18 սեպտեմբերի 2017 - 17:10 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Վիլի Գալաբովա.
Հայկական էթնիկ տեսակներից ստացվող գինին արտահանման մեծ ներուժ ունի
Սեպտեմբերի 13-ից 19-ը Հայաստանում է Զարգացող երկրների ներմուծման խթանման կենտրոնի (Նիդերլանդներ) գինու միջազգային խորհրդատու Վիլի Գալաբովան: Գինու արտահանման, գինեգործական բրենդերի առաջմղման, մարքեթինգի և արտադրության ոլորտում մոտ 15 տարվա փորձ ունեցող խորհրդատուն եկել է աջակցելու տեղի գինեգործական կազմակերպություններին և ոլորտը մեր երկրում զարգացնելով հետաքրքրված ընկերություններին:

Նա վերջին 3 տարվա ընթացքում աշխատել է Հայաստանի հետ` որպես Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի գինու տարածաշրջանային խորհրդատու` աջակցելով Հայաստանում և Վրաստանում գինու արտահանման խթանման աշխատանքներին:

«Իմ կարծիքով գինեգործությունն այսօր տնտեսական աճ գրանցելու ու նոր աշխատատեղեր ստեղծելու լայն դաշտ է երկրի համար, հետևաբար, կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այս ոլորտին՝ աջակցելով զարգացմանը: Միջազգային մասնագետների կարծիքով, Հայաստանում աճում են խաղողի էթնիկ յուրահատուկ տեսակներ, որոնց շարքում հատկապես պետք է առանձնացնել Արենի և Ոսկեհատ տեսակները, քանի որ դրանք արտահանման մեծ ներուժ ունեն», - նշում է խորհրդատուն:

Գալաբովան նաև գինու միջազգային էքսպերտ-սոմելիե է և գինու ավելի քանի 10 հայտնի մրցույթի ժյուրիի կազմում է.

«2017-ի փետրվարին CBI-ի աջակցությամբ հայկական գինիները ներկայացվեցին Mundus Vini եվրոպական հեղինակավոր մրցույթի շրջանակում, որտեղից Հայաստանը վերադարձավ աննախադեպ հաղթանակով՝ 9 ոսկե և 14 արծաթե մեդալով: Concours Mondial de Bruxelles 2017 մրցույթում, որտեղ նույնպես ժյուրիի անդամ էի, Kataro 2015-ի Գրանդ ոսկե և Armenia white 2015-ի արծաթե մեդալները նույնպես մեծ ձեռքբերում էին։

Իհարկե, մրցունակ լինելու համար կառավարությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի միջազգային չափանիշների պահպանմանը տեղական գինեգործական ոլորտում, այս ուղղությամբ կարևոր քայլերից մեկը OIV անդամ դառնալն ու Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից OIV ստանդարտների ապահովումն է»:

Աշնանը հայկական գինիները կհասնեն Ասիա՝ ազգային տաղավարով ներկայանալով Prowein China գինու ցուցահանդեսի շրջանակում.

«2018-ին գինու խոշոր միջազգային շրջագայող մրցույթներից մեկը՝ Concours Mondial de Bruxelles-ը, կկայանա Չինաստանում, առաջին անգամ նման մասշտաբի գինու մրցույթ կկայանա Ասիայում, հետևաբար, խորհուրդ եմ տալիս բոլոր տեղացի գինեգործներին ուշադրություն դարձնել այս իրադարձությանը և իրենց մարքեթինգային ծրագրում ներառել այս մրցույթին մասնակցելը, որը որպես Prowein China 2017-ի մասնակցությանը հաջորդող քայլ կաջակցի Ասիայում արտահանման նոր շուկաներ գտնելուն»:

Գալաբովան հուսով է, որ Հայաստանի աճը գինեգործական ոլորտում այնքան զգալի կդառնա, որ մի օր գինու միջազգային հեղինակավոր մրցույթ/ցուցահանդես կկայանա նաև մեր երկրում: