21 դեկտեմբերի 2012 - 16:40 AMT
Պատրիկ Մունիե-Լոմպրեն. TWINNING և ТAIEX ծրագրերն ուղղված են ԵՄ հետ Հայաստանի օրենսդրության մոտարկմանը

TWINNING և ТAIEX գործիքները նպաստում են ՀՀ և ԵՄ անդամ-երկրների հանրային կառավարման մարմինների անմիջական համագործակցությանը և օժանդակում ՀՀ օրենսդրության մոտարկմանը ԵՄ չափանիշներին: Այդ մասին դեկտեմբերի 21-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է SATTO` «Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարության ԵՄ ծրագրերի բաժնին` TWINNING և ТAIEX գործառույթների իրականացմանը» ծրագրի ղեկավար Պատրիկ Մունիե-Լոմպրենը: Նրա խոսքով, Հայաստանի պետական կառույցների հետ ԵՄ փորձագետների խորհրդատվական աջակցությունը կոչված է աջակցել Հայաստան-ԵՄ Ասոցիացման համաձայնագրի ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ իրականացվող բանակցությունների գործընթացին:

Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը հաղորդել է, որ 2009-ից Հայաստանում իրականացվել են ТAIEX ավելի քան 70 ծրագրեր, իրագործման գործընթացում են գտնվում TWINNING 18 ծրագրեր: Այդ ծրագրերի թիրախային ուղղությունների շարքում նա նշել է սննդամթերքի անվտանգության, մտավոր սեփականության պաշտպանության, հարկային և մաքսային վարչարարության բարելավման ոլորտները:

TWINNING և ТAIEX ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլն եվրո:

Գարեգին Մելքոնյանը նաև հավելել է, որ 2013-2014թթ. Հայաստանում կշարունակվի TWINNING և ТAIEX նոր ծրագրերի մշակումը և իրագործումը: