5 փետրվարի 2014 - 16:44 AMT
Ուորլիք. Հուսով եմ՝ ՀՀ նախագահի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն

«Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են խաղաղ կարգավորմանն ու հրադադարի ռեժիմի խախտումներին առնչվող հարցեր: Հուսով եմ, որ այսօր արդյունավետ բանակցություններ կլինեն Հայաստանի նախագահի հետ»,- փետրվարի 5-ին Twitter-ի իր էջում գրել էԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա նաև գրառում է կատարել Երևանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ հանդիպման մասին, որի ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Ուորլիքը նշել է նաև, թե հուսով է, որ մարդիկ կկարողանան ազատ հատել սահմանը, չվախենալով միջադեպերից:

Փետրվարի 2-ին ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորն ու ամերիկացի Ջեյմս Ուորլիքը Բաքվում էին: Փետրվարի 3-ին միջնորդները հանդիպել էին Ադրբեջանի նախագահին ու ԱԳ նախարարին: Երևան համանախագահները կժամանեն փետրվարի 5-ին:Այցի շրջանակում համանախագահների կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Փետրվարի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենի անվտանգության կոնֆերանսում նշել էր, որ ԱՄՆ-ն շարունակում է ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Մենք հետևողական աշխատանք ենք տանում բոլոր ուղղություններով: Կիպրոսում աննկատ ենք աշխատում, դուք դրա մասին չեք լսում։ Աշխատում ենք նաև Կովկասում` Լեռնային Ղարաբաղի հարցով»,- ասել էր ԱՄՆ պետքարտուղարը։

Ավելի վաղ Ջեյմս Ուորլիքը կրկին Twitter-ում իր միկրոբլոգի միջոցով ցավակցել էր շփման գծում հրադադարի խախտման հետևանքով ԼՂՀ-ում զինվորի մահվան կապակցությամբ:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: «Մահվան դեպքերի հետ կապված իրավիճակի սրումը երկու կողմերից վնասում է խաղաղ կարգավորման հեռանկարներին»,-գրել էր Ուորլիքը: «Լարվածությունը նրանց շահերից չի բխում»,-գտնում է համանախագահը:

Արդեն մոտ 10 օր է թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել են, վիճակը կայուն է:

Արդեն հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով: Ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի հաղորդագրության, ընդհանուր առմամբ, շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1700 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 000 կրակոց: