5 դեկտեմբերի 2013 - 14:56 AMT
ԵԱՀԿ-ում նախագահող Ուկրաինան ողջունել է Սարգսյան-Ալիև հանդիպումը

Ուկրաինայում սկսվել է ԵԱՀԿ ԱԳՆ Խորհրդի նիստը: ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան ողջունել է մասնակիցներին, իսկ հետո հաստատել է երկօրյա հանդիպման օրակարգը:

Կոժարան ողջունել է նոյեմբերի 19-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տևական ընդմիջումից հետո:

Անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին՝ Լեոնիդ Կոժարան նշել է, որ ուկրաինացիների դժգոհությունը, կապված ԵՄ հետ համաձայնությունից հրաժարվելու հետ, միանգամայն հասկանալի է:

ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին ներկա էին ԵԱՀԿ 57 անդամներ և գործընկեր երկրների 11 պատվիրակություններ, ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներ ու ՄԱԿ, ԵԽ, ՆԱՏՕ-ի և ԱՊՀ ներկայացուցիչներ, հայտնում է Panorama.am-ը:

Դեկտեմբերի 4-ին Կիևում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը, Ջեյմս Ուորլիքին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն արտգործնախարարներին են միացել առանձնազրույցից հետո, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպման համատեքստում համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները՝ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով, մտքեր են փոխանակվել հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ:

Նախարարներն և համանախագահները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին շարունակել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հետագա քննարկումները: Համանախագահները հայտնել են այդ նպատակով առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց մտադրությունը։

ԱԳ նախարարները՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի կարևորությունը, շնորհակալություն են հայտնել նրանց խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի համար:

Ավելի ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներն ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, թե նախարարներ Նալբանդյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են արդեն ձեռք բերվածի հիման վրա շարունակել համատեղ աշխատանքը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և խաղաղ կարգավորմանը:

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, վերջերս, բարձր մակարդակով երկխոսության վերսկսումն և հույս հայտնել, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն խաղաղ կարգավորմանը: Նրանք կոչ են արել կողմերին դիտարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը տարածաշրջանում: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել 2014 թվականի սկզբին` Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունները նախապատրաստելու համար: