21 դեկտեմբերի 2012 - 18:39 AMT
Նախագահական ընտրությունները կրելու են տեխնիկական բնույթ. քննարկում՝ ընտրություններին ընդառաջ

Առաջիկա նախագահական ընտրությունները մրցակցային չեն լինելու և կրելու են տեխնիկական բնույթ: Այսօր Կովկասի ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա՝ գլխավոր խնդիրը լինելու է ֆորմալ առումով միջազգային հանրությանը գոհացնելը: «Այս ընտրություններում, ինչպես և նախորդներում, պայքարը ոչ թե գաղափարների միջև կլինի, այլ՝ քաղաքական թիմերի և անձերի»,- ասաց նա:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը քննարկման ժամանակ հույս հայտնեց, որ գալիք նախագահական ընտրությունները կլինեն ազատ և արդար: «Կհաջողվի գեղեցիկ պայքարի միջոցով երկրում իշխանափոխության հասնել»,- ասաց նա:

Քննարկմանը ներկա էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, ով նկատեց, որ 6-րդ նախագահական ընտրությունների համար Հայաստանի քաղաքական դաշտն ունի 20 տարվա փորձ, և նոր անակնկալներ չեն սպասվում: «Հետաքրքրություններ, իհարկե, կլինեն»,- ասաց նա:

Նա ասաց, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները լավագույնն էին վերջին տարիների ընթացքում և հույս հայտնեց, որ նախագահական ընտրությունները կլինեն լավագույնն ամբողջ պատմության ընթացքում: