5 սեպտեմբերի 2012 - 12:52 AMT
Հայաստանն իր մրցունակությամբ 82-րդն է աշխարհի 144 երկրների շարքում

«Համաշխարհային մրցունակության զեկույց 2012/13»-ի համաձայն, Հայաստանը բարելավել է իր դիրքերը 10 կետով` աշխարհի 144 երկրների շարքում զբաղեցնելով 82-րդ տեղը: 2011-2012թթ. զեկույցում Հայաստանն աշխարհի 142 երկրների շարքում 92-րդն էր: Այդ մասին սեպտեմբերի 5-ին Երևանում հաղորդել է «Տնտեություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի, որը Մրցունակության համաշխարհային կենտրոնի գործընկեր է, խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը:

2012/13 զեկույցի արդյունքներով Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են Սինգապուրը, Ֆինլանդիան, Շվեդիան և Նիդերլանդները:

Զեկույցի համաձայն, ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը զիջում է դիրքերը Վրաստանին (77-րդ տեղ), Ուկրաինային (73), Ռուսաստանին (67), Ղազախստանին (51) և Ադրբեջանին (46):

Ներկայացնելով զեկույցը` Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ տեղի է ունեցել Հայաստանի դիրքերի բարելավում այնպիսի հիմնական ցուցանիշներով, ինչպիսիք են ապրանքային շուկաների արդյունավետությունը` 72 (+36), մակրոտնտեսական միջավայրը` 83 (+31), ֆինանսական շուկայի զարգացման մակարդակը` 78 (+17), ձեռնարկատիրության կատարելագործումը` 92 (+15), ինչպես նաև առողջապահությունը և տարրական կրթությունը` 80 (+14): Միաժամանակ դիրքերը վատացել են այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ենթակառուցվածքները` 80 (-3) և տեխնոլոգիական պատրաստվածությունը` 92 (-4):

Հայաստանի տնտեսության թերությունների շարքում փորձագետն առանձնացրել է մրցակցային դաշտի, բիզնես կրթության որակի, մաքսային բեռի, շուկայի չափի, բուհ-արդյունաբերություն կապի, գիտահետազոտական հաստատությունների որակի հետ կապված հարցերը: Ինչ վերաբերում է դրական կողմերին, ապա այստեղ Սևակ Հովհաննիսյանն ուշադրություն է դարձրել աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու գործելակերպին, բիզնեսի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված պետական ծառայություններին և այլն: