29 հունվարի 2014 - 17:22 AMT
Հայաստանը մասնակցում է Նյու Դելիի զբոսաշրջության ցուցահանդեսին

Հունվարի 29-31-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ներկայացնում է Հայաստանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայանալիք «Satte» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Այն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են մոտ 50 երկրի 600 զբոսաշրջային կազմակերպություն և 7500 առևտրային գործակալ:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ:

Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը Հայաստանի ներկայացվածությունը հնդկական շուկայում խթանելու, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատելու ու ներգնա զբոսաշրջության աճին նպաստելու նպատակ ունի, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հնդկաստանի զբոսաշրջության կազմակերպության ղեկավարության հետ՝ երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները քննարկելու համար: