26 մայիսի 2020 - 19:03 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ջո Աբերկրոմբի.
Հերոսությունն ու չարագործությունը հաճախ ընդամենը տեսանկյան հարց են
Նախորդ մի քանի տարվա ընթացքում «Գահերի խաղի» շնորհիվ հայտնաբերեցինք պատմական նմանություններով ու քաղաքական ինտրիգներով լի ֆենթեզիի ժանրը և սկսեցինք փնտրել ստեղծագործություններ, որոնք Ջորջ Մարտինի տված էմոցիաներին մոտ զգացմունքներ կպարգևեին։ Արդյունքում բացահայտեցինք բրիտանացի գրող Ջո Աբերկրոմբիին ու հասկացանք, որ համեմատելու շատ քիչ եզրեր կան․ ինքնուրույն, հասուն ու շքեղ գրող, փայլուն ինտրիգներ, սև հումոր ու անկանխատեսելի ֆենթեզի։ Աբերկրոմբին գրել է 3 վեպ «Փշրված ծովի» աշխարհում, իսկ իր հիմնական՝ «Առաջին օրենքի» աշխարհում պատրաստ է առաջին ավարտուն եռագրությունը, 3 առանձին վեպ, երկրորդ եռագրության առաջին հատորն ու բազմաթիվ պատմվածքներ։ PanARMENIAN.Net-ը զրուցել է գրողի հետ նոր գրքի ու ապագա պլանների, հնարավոր էկրանավորման, ոգեշնչման աղբյուրների մասին և ոչ միայն։
Նախ՝ ինչպե՞ս է ազդել կորոնավիրուսի պանդեմիան Ձեր պլանների վրա։ Իրադրությունն ազդե՞լ է «Խելագար դարը» (The Age of Madness) եռագրության երկրորդ գրքի հրատարակման վրա։
Շատ բան է փոխվել, անշուշտ, բայց ինչ վերաբերում է գրքի հրատարակման ամսաթվին, ապա կարծում եմ՝ կկարողանանք շարժվել ըստ նախնական ժամանակացույցի։ Որոշել էինք գրքերը թողարկել յուրաքանչյուրը մեկ տարվա տարբերությամբ, այսինքն՝ երկրորդը կլինի սեպտեմբերի կեսին՝ առաջինից մեկ տարի անց։ Կարծում եմ՝ եթե սա շարքի առաջին գիրքը լիներ, ավելի շատ կանհանգստանայինք, բայց հենց շարքն արդեն սկսում ենք, հետաձգելը երևի ավելի շատ է վնասում, քան նախապես պլանավորվածն իրագործելը։ Իհարկե, փոփոխություններ հնարավոր են, և առաջխաղացման աշխատանքները ևս լրիվ այլ կերպ են լինելու, քանի որ գրախանութները դեռ փակ են, գրական միջոցառումերն ու փառատոներն էլ դժվար մոտ ժամանակներս վերադառնան։

Լուսանկարը՝ Bookidote.com-ից

Աշխարհում կատարվողն ազդո՞ւմ է Ձեր ոգեշնչման վրա։ Տեսնո՞ւմ եք սյուժեներ, որոնք կարելի է հետո տեղափոխել գրքերի էջեր։
Չեմ կարծում, որ այն գրողներից եմ, ով վերցնում է ամբողջական իրադարձություններ կամ որոշակի մարդկանց ու նրանց գրքի վերածում, բայց, անշուշտ, շուրջս կատավողն իր ազդեցությունն ունի ինձ վրա։ «Առաջին օրենքում» (The First Law) որոշ տարրեր գալիս են համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մեջ ընկնելու ժամանակաշրջանից, որը համընկավ շարքը գրելուս հետ, իսկ նոր շարքը՝ «Խելագար դարը» (Age of Madness), հաստատ արտացոլում է վերջին տարիների քաղաքական իրադրությունը։

«Առաջին օրենքի» աշխարհում կլինե՞ն պատմվածքների նոր ժողովածու, նոր առանձին վեպեր ու երրորդ եռագրություն:
Դեռ երրորդ գիրքը պիտի վերջացնեմ, այս պահին դրա վրա եմ կենտրոնացած ու շատ հեռուն չեմ նայում։ Չեմ կարծում՝ հաջորդ գիրքն այդ աշխարհում լինի, բայց չեմ բացառում, որ ևս երեք առանձին վեպ ինչ-որ պահի հայտնվի։ Պատմվածքներ սովորաբար գրում եմ, երբ ինձ խնդրում են գրել, դրանք հետագայում հավաքվում, գիրք են դառնում։ Նման հավաքածուի համար որոշ ժամանակ կպահանջվի։

Հիմա ունեք «Փշրված ծովի» (Shattered Sea) ու «Առաջին օրենքի» աշխարհները։ Առաջինը զարգացնելու պլաններ ունե՞ք։ Հնարավո՞ր է՝ լրիվ նոր աշխարհ ստեղծեք Ձեր տիեզերքում։
Ես, իհարկե, «ոչ» չէի ասի «Փշրված ծովի» աշխարհում նոր պատմություններին և կարծում եմ՝ միշտ կվերադառնամ «Առաջին օրենքի» աշխարհը, բայց ենթադրում եմ, որ հաջորդը միանգամայն այլ աշխարհում կլինի։

Լուսանկարը՝ Bookandacuppa բլոգից

Ո՞ր դարաշրջանի պատմությունն է ձեզ առավել հետաքրքիր ու ոգեշնչող, ու եթե ժամանակի մեքենա լիներ, ո՞րը կցանկանայիք տեսնել սեփական աչքերով։
Բարդ հարց է․ այնքա՛ն շատ ժամանակաշրջաններ կան` լի հետաքրքիր իրադարձություններով։ Ինչպե՞ս կարելի է մեկն ընտրել։ Ես ոգեշնչվել եմ ամեն տեսակ իրադարձություններից և ժամանակաշրջաններից՝ մութ դարաշրջան ու Վիկինգներ, իտալական Վերածնունդ, Սրբազան Հռոմեական կայսրություն, Ամերիկայի քաղաքացիական պատերազմ, 17-րդ և 18-րդ դարերի վաղ արդյունաբերականացում։ Ենթադրում եմ, որ անտիկ Հռոմը տեսնելը պիտի որ ընտիր լիներ։ Նրանք շատ լավ ջրատար համակարգ ունեին, դա էլ առավելություն է։

Կա՞ն կոնկրետ պատմական հերոսներ, որոնք Ձեզ ոգեշնչել են այս կամ այն կերպարին պատկերելիս։ Որո՞նք են պատմության մասին Ձեր ամենասիրելի գրքերը, որոնք խորհուրդ կտաք կարդալ Ձեր վեպերը սիրող ընթերցողներին։
Հերոսներ կամ կերպարներ այդպես չեմ ստեղծում, բայց իրադարձություններ, մանրուքներ ու իրավիճակներ՝ հաստատ։ Օրինակ, Թեթև բրիգադի գրոհի (1854 թվականին Ղրիմի պատերազմի Բալակլավայի ճակատամարտում բրիտանական թեթև հեծելազորի ձախողված գրոհը ռուսական ուժերի դեմ - խմբ․) աղետի պատճառը, թեև մասամբ, բրիտանական հրամանատարական շղթայի մի քանի գեներալների և հրամանը կատարող մարդու միջև հարաբերությունները (ես կասեի՝ ուժեղ ատելությունը) և բնավորության որոշակի առանձնահատկություններն են։ Կերպաները նույնը չեն, բայց «Հերոսներում» մեկ այլ ռազմական աղետ է տեղի ունենում բնավորությունների բախման պատճառով։ Իհարկե, պատմությունը, հատկապես՝ ռազմական պատմությունն իր ազդեցությունն ունի ինձ վրա։ Շելբի Ֆութի «Ամերիկյան քաղաքացիական պատերազմի պատմությունն» այդ բնագավառում իմ ամենասիրելի գրքերից է։ Դա պատմությունն է՝ գրված կերպարներ ու դրամա տեսնելու վիպասանի վարպետությամբ։

Լուսանկարը՝ Թոնի Հիլիի թվիթերյան էջից

Ռեալ կյանքում տեսնում ենք շարժումներ խոշոր կորպորացիաների դեմ, էկոլոգիական շարժում։ «Առաջին օրենքում» տեսանք աշխարհի զարգացումը միջնադարից ինդուստրիալ հեղափոխության վաղ փուլերի շրջան։ Ու հիմա կարդում ենք հեղափոխության, հարուստներից դժգոհության մասին, ակնհայտ զուգահեռներ տեսնում լուդդիտների շարժման հետ։ Տպավորություն է ստեղծվում, որ առաջին պլան է գալիս ժողովուրդը։ Նմանությունները կստիպե՞ն Ձեր ընթերցողին ապրումակցել այդ հերոսին ավելի շատ, քան «օլիգարխներին», չինովնիկներին ու մարդասպաններին։ Ու ներկայում՝ իրական կյանքում վատ երևույթների դեմ պայքարողները, Ձեր կարծիքով, հիմնականում դրակա՞ն կերպարներ են, թե՞, Ձեր հերոսների պես, բարդ ու ոչ միանշանակ։
Հակված եմ մտածել, որ ճիշտն ու սխալը բարդ կառույցներ են, այլ ոչ թե բացարձակ երևույթներ, որ բոլորն ունեն դրդապատճառների մի բարդ կծիկ, և որ հերոսությունն ու չարագործությունը հաճախ ուղղակի տեսանկյան հարց են՝ կախված են նրանից, թե որ անկյունից ես նայում: Չեմ ուզում ասել, թե լավ ու վատ չկա, այլ որ կողմերն ու պատճառները հազվադեպ են դրանցից մեկը կամ մյուսը լինում՝ իհարկե շատ ավելի քիչ, քան հաճախ տեսնում ենք դասական Ֆենտեզիի մեջ, որտեղ երբեմն կարելի է հասկանալ, թե ով է ճիշտ հենց միայն հերոսի հագած զրահի գույնին նայելով։ Ինձ դուր է գալիս փորձել ու աշխարհը ներկայացնել յուրաքանչյուր հերոսի աչքերով, գունավորված իրենց իսկ փաստարկներով և հիմնավորումներով, ուստի թե ում է կարեկցում ընթերցողը, միայն ու միայն իր գործն է։ Բայց ես հստակ արդյունքներ կամ դասեր չէի սպասի։ Սիրում եմ աշխարհը՝ առանց նման բաների, ինչն ավելի մոտ է մեր ունեցածին։

Դուք ճանապարհորդո՞ւմ եք, դա ազդո՞ւմ է Ձեր գրածի կամ կոնկրետ սյուժեների ու կերպարների վրա։
Ինձ թվում է` սկսեցի ավելի շատ ճանապարհորդել գրող դառնալուց հետո՝ աշխարhի տարբեր անկյուններում փառատոների և միջոցառումների մասնակցելու համար: Մենք՝ գրողներս, ապրուստ ենք վաստակում սյուժեներ հորինելով: Սակայն ոչ մի բանով չես կարող փոխարինել այն բնականը, աուտենտիկը, որը ստանում ես իսկական փորձից և տեղի յուրահատուկ զգացումից: Օրինակ, Հյուսիսային Իտալիայի ամրոցների, եկեղեցիների և գյուղական վայրերի այցելությունը բավականին օգտակար էին “Լավ է սառը մատուցել” (Best Served Cold) վեպն ավարտելու համար։ Դրա իրադարձությունները զարգանում են պատերազմող քաղաք-պետություններում, որոնք մի փոքր հիշեցնում են Վերածննդի դարաշրջանի Իտալիան:

Գիտենք, որ նախկինում որպես հեռուստատեսային խմբագիր եք աշխատել, և որ այժմ հիանալի գրող եք։ Ապագյում Ձեզ որևէ այլ դերում տեսնու՞մ եք։ Հնարավո՞ր է, որ այլ ժանրերում սկսեք ստեղծագործել։
Գոյություն ունեն բազմազան գրքեր և ժանրեր, սակայն երբ հաստատվել ես կոնկրետ ժանրում, ունես սպասող ընթերցողներ և «սոված» խմբագիր, ձգտում ես մնալ դրա սահմաններում: Ֆենթեզին յուրահատուկ ժանր է այս տեսանկյունից, որ շատ լայն է և թույլ է տալիս ստեղծել ցանկացած տեսակի ստեղծագործություն` ես, ի վերջո, արդեն գրել եմ վրեժի պատմություն, պատերազմի պատմություն, վեսթերն և արդյունաբերական պատմություն մեկ ֆենթեզի աշխարհում: Կարծում եմ՝ այս պահին կենտրոնանալու եմ ֆենթեզիի վրա, թեև գրքից բացի, իհարկե, կան գրելու այլ ոճեր։

Լուսանկարը՝ Լու Աբերկրոմբիի

Ձեզ միշտ բոլորն այս հարցն են տալիս, բայց մենք էլ փորձենք․ Ձեր գրքերի էկրանավորման բանակցություններ ընթանու՞մ են։
Այո. Ավելին չեմ ասի:

Կգրեի՞ք Ձեր իսկ վեպերի վրա հիմնված սցենարներ, եթե/երբ որոշեք վաճառել գրքի իրավունքները։
Այո։ Դրա մասին էլ չեմ խոսի:

Ըստ The Guardian-ին տված հարցազրույցներից մեկի՝ «Առաջին օրենքի» առաջին փորձերն այնքան էլ հաջող չէին։ Երբ երկրորդ անգամ սկսեցիք ու քիչ թե շատ վստահ էիք հաջողության վրա, մտածու՞մ էիք, որ Ձեր գրքերը կհայտնվեն այնպիտի տեղերում, ինչպիսին Հայաստանն է։
Դե, իհարկե, երբ սկսում ես լրջորեն զբաղվել գրելով, երազում ես հաջողության մասին, սակայն երբեք անգամ չես ակնկալում դա: Ես, հիմնականում, սիրում եմ այն, ինչ անում եմ, բայց ինձ միշտ զարմացնում է, որ որևէ մեկը կարող է հետաքրքրված լինել այն անհեթեթությամբ, որը հորինել եմ գիշերվա կեսին բացառապես սեփական հաճույքի համար: Ուստի այն միտքը, որ այն թարգմանվում է այլ լեզուներով, և մարդիկ դրանից հաճույք են ստանում այնքան հեռու, շատ հաճելի է:

Երբեէ կարդացե՞լ եք Հայաստանի պատմության մասին։ Հնարավո՞ր է՝ Ձեր հայ ընթերցողները մի օր ծանոթ մոտիվներ տեսնեն Ձեր գրքերում։
Պիտի խոստովանեմ, որ այդքան էլ տեղեկացված չեմ այդ տարածաշրջանի մասին։ Գիտելիքներիս մեծ մասը Եվրոպայի մասին են: Մի կողմից, իհարկե, ափսոս, որովհետև ուզում ես հնարավորինս շատ տեղերից ոգեշնչվել, և սիրում եմ, երբ տեսնում եմ, որ ֆենթեզին, որը բավականին երկար ժամանակ լռվել էր Եվրոպայի միջնադարում, տարածվում է այլ ժամանակներով և տեղերով։ Բայց միաժամանակ մտածում եմ՝ կարևոր է ստանալ աուտենտիկությունը, որը գալիս է տվյալ տարածաշրջանի և մշակույթի մեջ խորը արմատներ ունենալու շնորհիվ։ Կա վտանգ` չափից շատ հիմնվելու ուրիշ մարդկանց պատմության վրա՝ առանց երկար-բարակ մտածելու և ուսումնասիրելու:

Սրբուհի Մարտիրոսյան, Արման Գասպարյան, Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net