3 դեկտեմբերի 2013 - 16:23 AMT
Գազը հայ սպառողի համար կէժանանա՞ (թարմացված)

«ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը «Գազպրոմին» վաճառելու արդյունքում գազի սակագինը հայ սպառողի համար կնվազի: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է, որ նախկին սակագինը հաստատվի, Սահակյանը նշել է, որ աշխատանքային խմբերը զբաղվում են այդ հարցով և նա դժվարանում է պատասխանել: Ընդ որում, քաղաքական տեսակետից, նրա կարծիքով, շահավետ քայլեր կլինեն: Լրագրողները հետաքրքվել են, թե ուր կուղղվի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսի վաճառքից գոյացած գումարը: «Ճիշտն ասած, մենք երբեք այնտեղից միջոցներ չենք վերցրել: Կարծում եմ, դա հնարավորություն կտա, որ մեր քաղաքացիները գազը սպառեն այն նույն սակագնով, ինչ Ռուսաստանում»,- նշել է նա, հայտնում է ArmeniaToday-ը:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում հայկական և ռուսական կողմերը 12 համաձայնագիր են ստորագրել: Այդ թվում ստորագրվել են Հայաստան ռուսական գազի առաքման գների ձևավորման մասին համաձայնագիրը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին, միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին, «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ և «ՀայՌուսգազարդի» միջև 2014-2018 թթ. 2,5 մլրդ խմ գազ Հայաստան առաքելու մասին: Ինչպես ավելի ուշ հայտարարեց Վլադիմիր Պուտինը, ռուսական գազի համար Հայաստանում գինը կկազմի 189 դոլար հազար խմ դիմաց ներկայիս 270 դոլարի փոխարեն: Մի շարք արտոնություններ Հայաստանի համար Ռուսաստանը կներմուծի մինչ ՄՄ-ին անդամակցելը: Մասնավորապես, ռուսական կողմը Հայաստանի համար կվերացնի 30 տոկոս կաղմող մաքսատուրքը նավթի ու նավթամթերքի համար:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք գազի սակագնի նվազումը չի հանի օրակարգից հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը, Գալուստ Սահակյանը նշել է, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացումը միայն այդ գործոնով չէ պայմանավորված, այլ նաև սպասարկմանն առնչվող իրողություններով, այդ թվում պահեստամասերի, անվադողերի գներով: «Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ փաստաթուղթը նոր է ստորագրվել: Նոր քննարկումներ կլինեն»,- ասել է նա:

Ավելի ուշ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանում սպառողների համար գազի սակագինը նախօրեին ստորագրված հայ-ռուսական համաձայնագրերի գործողության արդյունքում փոփոխությունների չի ենթարկվի: Նա ընդգծել է, որ ռուսական կողմի հետ համաձայնության արդյունքը գնի կայունության ապահովումն էր:

«Գազի առումով երեկ շատ կարևոր պայմանավորվածություն ունեցանք: Ֆիքսեցինք 5 տարով գազի մատակարարման սակագնի հաշվարկման ֆորմուլան, և դա շատ կարևոր է, որովհետև նախկին 5 տարվա ընթացքում 5 անգամ գնի փոփոխություն ենք ունեցել: Եվ թեև դա սպառողի համար ամեն անգամ չի արտացոլվել գնի բարձրացմամբ, բայց ամեն անգամ որոնվել են ճանապարհներ, որոնցով հնարավոր է եղել փոխհատուցել դա՝ առանց սպառողի շահերին հարվածելու»,- նշել է Սարգսյանն ու տեղեկացրել, որ նախորդ տարիներին գազի սակագնի բարձրացման հետևանքով լրացուցիչ բեռ է ստեղծվել տնտեսության համար, բյուջեի համար, որը ռուսական կողմին փոխհատուցվել է «ՀայՌուսգազարդ» ընկերության 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու ձևով, գրում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, Հայաստանի կառավարությանը պատկանող մասնաբաժինը ռուսական կողմին փոխանցվել է՝ «փոխհատուցելու համար գազի գնի այն տարբերությունը», որը գոյանում էր սահմանի վրա հաշվարկվող մատակարարման գնի և սպառողի համար հաշվարկված գնի միջև:

Արդյունքում` թեև Ռուսաստանը նախօրեի համաձայնություններով զրոյացնում է գազի արտահանման մաքսատուրքը, այսինքն՝ Հայաստանն այսուհետ ձեռք կբերի բանակցված սակագնից մոտ 30 տոկոսով էժան, բայց Հայաստանի տարածքում իրացման սակագները չեն վերանայվի: