Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրի հինգ ներկայացուցիչները կներկայացնեն իրենց աշխատանքները և հնարավորություն կունենան հանդիպելու նոր գործընկերների և ներդրողների հետ: Ակնկալում ենք, որ ֆորումի արդյունքում կստեղծվեն նոր կապեր, որոնք կնպաստեն այս ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը: