30 հունվարի 2014 - 17:09 AMT
Սարոյանի «Մարդկային կատակերգությունը» նորից կէկրանավորվի. Ռեժիսորը Մեգ Ռայանն է

Վիլյամ Սարոյանի 1942-ին գրված «Մարդկային կատակերգություն» (The Human Comedy) վեպը ևս մեկ անգամ կէկրանավորեն: Իմիջիայլոց, 1943-ին էկրան բարձրացած Կլարենս Բրաունի ֆիլմի սցենարի ադապտացիան գրելու համար Սարոյանը «Օսկար» էր ստացել: Վեպի նոր էկրանավորումը կկոչվի «Իտակա» (Ithaca). ռեժիսորը հոլիվուդյան հայտնի դերասանուհի Մեգ Ռայանն է, պրոդյուսերը՝ Թոմ Հենքսը: Ի դեպ, մինչև այդ ռեժիսորն ու պրոդյուսերն աշխատել են միասին, միայն թե կադրում՝ նկարահանվել են «Ջոնը վուլկանի դեմ», «Նամակ ունեք» ու «Անքունները Սիեթլում» ֆիլմերում:

Ռայանը կինոյում աշխատում է որպես դերասանուհի, դուբլյաժի դերասանուհի ու պրոդյուսեր։ 2011-ին հայտարարվեց, որ նա կնկարահանի Into the Beautiful կատակերգական դրաման, բայց ֆիլմն այդպես էլ չգործարկվեց։

Սցենարի նոր ադապտացիան գրել է Էրիկ Յենդրեսենը, ով Հենքսի հետ աշխատել է «Զինակից եղբայրները» մինի-սերիալի վրա, իսկ դերասանական կազմում կլինեն նույն ինքը՝ Մեգ Ռայանը, ինչպես նաև Սեմ Շեփարդը, Մելանի Գրիֆիթն ու Ջեք Քուեյդը:

Ֆիլմի գործողությունը, ինչպես և սարոյանական «Մարդկային կատակերգությունում», կծավալվի 1942-ին, Կալիֆորնիայի փոքր քաղաքներից մեկում՝ Իտակայում: Սյուժեի կենտրոնում 14-ամյա Հոմերոս Մաքոլիի պատմությունն է, ում ավագ եղբայրը գնացել է պատերազմ, կրտսեր եղբորը խրատելով հոգ տանել այրի մոր, ավագ քրոջ ու 4-ամյա եղբոր՝ Ուլիսի մասին: Այժմ Հոմերոսը Իտակայի փոստատարն է:

«Իտական» հասարակ, բայց խաբուսիկ պատմություն է: Այն լիրիկական ու ռոմանտիկ է, ժամանակ առ ժամանակ զարմանալիորեն ոչ սենտիմենտալ, որը, այնուամենայնիվ, ցինիզմից հեռու է: Անչափ ուրախ եմ, որ հենց ես եմ էկրանավորելու այս զգացմունքայի ու գրավող պատմությունը»,- նախագծի մասին ասել է Մեգ Ռայանը, գրում է Filmz.ru-ն:

Մասամբ կենսագրական «Մարդկային կատակերգությունը» համարվում է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի լավագույն ստեղծագործություններից մեկը: 1943-ին դրա առաջին էկրանավորումն «Օսկարի» էր նոմինացվել միանգամից 5 անվանակարգում՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր», «լավագույն դերասան» (գլխավոր դերում Միքի Ռունին էր), «լավագույն օպերատորական աշխատանք» ու «լավագույն գրական սկզբնաղբյուր»: Ոսկե արձանիկ ստացավ վերջին անվանակարգի համար:

Իմիջիայլոց, Սարոյանի մահից հետո արձանիկը, որը պահում էր նրա զարմուհին՝ Կոզեթը, անհետացել էր, այնուհետև «հայտնվել» Սան Ֆրանցիսկոյի լոմբարդներից մեկում, գրում է «Գոլոս Արմենիի» թերթը: Սարոյանի անվան ֆոնդն արձանիկի համար առաջարկել էր 20 հազար դոլար, բայց իմանալով, թե ում էր այն պատկանում, լոմբարդի տնօրենը հրաժարվել էր գումարից ու փոխանցել «Օսկարը» ֆոնդին: Այն ցուցադրվել է Ֆրեզնոյում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ անցկացվող դրամատուրգի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին:

Սարոյանը արձակագիր էր, ով գրում է ամենատարբեր ժանրերում ու թեմաների մասին՝ իր պատմական հայրենիքից մինչև պացիֆիզմ: «Օսկարից» առաջ 1940-ին նա նաև արժանացել է Պուլիտցերյան մրցանակի, որից հրաժարվել է: Սարոյան գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, ինչպես նաև հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։