15 դեկտեմբերի 2012 - 14:52 AMT
Գևորգ Գևորգյան. Այս անգամ «Հայակն» ավելի լավ կկազմակերպվի

Հայկական կինոպատմության մեջ արդեն իրողություն դարձած «Հայակ» ազգային կինոյի 2-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013 թ. ապրիլի 13-ին`Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նա տեղեկացրեց, որ տեղեկությունը նախնական է և փոփոխություններ դեռ հնարավոր են:

Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը, որին արդեն միացել է նաև Հայկական ազգային կինոակադեմիան, հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է:

«Այն միտված է խթանելու և զարգացնելու ազգային կինոարտադրությունը, նոր անունների բացահայտումը, հայ հանդիսատեսի վերադարձը կինոթատրոններ, երկրի կինոգործիչներին համախմբումը, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակությունը, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթների պահպանումը: Այս ամգամ մրցանակաբաշխությունն ավելի լավ կկազմակերպվի ու կանցկացվի», - ասաց Գևորգ Գևորգյանը: 2013 թ. «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2011թ. արտադրված այն ֆիլմերը, որոնք չեն ներկայացվել նախորդ մրցույթին, և 2012թ. արտադրված բոլոր ֆիլմերը` առանց ժանրային սահմանափակումների: Հիշեցնենք, որ 2012թ. առաջին մրցանակաբաշխությանը մասնակցել են անկախության ժամանակահատվածում (20 տարվա արտադրանքը) ստեղծված ֆիլմերը` 1991-2011թթ:

«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության կազմակերպիչները որոշակի փոփոխություններ են կատարել, ինչպես ժամանակացույցում (միջոցառման անցկացման և հայտերի ընդունման), այնպես էլ անվանակրգերում: 2013 թ. կինոմրցույթը կունենա 15 անվանակարգ` 12-ի փոխարեն. լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարի հեղինակ, լավագույն նկարիչ, լավագույն կոմպոզիտոր, լավագույն դերասանուհի, լավագույն դերասան, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ, կավելանան երկրորդական դերի լավագույն դերասան, երկրորդական դերի լավագույն դերասանուհի, լավագույն արտասահմանյան ֆիլմ (սփյուռքահայ ռեժիսորի կողմից նկարահանված կամ հայկական թեմայով օտարազգի ռեժիսորի աշխատանք): Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում կարող են ներկայացվել միայն 2012 թ. արտերկրում արտադրված ֆիլմերը: Բացի հիմնական անվանակարգերից, կշնորհվեն նաև հատուկ մրցանակներ` հայկական կինոյի զարգացման գործում ունեցած վաստակի համար:

Ժյուրիի կազմը բաղկացած կլինի 11-13 անդամից` ներառյալ նախագահը: Նախագահը կլինի Ազգային կինոակադեմիայի ղեկավար Դավիթ Մուրադյանը: Յուրաքանչյուր անվանակարգին վերաբերող որոշումը կընդունվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվերակությունը գաղտնի է:

Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը կսկսվի 2012 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2013 թ. փետրվարի 15-ը ներառյալ, որից հետո ժյուրին փետրվարի 16-ից մինչև մարտի 18-ը կկազմակերպի ներկայցված ֆիլմերի նախնական դիտում և կընտրի հավակնորդ ֆիլմերը: Այնուհետև, մարտի 19-ից մինչև ապրիլի 11-ը մրցութային հանձնաժողովը կկազմակերպի ընտրված ֆիլմերի վերադիտում` «Նաիրի» կինոթատրոնում: Ապրիլի 12-ին մրցութային հանձնաժողովը կհրավիրի նիստ, որի ընթացքում էլ հայտնի կդառնան 2013 թ. «Հայակի» հաղթողները, իսկ հաջորդ օրը` ապրիլի 13-ին տեղի կունենա մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն: