21 դեկտեմբերի 2012 - 14:48 AMT
Լիդիա Լոուսոն. Հայաստանում ԸՕ գործնական կիրառման խնդիր կա

Հայաստանի ընտրական օրենսդրական բազան հիմնականում համապատասխանում է միջազգային ժողովրդավարական չափանիշներին: Այս մասին ասվում է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) միջազգային դիտորդական պաշտոնական առաքելության եզրակացության մեջ:

Ըստ կենտրոնի փորձագետների՝ ընտրական օրենսգիրքը, չնայած որոշ դիտողությունների, լիարժեք նկարագրում է ընտրական բոլոր գործընթացները և թույլ է տալիս անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Ըստ կենտրոնի ամերիկացի փորձագետ Լիդիա Լոուսոնի՝ Հայաստանում, ինչպես հետխորհրդային մյուս երկրներում, կա ԸՕ-ի՝ գործնականում կիրառման խնդիր: «Դա կարող է վատ անդրադառնալ ընտրությունների ընթացքի վրա և բացթողումների պատճառ դառնալ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փորձագետը: Նա ընդգծեց, որ օրենսգրքի դրույթներին խստորեն հետևելը կարող է ապահովել ընտրությունների թափանցիկությունը:

Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի ղեկավար, Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերն իր հերթին նկատեց, որ ընտրական գործընթացների բոլոր մասնակիցները դեռ նախընտրական շրջանում պետք է թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամություն հայտնեն ու արդար ընտրություններ անցկացնելու դեպքում ճանաչեն արդյունքները: