21 դեկտեմբերի 2012 - 19:23 AMT
Երևանի քաղաքապետը հանդիպել է սոցցանցերի մի խումբ ակտիվ օգտատերերի և բլոգերների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է սոցիալական ցանցերի մի խումբ ակտիվ օգտատերերի և բլոգերների հետ: Կարևորելով քաղաքացիական ակտիվությունը, քաղաքացիական տարբեր դրսևորումները, որոնք հատկապես կառուցողական և դրական բնույթ են կրում, Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատանքը պարբերաբար ներկայացվում է նաև սոցիալական մի շարք հարթակներում և, բացի այդ, ֆեյսբուքյան իր էջի առկայությունն իր հերթին հնարավորություն է տալիս տեղեկանալու քաղաքացիական ակտիվ հարցադրումներին, բարձրացված խնդիրներին: «Դրական եմ վերաբերվում համացանցում հնչող առողջ քննադատություններին և վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը իր ողջ թիմով պատրաստ է և լսում է բոլոր կառուցողական առաջարկները»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ընդգծելով, որ իրեն հատկապես ոգևորում է երիտասարդների ակտիվությունը մայրաքաղաքի կյանքին առնչվող քննարկումներում:

Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին` Տարոն Մարգարյանը համառոտ ներկայացրել է քաղաքապետարանի ներկա ծրագրերը, կառավարման հարցում իր մոտեցումներն ու քաղաքապետարանի առաջիկա անելիքները:

Հանդիպման ավարտին քաղաքապետը ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց է և պատրաստակամ կառուցողական ցանկացած առաջարկության և քննարկումների համար, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: