3 օգոստոսի 2018 - 12:25 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ուսուցիչների աշխատավարձի նշանակալի բարձրացում՝ վերապատրաստումների միջոցով.
ԿԳ նախարարը՝ կրթական բարեփոխումների մասին
Կրթության և գիտության նախարարությունում կրթական ծրագրերի բարելավման, ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերի փոփոխության և այլ նախագծեր են քննարկվում: PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ բոլորը պետք է գիտակցեն՝ հանրակրթական համակարգը բավականին պահպանողական է, և նախարարության կողմից ներդրվող արմատական բարեփոխումների արդյուքները հնարավոր կլինի տեսնել միայն տարիներ անց:
Նոր կառավարության՝ հանրակրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մասին արդեն հայտարարվել է, սակայն կոռուպցիան ոլորտի միակ մարտահրավերը չէ. երկար տարիներ խոսվել է կրթական արմատական բարեփոխումների և կրթական որակյալ մոդել ներդնելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ մոդել եք առաջարկում Դուք:
Ժամանակակից միտումներում (կրթության-խմբ.) որևէ հստակ կրթական մոդելի մասին խոսելը և ինչ-որ մեկից այդ պահաջելը սխալ է, քանի որ աշխարհը շատ արագ է փոխվում, կրթությունը՝ առավել ևս, իր նոր հնարավորություններով և գործիքներով: Հիմնական վերջնարդյունքը, որն ուզում ենք ստանալ, այն է, որ աշակերտը դպրոցն ավարտելիս ունենա մի շարք հմտություններ, կարողություններ և գիտելիքների այնպիսի պաշար, որը թույլ կտա նրան լինել ազատ, վերլուծող, քննադատող: Այդ ճանապարհին պետք է որդեգրել մի շարք սկզբունքներ, որոնցից ամենակարևորը մեզ համար կրթության հասանելիությունն է բոլորի համար. ակնհայտ է, որ աշխարհում լավ հանրակրթական համակարգ ունեն այն երկրները, որոնք առավելագույնս հասանելի են դարձնում կրթությունը բոլորի համար:

Ոլորտում հրատապ լուծելի խնդիրներից է դպրոցների ապաքաղաքականացումը. մեր խորին համոզմամբ, դպրոցների քաղաքականացված լինելը ամենաբացասական ազդեցությունն է ունեցել կրթության որակի վրա: Ակնհայտ է, որ դպրոցը ՀՀ-ում ամենամեծ վարչական ռեսուրսներից մեկն է. դպրոցի վերահսկողությունը և ղեկավար մարմիններում սեփական կուսակիցներին նշանակելը ենթադրում է ազդեցությունների հնարավորություն՝ այդ թվում աշկերտների և ծնողների վրա: Այդ վերահսկողությունը ենթադրում էր նաև գործարք, երբ կողմերը փոխադարձ ծառայություններ էին մատուցում մեկը մյուսին՝ դպրոցի ղեկավարությունն ապահովում էր նախկին իշխող ՀՀԿ-ի վերարտադրությունը, իսկ վերջինս էլ հնարավորություն էր տալիս տնօրենին իր պաշտոնը վերածել բիզնեսի՝ այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով, այդ թվում՝ սեփական խմբերի ներմուծում դպրոց ուսուցիչների, տեխնիկական անձնակազմի տեսքով: Սա իր հերթին ազդում էր կրթական որակի վրա, քանի որ ուսուցչի աշխատանքի ընդունելիս տնօրենները, իհարկե ոչ բոլորը, առաջնորդվում էին «թայֆայական» մտածելակերպով՝ իրենց բարեկամ-հարևաններին բերելով դպրոց, ընդ որում, նրանց մեծ մասն ուղղակի անգրագետ էր:

Պատկերացնենք՝ արմատախիլ է արվել կոռուպցիան դպրոցում և այն ապաքաղաքականացվել է, արդյո՞ք այս երկու նախադրյալը բավարար են լավ հանրակրթություն ունենալու համար:
Դժվար է պատկերացնելը, որ դա կլինի կարճ ժամանակում: Իհարկե, այդ նախադրյալները բավարար չեն: Մյուս նախադրյալներից է դպրոցների կառավարման խորհուրդների փոփոխությունը, որոնք ավելի մեծ պատասխանտվությամբ կմոտենան դպրոցների կառավարմանը և չեն լինի բացառապես տնօրենների վերարտադրությանն աջակցող մարմիններ, երկրորդը ուսուցիչների վերապատրաստնման նախագծերի մշակումն է: Մասնավորապես, մենք հիմա ունենք «Ուսուցիչ» նախագիծը, որը ենթադրում է վերապատրաստումների միջոցով ուսուցիչների աշխատավարձերի զգալի բարձրացում. վերապատրաստումներն այլևս չեն կրելու նախկինի պես ձևական բնույթ, այլ լինելու են լուրջ միջոցառումներ, որի արդյունքում ուսուցիչները պետք է դրսևորեն իրենց գիտելիքներն ու կարողությւոնները, և այդ վերապատրաստումը բարեհաջող անցնելու դեպքում նրանց աշխատավարձի նշանակալի բարձրացում կլինի:

Բացի այդ, ներկայումս քննարկվում է այլ հնարավոր միջոցներով ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու հնարավորությունը: Մենք գիտակցում ենք, որ ցածր աշխատավարձը և սոցիալական խնդիրները թույլ չեն տալիս ուսուցչին ամբողջությամբ կենտրոնանալ իր աշխատանքի վրա, և այդ խնդիրներով դպրոց եկող ուսուցիչը չի կարող լիարժեք գիտելիք տալ աշակերտին:

Ասացիք, որ դիտարկվում է առաջիկայում ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը. հստակ ժամկետներ կամ թվեր հայտնի՞են:
Մեկ ամսվա ընթացքում, երբ 2019-ի բյուջեն պարզ լինի, կտեսնենք, թե որքան և ինչ ժամկետում կարող ենք բարձրացնել ուսուցչի աշխատավարձը:

Երբ նոր էիք նշանակվել նախարարի պաշտոնում, հայտարարեցիք, որ հնարավոր է վերանայեք 12-ամյա կրթական համակարգը, վերջերս, սակայն, ասացիք, որ կողմ եք այդ համակարգին, ինչո՞ւ էիք նախկինում որոշել այն վերանայել, և ինչպե՞ս եկաք եզրահանգման, որ այն պետք է պահպանվի:
Այն ժամանակ ես ասել եմ, որ կլսենք առաջարկներ, բոլոր հնարավոր մոդելների հետ կապված, սակայն 10-ամյա կրթական համակարգին անցնելու հիմնական փաստարկն այն էր, որ այն խորհրդային ժամանակահատվածում լավ աշխատող համակարգ է եղել: Ես կարծում եմ, որ մենք պետք է վերանանք այն տարբերակից, թե 30 տարի առաջ ինչ է եղել: Իրականում 12-ամյա կրթության հետ կապված խնդիրն այն չէր, թե ինչու են երեխաները երկու տարի ավելի սովորում, այլ այն, որ նրանք վերջին տարիներին անելիք չեն ունենում, քանի որ ծրագրերի բովանդակությունը վատն է: Հիմա մենք կփորձենք բերել դպրոց այնպիսի առարկաներ, որոնք հետաքրքիր կլինեն աշակերտին և կարևոր նշանակություն կունենան նրա համար:

Դասագրքերի մասին, դրանք վերանայելու մտադրություն կա՞:
Գործող առարկայացանկի և դասագրքերի միջոցով հնարավոր չէ ստանալ մեր ցանկալի վերջնարդյունքը հանրակրթական դպրոցում. վերանայվելու են բոլոր դասագրքրերը՝ մասնավորապես պատմության, եկեղեցու պատմության, շախմատի, լեզվի, գրականության և այլն: Մենք ունենք շատ մեծ ներուժ, պարզապես պետք է մրցակցային պայմաններ ստեղծել դասագիրքը ստեղծողների համար՝ նրանց առջև դնելով բարձր պահանջներ:

Դուք Ձեր ֆեյսբուքյան գրառումներում կոչ եք անում դպրոցականներին չդիտել վատորակ սերիալներ, գրքեր կարդալ, ինքնազարգացմանը մեծ ուշադրություն դարձնել, բայց գիտենք, որ Հայաստանում աշակերտների շրջանում անտարբերություն կա կրթական պրոցեսի նկատմամբ, ինչպե՞ս պետք է հետաքրքիր և գրավիչ դարձնել հանրակրթությունը նրանց համար:
Ես կարծում եմ, որ վատ սովորող աշակերտ չկա, եթե աշակերտը չի սովորում, և ուսումն իր համար հետաքրքիր չէ, ապա դա հիմնականում կապված է դասապրոցեսի հետ, դպրոցում տիրող մթնոլորտի և ուսուցչի դասավանդման մեթոդի հետ:

Ես իմ դասավանդման փորձից գիտեմ, որ յուրաքանչյուր աշակերտի, ուսանողի մոտ կարելի է արթնացնել հետաքրքրություն, և ուսուցիչը հենց նրա համար է, որ գտնի աշակերտին հետաքրքրող ուղղությունը: Ցանկացած աշակերտ կարող է գտնել իր հետաքրքրությունը դպրոցում, և ցանկացած աշակերտ կսովորի որևէ առարկա, եթե զգում է այդ առարկայի նկատմամբ ուսուցչի հետաքրքրությունը: Աշակերտը զգում է, երբ ուսուցիչը տրամադրված չէ և իր գիտելիքներն ամեն օր ավելի հարստացրած չի մտնում:

Ուսուցիչը պետք է ամեն օր վերափոխվի, ամեն օր նոր գիտելիք ձեռք բերի՝ հատկապես 21-րդ դարում, երբ մեթոդների, գործիքների մեծ ընտրություն կա, իսկ գիտելիքի ծավալն անընդհատ փոխվում է:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net