17 ապրիլի 2013 - 14:45 AMT
Կառավարությունում քննարկել են ՓՄՁ զարգացման խնդիրները

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրությանզարգացման խորհրդի հերթական նիստը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նաև քննարկել է 2012 թվականի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում բարձրացված 14 հարցերից լուծում են ստացել 12-ը: Մասնավորապես, նվազեցվել է էլեկտրոնային ստորագրության սակագինը՝ փոքր բիզնեսի համար 13 հազար դրամից այն հասցվել է 3500-ի, հսկիչ դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հարկային տեսչություն 12 անգամից կրճատվել է և դարձել 4 անգամ, պարզեցվել են իրավաբանական անձանց լուծարման, բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի նպատակային նշանակությունը որպես գրասենյակ փոխելու գործընթացները: Կատարելագործվել է նաև ՀՀ մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման գործընթացը, իրականացվել է արտոնագրային վճար վճարող համարվողների հարկային բեռի և վարչարարության թեթևացում, հստակեցվել է դատական ակտերի կատարման ծառայողների կողմից արգելանքը միայն վիճարկվող գումարի չափով կիրառելու խնդիրը: Բացի այդ, կատարելագործվել է իրավաբանական անձի գրանցման գործընթացը՝ տեղեկացման թերթիկի միջոցով, ներդրվել է ՓՄՁ-ների համար պարզ հարկատեսակ՝ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և այլն: Այնուհետև անդրադարձ է կատարվել ռիելթորական կազմակերպությունների համար սահմանված արտոնագրային վճարի չափի վերաբերյալ հարցին: Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներին իրականացնել լրացուցիչ վերլուծություն, որից հետո միայն համապատասխան առաջարկությունները ներկայացնել խորհրդի քննարկմանը: Քննարկվել են նաև մինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների կողմից պարզեցված հաշվապահական հաշվառում վարելու, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող փոքր կազմակերպությունների կողմից շրջանառության հարկի կիրառման, ինչպես նաև սննդամթերքի ներմուծման ընթացքում ներկայացվող փաստաթղթերին առնչվող հարցեր: