7 մայիսի 2016 - 19:26 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թալիշում մեր դիրքը հետ բերած զինվորներից Սահակ Մալաքյան.
Պատերազմը զենքից առաջ գլուխ աշխատեցնելու տեղ է
Պայմանագրային սերժանտ Սահակ Մալաքյանի (ծնվել է 1994-ին, Վանաձորում) համար պատերազմը սկսվել է, երբ իր հանգստի ժամին քնած էր Թալիշ գյուղում: Հրետակոծության ձայներից է արթնացել, հասել գումարտակ, որի հետ դուրս է եկել պաշտպանության, հետ մղել արդեն գյուղ մտնող հակառակորդին: Նույն՝ ապրիլի 2-ի գիշերը և 3-ին մասնակցել է Արցախի հյուսիսում մեր զիջած երկու մարտական դիրքը հետ բերելու գործողություններին:

PanARMENIAN.Net-ը նրան հանդիպել ու մանրամասները, նրա մտքերը լսել է Թալիշում:

«Հենց նույն գիշերը փորձեցինք հետ բերել մեր դիրքերը, բայց թվաքանակով անհամեմատ ավելի թշնամուն միայն կարողացանք լուրջ վնասներ հասցնել, այդ թվում՝ զոհեր և վիրավորներ տվեցին: Առավոտյան նոր ուժերով հարձակվեցինք: Հարմար պահ էինք ընտրել: Շրջապատեցինք ու իրենք ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց վախկոտությունը, որ իրենց աձնակազմը շատ է ու միայն դա է պայմանավորում իրենց էստեղ հասնելը: Այս անգամ մեր գործողություններն արդյունք տվեցին, ստացվեց:

Հակառակորդը սկսեց փախչել, շատերը չհասցրեցին՝ մեր տարածքում դիեր թողնելով:

Պատերազմը բարդ է՝ զենքից առաջ գլուխ աշխատեցնելու տեղ է: Դիրք ենք տվել, դիրք ենք հետ բերել. hեշտ ասվող բառեր են, բայց իրականում մարդկանց` մեր ընկերների կյանքերն է դրանց մեջ: Ռազմական գիտություն է, և, ամենակարևորը՝ ճիշտ ընտրված ժամանակն է:

Հրետակոծության, մեր ու իրենց ձայներն են տպավորվել: Պատերազմը ձայն ունի: Մի ժամ առաջ անձրև էր, չէ՞, հիմա արև է, չէ՞, բայց հագուստիդ խոնավությունը հիշեցնում է անձրևի մասին: Այ այդպես էլ պատերազմն է. պահ է լինում՝ չես հավատում, որ իրական էր, թվում է՝ մեծ էկրանով ֆիլմ ես նայում, բայց ձայներն իրականության զգացողությունը վերադարձնում են: Հետո կենտրոնանում ես ու անում այն, ինչ պիտի անես քեզ, ընկերոջդ, հողդ պաշտպանելու համար:

Ասել, թե գիտակցում էի ինձ ինչ է սպասվում, երբ պայմանագրային ծառայության էի անցնում, ճիշտ չի լինի, բայց այսօր, երբ արդեն ոչ թե գիտակցում, այլ իմ աչքով եմ տեսել, որոշումս հաստատ է, հիմնավորված: 100 տարվա, 20 տարվա հեռվից եկող պատմություններից չի, որ գիտենք, թե թուրքը կգա, մեզ կմորթի, թույլ լինենք, մեզ կսպանի: Մեր աչքով տեսանք, էս քաղաքակիրթ դարում: Եթե ես այստեղ չկանգնեմ, չպայքարեմ, իրենց թողնենք, հաջորդ օրը կորած ենք: Թեկուզ հազար տարի անցնի՝ թշնամու ոտքը չպիտի մեր հողում լինի: Որ պահին հավատանք, զգոնությունը կորցնենք, պարտվելու ենք:

Մեր դեմ անզոր են, որովհետև էսպիսի կրիտիկական պահերին միավորվել գիտենք, օրինակն էլ իրենց ճակատին՝ ինձ հետ դիրքերը հետ բերելուն նաև ՌԴ-ից եկած հայ կամավորներ են մասնակցել: Կռվի ժամանակ նրանցից Գևորգի գործողություններն եմ հիշում: Քաջ տղա է»:

Անի Ավետյան / PanARMENIAN.Net