21 դեկտեմբերի 2012 - 17:32 AMT
2013թ. Լեգրանը մտադիր է Հայաստանում ներկայացնել Ցեղասպանությանը նվիրված իր ստեղծագործությունը

Գալիք տարի աշխարհահռչակ հայազգի կոմպոզիտոր ու երաժիշտ Միշել Լեգրանը մտադիր է համերգ տալ Հայաստանում: Ինչպես հայտնում է «Ռոստով օֆիցիալնի» պարբերականը, կոմպոզիտորը չի բացառել, որ համերգը կկայանա «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հետ: «Մի մեծ բանի ցանկություն կա, չէ որ ես այնքան էլ հաճախ չեմ լինում իմ պատմական հայրենիքում»,-ասել է Լեգրանը Դոնի Ռոստովում:

Ըստ Լեգրանի, նա ցանկանում է Հայաստան տանել իր նոր ստեղծագործությունը, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որին զոհ են գնացել նաև նրա մայրական կողմի հարազատները:

«Դա անսովոր ստեղծագործություն կլինի իմ ունկընդրի համար: Անվանումը դեռ չեմ մտածել, բայց չեմ բացառում «Հայաստանի ռեքվիեմ» տարբերակը: Այն, ինչ կատարվեց 1915թ. Օսմանյան կայսրությունում, սարսափելի է: Նախորդ դարասկզբին հայերի մի մասը տուժեց օսմաններից, մյուս մասը հայտնվեց կոմունիստական ռեժիմի տիրապետության տակ ու կովկասայնացման ենթարկվեց: Հայ ժողովրդի ողրբեգությունը կարելի է համեմատել հրեաների ողբերգության հետ»,-ասել է կոմպոզիտորը: