14 հունիսի 2017 - 15:23 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
ՖՈՏՈՇԱՐՔ
Իվան Դորն.
Հայկական երաժշտությունը տրանսի մեջ է գցում
Իվան Դորնը հայտնի ուկրաինացի երգիչ է, դիջեյ և հեռուստահաղորդավար, «Նորմալների զույգը» («Пара нормальных») խմբի նախկին անդամ: 2010-ին Դորնը մենակատարի կարիերա սկսեց՝ սեփական երգերը թողարկելով, այդ թվում «Ստիցամենը», «Բիգուդին», «Հյուսիսափայլը», «Առավել ևս» և այլ: ԱՄՆ-ում 3 ամիս աշխատելուց հետո, 2017-ի ապրիլին Դորնը թողարկեց իր առաջին անգլալեզու OTD (Open the Dorn) ալբոմը:

Դորնը ծնվել է Չելյաբինսկում, իսկ 2 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Ուկրաինա: Հիշելով Իվանի ծագման մասին, ընկերները հաճախ են նրան Իվան Դուլին անվանում՝ հումորային «Մեր Russia»-ի հերոսի անունով:

28-ամյա ուկրաինացի երգիչը հունիսի 3-ին #Randorn խորագրով համերգ տվեց Երևանում, որի կազմակերպիչն էր Mezzo Production-ը: PanARMENIAN.Net-ը հանդիպել էր Դորնին և զրուցել նրա հետ տարբեր թեմաներով՝ մանկությունից մինչև ապագայի ծրագրեր ու հայկական երաժշտություն, իսկ PAN Photo-ն լուսանկարել նրան:

Հայաստանի և հայերի մասին

Գիտեմ, որ հայերը հզոր սփյուռք ունեն: Հայաստանը կարծես աշխարհով մեկ հայերին տարածող գրասենյակ լինի: Գիտեմ, որ հայերը շատ ջերմ, անկեղծ մարդիկ են, շատ համեղ են պատրաստում: Հայերը դուդուկ ունեն, Տիգրան Համասյան, Համայակ Հակոբյան, Արամ Խաչատրյան, Սերժ Սարգսյան, այստեղ է առաջին անգամ պետականորեն ընդունվել քրիստոնեությունը, Երևանը 2800 տարեկան է:

Հայկական երաժշտության մասին

Ընդամենը մի քանի հայկական ժողովրդական երգ եմ լսել: Գիտեմ «Դլե յամանը», ևս մի քանի ժողովրդական երգ եմ լսել Դիանա Դիկովսկու կատարմամբ, որն իմ թիմից էր «Ուկրաինայի ձայնը» նախագծում: Ինձ դուր է գալիս հայկական երաժշտությունը, ինձ թվում է, այն նպաստում է, որ մարդ թուլանա, տրանսի մեջ է գցում, միանգամից տարբեր մտքեր են սկսում պտտվել գլխումդ: Դուք հայերդ բոլորդ ջազի սիրահարներ եք, ես էլ եմ ջազ սիրում, այստեղ մեր ճաշակները համընկնում են: Ես ընդհանրապես կարծում եմ, որ վատ երաժշտություն չկա:

Մանկության սիրած երաժշտության մասին

Մանկության տարիներին հաստատ հայկական երաժշտություն չեմ լսել, լսել եմ ջազ, Ֆրենկ Սինատրա, Lighthouse Family, Քրեյգ Դևիդ, նույնիսկ Մերայա Քերի և Ութնի Հյուսթոն: Երբ փոքր էի, փողոցում մի կասետ գտա, նվագարկիչ ունեի մոտս, լսեցի ու ապշեցի՝ այդ երաժշտությունը ցնցեց ինձ, և քանի որ ուրիշ բան չունեի լսելու, աստիճանաբար ընտելացա այդ երաժշտությանն ու սիրեցի այն: Եվ հետո միայն 6 տարի անց իմացա, որ Fatboy Slim եմ լսել: Ռուսներից Շուրային եմ լսել, «Կար-Մեն», «Նա-Նա» խմբերի երաժշտությունը, Օլեգ Գազմանով: Ես մի փայտի կտոր էի վերցնում, պատկերացնում էի, որ դա կիթառ է և ելույթ էի ունենում ծնողներիս համար: Իսկ ստեղծագործել սկսել եմ Շուրայից, առաջին երգը, որի համար պրոֆեսիոնալ գործիքավորում եմ արել, «Արցունքներին չհավատաս» երգն էր: Մայրս ինձ նեղ տաբատ էր հագցնում, երկարաճիտ կոշիկներ՝ սարսափելի կերպարներ, բայց դրանից հետո էլ ամաչելու բան չունեմ, ես մանկուց եմ կոփված:

Մանկական երազանքների մասին

Մանուկ հասակում ինձ ավելի շատ մյուսների երազանքներն էին դուր գալիս: Հիշում եմ, մանկապարտեզում երեխաներից մեկը երազում էր մեծ ավտոբուսի վարորդ դառնալ, ես այն ժամանակ մտածեցի, որ ես էլ կուզեի: Հետո կարծում էի, որ դիվանագետ եմ դառնալու: Մի անգամ մանկապարտեզում հանդես էին կազմակերպել. եկել էր Մերի Պոպինսը, նա հանում էր ծառից կապված գրություններն ու կարդում: Երբ իմ հերթը եկավ, նա կարդաց. «Երբ մեխանաս, լավ դիվանագետ ես լինելու»: Եվ չգիտես ինչու ես սկսեցի մտածել, որ անպայման դիվանագետ եմ դառնալու, բայց ոչ մի բան չէի ձեռնարկում դրա համար, կարծում էի, ամեն ինչ ինքնաբերաբար կստացվի, բայց արդյունքում արտիստ դարձա: Ես երևի երաժշտական մակարդակի դիվանագետ եմ:

Չելյաբինցի «մուժիկ» լինելու մասին

Ես իմ ամբողջ բնույթով հերքում եմ Չելյաբինսկի հետ կապվող այդ խոժոռությունը:

Նոր կերպարի մասին

Այն միայն արտաքինից է խոժոռ, ավելի շուտ՝ կտրուկ է, հակասական: Կարծում եմ, ես դեռ կվերադառնամ այդ կերպարին:

Ստեղծագործական ծրագրերի մասին

Հաջորդ ալբոմում մտադիր եմ ռուսալեզու հիփ-հոփով ներկայանալ: Կարծում եմ, հիմա պետք է ինչ-որ ռուսալեզու թրեկ ձայնագրել:

Նոր կայքի մասին

Հիմա մենք աշխատում ենք ծրագրի վրա, ես զբաղվում եմ Արվեստանոցով, տղաներով, հետևում եմ նոր երաժշտությանը: Մենք նոր կայք ունենք. ivandorn.com: Այնտեղ հիմնականում OTD (Дорна Open The Dorn ալբոմի մասին է, որը թողարկվել է 2017-ի ապրիլի 14-ին) մասին նյութեր են, հիմա դրա վրա ենք կենտրոնացած: Կայքում կա Sampler՝ դա ինտերակտիվ բաժին է, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն հնչյունային ռեժիսոր զգալ: Արևմուտքը նվաճելու մասին

Մենք դեռ չենք սկսել առաջխաղացումն արևմտյան շուկայում, քանի որ ալբոմների վաճառքը դեռ չի սկսվել: Նրանք դեռ ոչինչ չեն լսել: Հունիսի 8-ին կթողարկվի Such a Bad Surprise սինգլը: Մենք ուղղակի ընկերություն էինք փնտրում, որի հետ դա կարելի էր անել, և մշակում էինք ռազմավարությունը: Մեզ ասացին, որ իմաստ չկա թողարկել անհայտ արտիստի ալբոմ: Ուստի որոշեցինք դա անել փուլ առ փուլ՝ սինգլներով: Մինչ այդ արևմուտքում թողարկվեց Collaba սինգլը, որոշ պարբերականներ գրեցին այդ մասին: Բայց միևնույն է ավելի շատ նյութ է պետք, ուստի հիմա աստիճանաբար կսկսենք տարածել ԱՄՆ-ում, ինչպես նաև առանձին դուրս կգանք բրիտանական շուկա: Աշխարհի տարբեր մասերում տարբեր թրեկեր են դուր գալիս. Ամերիկայում մարդկանց դուր են գալիս Beverly-ն, Hardbeat-ը, իսկ Բրիտանիայում՝ Collaba-ն, YWFM-ը, Preach-ը:

Ֆարել Վիլյամսի մասին

Նա իմ վաղեմի կուռքն է: Բայց նրա հետ հանդիպում որոնելու համար նյութ է պետք: Իսկ ես դեռ չունեմ: Ի՞նչ եմ նրան ցույց տալու: Կարծում եմ, այդ ուղղությամբ կաշխատենք, երբ սկսվի ձայնասկավառակների վաճառքը: Կուղարկեմ նյութը: Ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ սպասում դրանից: Երևի կցանկանայի, որ նա ուղղակի ուշադրություն դարձներ, ոչ թե որպես պրոդյուսեր հանդես գար, թեև գուցե՝ դա էլ: Շատ լավ կլիներ: Բայց, ըստ իս, սկզբից պետք է ինչ-որ մակարդակի հասնել նրան հետաքրքիր լինելու համար:

ԱՊՀ արտիստների մասին

Ինձ թվում է, Արևմուտքում ԱՊՀ-ից եկածներին ընկալում են որպես հաստ դրամապանակներով չերգող արտիստների, որովհետև ԱՊՀ-ից շատ օլիգարխներ փորձել են իրենց կանանց ու դուստրերին երգչուհիներ դարձնել ԱՄՆ-ում, մեծ գումարներ են ներդրել այդ նպատակով, այստեղ էլ տարածվեց այդ կարծիքը: Չէի ցանկանա, որ ինձ Արևմուտքում այդպես դիտարկեին, ցանկանում եմ առաջին հերթին երաժիշտ լինել:

Կարճ սեփական երաժշտության մասին

Անհետևողական: Առավելագույնս անմիջական: Ուրախ:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան / PAN Photo
ՖՈՏՈՇԱՐՔ