29 մայիսի 2020 - 12:32 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ռուբեն Բաբայանը՝ աշխատասիրության իր «պատվաստանյութերի» մասին.
Ամենամեծ մրցանակը կայֆն է
Մարտից սկսված և դեռ անհայտ ժամանակով մեր կողքին տեղավորված կորոնավիրուսի համավարակն ու դրանից բխող սահմանափակումները մի քիչ էլ ջլատում են աշխատելու ցանկությունը․ դառնում ենք կոնտակտավոր՝ ծուլությանը, և աշխատասիրության հետ սոցիալական հեռավորություն պահում։

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը PanARMENIAN.Net-ին պատմել է սիրած գործը սիրով անելու ու աշխատասիրության իր «պատվաստանյութերի» մասին։

Բաբայանն ասում է՝ նման իրավիճակներում կարևոր է զբաղվել հանրության հոգեկան առողջությամբ, իսկ դրա լավագույն ճանապարհը մշակույթն է։ Նրա խոսքով՝ չնայած համավարակը գործունեության նոր ձևեր կթելադրի, մշակույթի իրական, հանրային պահանջը կա և կլինի։ Ժամերով կարելի է մոտիվացիոն հոլովակներ փնտրել՝ այսօրվա գործը վաղվան չթողնելու համար, բայց կարելի է ընտրել կարճ ուղին՝ կարդալ Ռուբեն Բաբայանի մտքերը՝ աշխատանքի, դրա հանդեպ սիրո ու կյանքի գործը գտնելու մասին։

Կայֆը՝ հանապազօրյա

Եթե կա «Օսկար», կինոգործիչները, իհարկե, պետք է ուզեն ստանալ այն։ Դա նորմալ է։ Բայց յուրաքանչյուր արվեստագետի համար ամենամեծ մրցանակն այն կայֆն է, որ ստանում է կատարված աշխատանքից։ Երբ աշխատանքը ոչ թե տանջանք է (այն կարող է պրոցեսի մեջ տանջանք էլ լինել), այլ արդյունքը քեզ մեծագույն հաճույք է պատճառում, զուտ՝ ներքին։ Չկա ավելի մեծ մրցանակ, քան երբ քեզ հաջողվում է գոնե մի մասով հասնել նրան, հանուն ինչի սկսեցիր զբաղվել այս մասնագիտությամբ։ Սրա հետ ոչ մի բան չի կարող համեմատվել։

Երբեք չեմ աշխատել՝ հանուն աշխատանքի, աշխատել եմ, որ հաճույք ստանամ։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ ստիպած անում եմ թղթագրություն․ դե՝ թատրոնի տնօրեն եմ։ Բայց երբ օրս անցնում է, ճիշտն ասած, չեմ հոգնում, իսկ եթե չես հոգնում, երևի չես էլ աշխատում (ծիծաղում է․ - խմբ․)։ Հետո հասկանում եմ, որ, կոպիտ ասած, իմ կայֆի համար անցկացրել եմ ամբողջ օրը, ամբողջ դասը, մեկ էլ արդյունքում ինչ-որ բան ստացվում է։ Այնպես որ իմ պարագայում հաճույքն ու աշխատանքն իրարից չեմ առանձնացնում, ավելի շատ հաճույքի մասին եմ մտածում, քան աշխատանքի. վերջինս գալիս է լրացնելու՝ լիակատար հաճույքի համար ինչ-որ բան պետք է անել։

Քաջ Նազարից մինչև համամարդկային բախտ

Հարցնում եք՝ ի՞նչ կլիներ, եթե Քաջ Նազարն աշխատասեր լիներ: Նա Քաջ Նազարը չէր լինի։ Նազարից վնաս չկար, երբ պարզապես ալարկոտ ու գլուխգովան մարդ էր, ամենաշատը՝ կինը դժգոհեր։ Բայց յուրաքանչյուր մարդ, երբ փոխում է իր կարգավիճակն ու տեղը և չի համապատասխանում դրան, շատ մեծ խնդիրներ են սկսվում։ Նազարինը սկսվում են, երբ նրան թագավոր են դարձնում։ Նա մատը մատին չխփեց դրա համար, այնպես որ, դա էլ մեծ նշանակություն ունի կյանքում:

Թադևոս Սարյանը, ով փայլուն դերասան էր՝ արտակարգ ինտելեկտով, տաղանդով, Հրաչյա Ներսիսյանի մասին ասում էր՝ «Հրաչյան որ եկավ նավով Հայաստան, իր հետ բերեց մի նավ բախտ, որ ես չունեի»։

Բախտը, ընդհանրապես, կարևոր բան է: Երևի այն յուրաքանչյուր մարդու մի պահ տրվում է, պետք է կարողանալ ճիշտ ժամանակին հասկանալ։ Հիշո՞ւմ եք՝ Թումանյանի «Անխելք մարդու» պատմությունը, երբ մարդը գնում է բախտի հետևից, իսկ հետո վերադառնում, անցնում բախտի կողքով։ Այդ ներկայացումը 14 երկրում ենք ցուցադրել և, գիտեք՝ մեզ ամեն տեղ ասում էին՝ այս պատմությունը մեր մասին է։ Այդպես հասկացա, որ բախտի կողքով անցնելն ու այն չնկատելը բնորոշ է բոլոր մարդկանց՝ անկախ ազգությունից։

Մրցել աշխարհի հետ, չսահամնափակել հորիզոնը ու մտածել ազատ

Բախտը՝ մի կողմ, իսկապես հաջողելու համար առաջին հերթին ազատ մտածողություն է պետք։ Հաջողության հասնում է նա, ով կարող է իր ոլորտում ինչ-որ բան արարել։ Դրա համար պետք է միշտ ինչ-որ բան մտածել, նայել առաջ, պետք է միշտ զգալ ժամանակի զարկերակը։

Հնարավոր չէ նստել ու սպասել, թե երբ բախտը քեզ կժպտա, ինքդ պետք է այն բռնես՝ քո աշխատասիրությամբ, տաղանդով, հորիզոնով։ Երբևէ չի կարելի սահմանափակել սեփական հորիզոնը։

Մրցակցության մեջ պետք է մտնել ոչ թե հարևանի, այլ աշխարհի հետ։ Քո մեջ պիտի լավագույնը լինելու խնդիր դնես։ Համենայն դեպս, մենք առաջին հերթին ուսանողների հետ փոխում ենք մեր աշխարհայացքը՝ փորձելով այն դարձնել ավելի լայն, բաց։

Ընդունիր ամենալավ բաները, որ կատարվում են աշխարհում, բարդույթներով մի տառապիր։ Պետք չէ վախենալ, պետք է բաց դեմքով դուրս գալ։ Ու երբեք չթշնամանալ, չփնտրել դժբախտությունների, անհաջողությունների պատճառն ուրիշների մեջ. միայն դու ես մեղավոր։

Նման սկզբունքի դեպքում շատ բաների կարելի է հասնել, որովհետև սկսում ես աշխատել քեզ վրա, ինքնակատարելագործվել։ Արտաքին պայմաններն ու պատճառները շատ են անհաջողակ լինելու, բայց հաջողության մի պատճառ կա՝ քո ցանկությունը։ Մնացածն արդեն մեխանիզմներ են՝ ինչպես ես դրան հասնելու։ Այստեղ, իհարկե, առաջին տեղում է նաև աշխատասիրությունը։

Գտնել կյանքի ձևը

Եթե իմ առջև կանգնած լինեին ամենաաշխատասեր և ծույլ ուսանողները, յուրաքանչյուրին խորհուրդ կտայի մյուսից ինչ-որ բան սովորել։ Գիտեք՝ ծույլ մարդիկ հաճախ նաև մտածող մարդիկ են, մի քիչ փիլիսոփայող են և, իրականում, պետք են մարդիկ, որոնք մի պահ կարողնում են կանգ առնել, մտածել, ծուլությունը հաճախ ապրելու ձև է, կյանքի ուրիշ ռիթմ։ Յուրաքանչյուր ծույլ մարդ, դեռ չի գտել իր կյանքի հետաքրքիր կողմերը, որովհետև երբ գտնում ես դրանք, սկսում ես միանգամից ինչ-որ բան անել։ Իմ, որպես ուսուցչի, ամենակարորևոր գործն ուսանողին օգնելն է գտնել իրեն հետաքրորղ կյանքի ձևը։

Ինքս բացարձակ չէի մտածում՝ ինչով եմ զբաղվելու, երբ դիմեցի ու ընդունվեցի բանասիրական ֆակուլտետ։ Պարզապես սիրում էի գրականություն, եկել էր տարիքը, ավարտել էի դպրոցն ու ինչ-որ տեղ պետք է ընդունվեի։ Երբ բանակից հետո թատրոն ընդունվեցի, չէի մտածում ապրել թատրոնով, բայց կամաց-կամաց կապվեցի դրան։

Անկեղծ ասած՝ ինձ շատ նեղ մասնագետ չեմ համարում։ Սա մի ձև է արտահայտվելու, ասելու քեզ հուզողը՝ թատերական լեզվով։ Կարծում եմ՝ որպես մասնագետ կաղում եմ, որովհետև ամեն ինչ չէ, որ կարող եմ բեմադրել, ցանկություն ունեմ բեմադրելու, բայց միշտ չէ, որ ուզում եմ անել դա: Սրան էլ է պետք ինչ-որ ժամանակ, առիթ, պահանջ։ Ապրում եմ իմ հաճույքի համար, բայց էս անգամ՝ թատրոնով։

Տիկնիկային թատրոնը համավարակի ընթացքում գործել է առցանց։ Հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության օրը, թատրոնի դերասանները պատշգամբից ներկայացում կխաղան դրսում հավաքված հանդիսատեսի համար։ Թատրոնը շարունակում է բեմադրություններ անել ու ներկայացումներ պատրաստել․ հնարավոր է՝ առաջիկայում քննարկվի նաև ներկայացումներ խաղալու հարցը՝ կախված համավարակի ընթացքից, համաճարակային իրավիճակից։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net