11 հոկտեմբերի 2012 - 13:03 AMT
Իտալիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականի ավագի թևկապը կկրի Ռոման Բերեզովսկին

Իտալիայի հավաքականի խաղից առաջ Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ թիմի տրամադրությունը բարձր է ու սա մեծ տոն է բոլոր ֆուտբոլասերների համար:

«Մենք կորուստներ ունենք, բայց մնացած տղաները լավ պատրաստված են: Արթուր Սարկիսովի վնասվածքը լուրջ չէր ու հիմա լավ է զգում իրեն»,- նշեց Մինասյանը:

Մասնագետը խոստովանեց, որ միշտ հետևել է Իտալիայի խաղերին, սակայն էլ ավելի մեծ ուշադրություն է դարձրել, երբ վերջինս նույն խմբում է ընդգրկվել Հայաստանի հետ:

«Իտալիան տակտիկապես լավ ֆուտբոլ է ցույց տալիս: Սակայն այսօրվա հավաքականը տարբերվում է, ու կարծում եմ, որ Պրանդելլին տակտիկապես գրագետ մարզիչներից մեկն է, որը տարբեր սխեմաներով է խաղում»,- ավելացրեց Մինասյանը:

Նա ընդգծեց, որ չնայած իտալական թիմը գրեթե թույլ կողմ չունի, բայց իրենք կփորձեն օգտագործել բացթողումները. «Իտալիան ավելի պաշտպանողական թիմ է, սակայն վերջին ժամանակներում սկսել է հարձակողական ֆուտբոլ ցուցադրել»:

Հայաստան-Իտալիա աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Խաղի սկիզբը ժամը 21:00 է: