14 ապրիլի 2010 - 15:49 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հայկո Լանգներ.
“Գերմանացի դպրոցականները պետք է իմանան Գերմանիայի պատմության մութ էջերի` Հայոց ցեղասպանության իրականացմանը մասնակից լինելու մասին”
Վերջերս Գերմանիայի Բունդեսթագի անդամ Կատրին Վեռները Գերմանիայի պետնախարարին բաց նամակ է ուղարկել, որով իր անհամաձայնությունն է հայտնել Գերմանիայի կառավարության դիրքորոշմանը, ըստ որի գիտնականները պետք է ուսումնասիրեն Հայոց ցեղասպանության հարցը: Նամակում նա ընդգծել է նաև, որ Բեռլինը պաշտոնապես պետք է ճանաչի և’ Հայոց ցեղասպանությունը, և’ Գերմանիայի պատասխանատվությունն այդ հարցում:

Կատրին Վեռների գրասենյակի գիտական աշխատող, քաղաքագետ Հայկո Լանգները PanARMENIAN.Net –ի հետ զրուցելիս կարծիք հայտնեց այն մասին, թե ինչ հավանականություն կա, որ Գերմանիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, նաև այն մասին, թե Ցեղասպանության ճանաչման գործընթացը կարո՞ղ է, արդյոք, խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Բունդեսթագի որևէ քաղաքական խմբակցություն արդյոք մտադի՞ր է մոտ ժամանակներում խորհրդարանին ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև:

(i) Բունդեսթագը դեռևս 2005 թ. միաձայն հայտարարություն էր ընդունել, որով ափսոսանք էր հայտնում “հայերի ոչնչացման և կազմակերպված արտաքսման մասին”: Դրանով հանդերձ, Բունդեսթագը դիվանագիտական նկատառումներից ելնելով, խուսափել է տեղի ունեցածն անվանել ցեղասպանություն: Իսկ “DIE LINKE” խմբակցության վերջին գրավոր հարցապնդմանն ի պատասխան դաշնային կառավարությունը նույնիսկ հայտարարել է, որ միայն պատմաբանների հանձնաժողովը պետք է ստանձնի պատմական իրադարձությունները կարգավորելու առաքելությունը, իսկ այդ հարցն, առաջին հերթին, վերաբերում է Հայաստանին ու Թուրքիային: Դրանով հանդերձ Գերմանիայի կառավարությունը, փաստորեն, պաշտպանում է Թուրքիայի կառավարության տեսակետը` միանգամայն արժեզրկելով 2005 թ. հայտարարությունը: Այդպիսով, Գերմանիայի կառավարությունը Ցեղասպանության պաշտոնապես ճանաչման հարցից հեռացել է առավել, քան երբևէ:

Ձեր կարծիքով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կարո՞ղ է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

(i) Թուրքիան հանուն իր ժողովրդավարության զարգացման, վաղուց պետք է քննադատաբար վերլուծեր սեփական պատմությունը: Թուրքիայի քաղաքացիական հասարակության մեծամասնությունը կողմնակից է պատմական այդ իրադարձությունների վերանայմանը: Հայոց ցեղասպանության թեման, անկասկած, առանձնահատուկ է Թուրքիայի Ազգային ժողովի համար: Քանի դեռ Թուրքիայի Ազգային ժողովում բաց բանավեճեր, քննարկումներ չեն անցկացվում այդ թեմայի շուրջ, և քրեաիրավական տրամադրվածությունները սահմանափակվում են, ինչպես նաև սահմանափակվում է խոսքի ազատությունը, զարմանալի չէ, որ երրորդ երկրները վարում են պատմական իրադարձությունների համեմատաբար անկախ մեկնաբանությունների ծայրահեղ քաղաքականացված բանավեճեր: Քանի դեռ Թուրքիան պատմության վերաբերյալ բաց բանավեճեր չի վարում, այլ ուզում է միայն արդարացնել իր դիրքորոշումը, նա պետք է հաշտվի այն մտքի հետ, որ հայկական սփյուռքն այդ հարցը բարձրացնելու է տարբեր երկրների խորհրդարաններում: Հարց է ծագում` ինչո՞ւ այլ երկրները չպետք է ճանաչեն Ցեղասպանությունը, այլ պետք է սպասեն, թե Թուրքիան երբ պետք է բարեհաճի քննադատաբար վերլուծել սեփական պատմությունը: Ուրիշ երկրների խորհրդարանների որոշումներն ընդամենը վավերացնում են պատմական փաստերը, և հենց այդ պատճառով էլ այդ փաստերն ընդունում է մեծամասնությունը:

Գերմանիան ինչպե՞ս կարող է նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

(i) Գերմանիան` որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակից, հատուկ պատասխանատվություն է կրում ցեղասպանության պարզաբանման հարցում: Կայզերական Գերմանիան հիանալիորեն տեղեկացված էր Հայոց ցեղասպանության մասին: Գերմանիայի զինված ուժերը որոշ մասնակցություն են ունեցել Ցեղասպանությունն իրագործելիս: Օսմանյան կայսրության գերմանական ֆիրմաները շահագործել են հազարավոր հայ վարձու աշխատողների, այնուհետև նրանց ուղարկել են դեպի բացահայտ մահ: Բացի այդ, Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան ապաստան էր տվել այն մարդկանց, ովքեր իրագործել էին Ցեղասպանությունը: Գերմանիան մասնակից է եղել այդ չարագործությանը և Գերմանիայի այսօրվա կառավարությունը վերջապես պետք է խոստովանի իր մասնակցությունը, ինչն էլ կնշանակի Ցեղասպանության պաշտոնական ճանաչում: Գերմանիայի կառավարությունը պետք է հոգա, որ Ցեղասպանության մասին պատմության դասաժամերին խոսվի: Կարևոր է, որպեսզի դպրոցականներն իմանան Գերմանիայի պատմության այդ մութ էջերի մասին:

Անուշ Պետրոսյան / PanARMENIAN News