22 փետրվարի 2010 - 13:04 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Էդվարդ Օրեմյան, Վարդան Գեւորգյան.
2010 թ. հիփոթեքային շուկայի կտրուկ աճ չի սպասվում
2009 թ. Հայաստանի տնտեսության համար դժվարին տարի էր` ի հայտ եկան խոցելի կողմերը: Հիփոթեքային շուկային ճգնաժամի հասցրած հարվածը որոշ չափով թուլացնելու համար ՀՀ կառավարությունն ու ԿԲ-ն հանդես եկան մի շարք նախաձեռնություններով: Հիփոթեքային շուկայի վրա դրանց արդյունքների եւ միտումների, օրենսդրական դաշտում բարեփոխումների հիմնախնդիրների եւ «հիփոթեքային իրողությունների մասին» քաղաքացիների տեղեկացվածությունը բարձրացնելու, ինչպես նաեւ 2010 թ. Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ընկերակցության ծրագրերի մասին PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցի ընթացքում պատմեցին այդ ընկերակցության գործադիր տնօրեն Էդուարդ Օրեմյանը եւ Հայաստանում միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից իրականացվող «Հայաստանի բանկային համակարգի զարգացումը» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Վարդան Գեւորգյանը:

Ինչպիսի՞ն էր 2009 թ. Հայաստանի հիփոթեքային շուկայի համար:
-Էդվարդ Օրեմյան- 2009 թ. կարելի է անվանել հետճգնաժամային-ելընթացի տարի: Անցյալ տարի մեկնարկել էր «Ազգային հիփոթեքային ընկերության» ծրագիրը, որի շնորհիվ շուկան աշխուժացավ: Ենթադրվում էր, որ շուկայի աշխուժացում կնկատվի 2010 թ.-ի կեսերին, սակայն 2009 թ.-ի վերջերին վարկային ծավալները գերազանցեցին մեր սպասումները: Այդ ընթացքում պետական երկրորդ ` «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին` բնակարան ձեռք բերելու համար» ծրագիրը նախաձեռնվեց ճիշտ ժամանակին եւ տեղին, այդ ծրագրի աշխատանքային երկրորդ եռամսյակից սկսած սպասվում է, որ շուկան ավելի կաշխուժանա: Այսօր մեր հիփոթեքային շուկայում դրա երեք արգասիքն է գործում` Գերմանական զարգացման բանկի KfW, «Ազգային հիփոթեքային ընկերության» ծրագրերը եւ «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին` բնակարան ձեռք բերելու համար» ծրագիրը: Կառավարության այս ծրագրերի շնորհիվ կանգնեցվեց գների նվազումը եւ աշխուժացավ շուկան:

-Իրականացվող ծրագրերի շրջանակներում որքա՞ն կբարձրանա հիփոթեքային շուկայի ծավալը: 2010 թ.-ին ինչպե՞ս են փոխվելու հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները
Էդուարդ Օրեմյան- Այսօր շինարարական աշխատանքներն ընթանում են մեծ թափով: Այն բոլոր ընկերությունները, որոնք մինչեւ ճգնաժամը զբաղվում էին շինարարությամբ, այսօր էլ շարունակում են կառուցել` աճ գրանցելով ոչ թե բնակարանների գների, այլ շինարարության ծավալների մեջ: Ինչ վերաբերում է տոկոսադրույքներին, ապա` վերջին ժամանակներում դրանք շուկայում կարգավորվում են պահանջարկի եւ առաջարկի միջոցով: Եթե 2009 թ. բանկերն առաջարկում էին 16-20% սեփական ռեսուրսներից` հիփոթեքային վարկավորման համար, ապա բնականաբար, վերը նշված ծրագրերի ի հայտ գալով այդ վարկերի պահանջարկն անկում է ապրում, եւ մրցակցային դիրքերը չկորցնելու համար բանկերը իջեցնում են իրենց տոկոսադրույքները:

Զարգացման ի՞նչ միտումներ են սպասվում հիփոթեքային շուկայում 2010 թ.-ին:
Էդուարդ Օրեմյան- Անցյալ տարի IFCվերլուծել է հիփոթեքային շուկան, եւ մեր համագործակցությունն այս ասպարեզում մեզ օգնեց, քանի որ փորձագետները հանդիպել են հիփոթեքային շուկայի շատ մասնակիցների` բանկերի, կառուցապատողների, ապահովագրական ընկերությունների հետ, եւ այդ հանդիպումների արդյունքում մեծ աշխատանք է կատարվել:

Վարդան Գեւորգյան- «ՀՀ բանկային համակարգի զարգացման» շրջանակներում IFC-ը Հայաստանի կենտրոնական բանկի հետ 2009 թ. ՀՀ ԿԲ հայտի հիման վրա մենք հիփոթեքային բանկի հետազոտություն կատարեցինք: Մեր կանխատեսումների համաձայն, 2010 թ.-ին հիփոթեքային շուկայի մեծ աճ չի սպասվում: Այս համատեքստում կարեւոր է մեկ տեսակետ առանձնացնել` հիփոթեքային վարկերի ծավալի ավելացումը, որոնք վերաֆինանսավորվելու են «Ազգային հիփոթեքային ընկերակցության» միջոցով: Այսինքն` եթե շուկան բաժանենք երկու մեծ մասի` «Ազգային հիփոթեքային ընկերակցության» միջոցով հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորումն ու հիփոթեքային վարկերի տրամադրում այլ բանկերի հաշվին, ապա «Ազգային հիփոթեքային ընկերակցության» վերաֆինանսավորած հիփոթեքային վարկերի չափաբաժինը վարկերի ընդհանուր ծավալի մեջ կաճի: Սակայն եթե հիփոթեքային շուկան դիտարկենք ամբողջությամբ 2009 թ. համեմատ, ապա, մեր կանխատեսումներով, մեծ աճ հիփոթեքային շուկայում 2010 թ.-ին չի լինի:

Ի՞նչ լուծումներ է առաջարկել IFC-ը հիփոթեքային շուկայում գործընթացների կարգավորման համար օրենսդրական դաշտը բարելավելու ուղղությամբ:
Վարդան Գեւորգյան- ՀՀ ԿԲ-ի հետ համատեղ մենք կուսումնասիրենք եւ կվերլուծենք առաջնային եւ երկրորդային հիփոթեքային շուկաների օրենսդրական դաշտը, որի արդյունքում ի հայտ կգան որոշակի հիմնախնդիրներ, որոնք հատուկ են Հայաստանի օրենսդրությանը: Երբ պատրաստ լինի առաջացած հիմնախնդիրներն ու վերլուծությունը, IFC-ը` հիմնվելով միջազգային փորձի վրա, երաշխավորագիր կներկայացնի այդ հիմնախնդիրները լուծելու համար:

Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի մարդկանց շահագրգռեն հետճգնաժամային ժամանակաշրջանում բնակարան ձեռք բերել:
Վարդան Գեւորգյան- Իմ կարծիքով, առաջին հերթին` մեծ աշխատանք պետք է տարվի բնակչության իրազեկման գործում: Կարեւոր է, որ մեր բնակչությունը ավելի մոտ լինի այն բարեփոխումներին ու տնտեսական հիմնախնդիրների լուծումներին, որոնք առաջարկում են իշխանությունները, մասնավորապես` ՀՀ կառավարությունն ու ՀՀ ԿԲ-ն: Այսինքն` անհրաժեշտ է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը, որպեսզի երկրի բնակչությունն իմանա, թե ինչ է կատարվում իր երկրում: Եթե մենք ճիշտ ներկայացնենք տեղեկատվությունը, ապա` իմ կարծիքով, ժողովրդի վստահությունը երկրի պետական այրերի, միջազգային կազմակերպությունների եւ բանկային սեկտորի հանդեպ բավականին կբարձրանա: Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ընկերակցության համագործակցության շրջանակներում IFC-ը մի շարք սեմինարներ է անցկացրել, որոնք բաց էին բոլոր ֆինանսական կազմակերպությունների համար` բանկերի, վարկային եւ ապահովագրական կազմակերպությունների, ինչպես նաեւ շինարարական ընկերությունների եւ անշարժ գույքի գնահատման գործակալությունների համար:

Հայաստանի հիփոթեքային շուկայի զարգացման աջակցության ծրագրի իրականացման այս փուլում, մենք մեծ նշանակություն ենք տալիս հայրենական հիփոթեքային վարկավորման զարգացման սկզբունքներին: Եթե մենք վերլուծենք միջազգային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պատճառները, ապա կարող ենք նշել, որ պատճառներից մեկն այն է, որ հիփոթեքային վարկ վերցնող հաճախորդները, կոպիտ ասած, չեն գիտակցել թե ինչի մեջ են «խճճվել»: Այդ պատճառով IFC-ն ու ընկերակցությունը ստեղծել են համատեղ աշխատություն, որն անվանել են «Հիփոթեքային վարկեր. 20 հարց ու պատասխան», որում փորձել են «ժողովրդի լեզվով» առավել մանրամասնորեն ներկայացնել, թե ինչ է հիփոթեքային վարկը, նաեւ վարկի վերաբերյալ բոլոր հարցերը` միավորելով եղած ամբողջ պրակտիկան: Լուսաբանված հարցերի ընտրությունն իրականացվել է բանկերի հետ համատեղ վերլուծության հիման վրա, որի արդյունքում մենք պարզեցինք, թե ինչ հարցեր են առավել հաճախ տալիս հաճախորդները, ինչն է նրանց առաջին հերթին հետաքրքրում եւ, հիմնվելով այդ վերլուծության վրա` այդ հարցերին պատասխանել ենք:

Ի՞նչ հարց է ամենից շատ հետաքրքրում մեր քաղաքացիներին:
Վարդան Գեւորգյան-Հատկանշական հարցերից մեկն այն է, որ մեր բնակչության մեջ տարածված կարծիք կա, թե ինչքան երկար է վարկը մարելու ժամանակահատվածը, այնքան լավ է: Ձեռնարկի մեջ այդ հարցի պատասխանը տրված է. որոշակի սահմանագիծ կամ ժամանակահատված գոյություն ունի, որից ավելի երկար ժամանակով իմաստ չունի հիփոթեքային վարկ վերցնել: Իմ պրակտիկայում նաեւ շատ է հանդիպել վարկերի պարբերաբար վճարումները հաշվելու խնդիրը: Այս ձեռնարկի մեջ հստակ ներկայացված է վարկի վճարումները հաշվելու համակարգը` մարման տարբեր սակագներով: Բացի դրանից, ձեռնարկում ներկայացված են նաեւ այն հիմունքներն ու տարրերը, որոնք հաշվի է առնում բանկը վարկ տրամադրելիս եւ հաճախորդի վարկը մարելու համար վճարունակությունը գնահատելիս:

Ի՞նչ ծրագրեր ունեն ընկերակցությունն ու IFC-ը 2010 թ.:
Վարդան Գեւորգյան- Հիփոթեքային շուկայի զարգացման հարցում մենք շարունակելու ենք աշխատել ՀՀ ԿԲ-ի հետ` օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Մենք առաջարկելու ենք ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային հիփոթեքային շուկաների օրենսդրության բարեփոխումների կոնկրետ լուծումներ, թե ինչ ուղիներ են անհրաժեշտ, որպեսզի մեր հիփոթեքային շուկան հեռանկարային զարգացում ունենա: Ինչ վերաբերում է հիփոթեքային փոխառուներին (սպառողներին), ապա մենք արդեն ուսումնասիրում ենք այդ դաշտը, թե ինչ բացթողումներ կան` միջազգային փորձի հետ համեմատելիս: Մեր առաջարկների հիման վրա եւ ՀՀ ԿԲ-ի կողմից դրանց վավերացումից հետո կփորձենք փոփոխություններ իրականացնել այս բնագավառում:

Էդուարդ Օրեմյան- Մեր ընկերակցությունը առանձնահատուկ կազմակերպություն է, որում ներկայացված են հիփոթեքային բնագավառի բոլոր ճյուղերը` բանկեր, վարկային կազմակերպություններ, ռիէլտորներ, շինարարական եւ ապահովագրական ընկերություններ: 2010 թ. ընկերակցության գործունեության ակտիվացման նպատակով անդամները հաստատել են Խորհրդատվական կենտրոնի ստեղծման որոշումը: Այդ կենտրոնը պետք է բնակչության հետ աշխատի` հիփոթեքային շուկայի հետ կապված հարցերը եւ հիմնախնդիրները գործնականորեն բացատրելու գծով մասնագիտացած համապատասխան մասնագետների միջոցով: Ստեղծվելու է նաեւ տեղեկատվական բազա, որը քաղաքացուն հնարավորություն կտա «մեկ պատուհանի» սկզբունքով խորհրդատվական կենտրոնում ոչ միայն ստանալ պատասխան վարկերի վերաբերյալ, այլեւ տեղեկատվություն` անշարժ գույքի շուկայի, դրա մեխանիզմների, ինչպես նաեւ շուկայում գործող ընկերությունների եւ նրանց առաջարկած ապրանքների վերաբերյալ:

Մեր ընկերակցությունը ծրագրում է նաեւ Խորհրդատվական կենտրոնի շրջանակներում անցկացնել մի քանի բաց սեմինարներ` բանկային եւ IFC մասնագետների մասնակցությամբ: Միջազգային պրակտիկայում նմանատիպ կենտրոնները շատ են ընդունված եւ ակտիվորեն աշխատում են հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու ուղղությամբ:

Մեզ մոտ դա նորամուծություն է եւ այդ կենտրոնի ստեղծման նպատակներից մեկը ոչ միայն խորհրդատվական ծառայություններ տրամադրելն է եւ հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելը, այլեւ շուկայում տեղ գտած հիմնախնդիրների հավաքագրումը: Այսպիսով, ընկերակցությունը նպատակ ունի որպես միջնորդ հանդես գալու բնակչության եւ հիփոթեքային շուկայի մասնակից կազմակերպությունների միջեւ:

Վարդան Գեւորգյան- Մեր տեսանկյունից ընկերակցությունը դիտարկում ենք որպես միջնորդ ֆինանսական կազմակերպությունների, IFC-ի, ՀՀ ԿԲ միջեւ, այսինքն` ընկերակցությունը կդառնա այն հարթակը, որտեղ կհավաքենք հիփոթեքային շուկայի հետ կապված այն բոլոր հիմնախնդիրները, որոնք առկա են մեր բանկային համակարգում:

Հարցազրույցը վարեց Վիկտորիա Արարատյանը

Վիկտորիա Արարատյան