7 փետրվարի 2014 - 15:14 AMT
Առէկսիմբանկը 2013թ. ավելացրել է մասնավոր փոխանցումների ծավալը

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ մասնավոր փոխանցումների շրջանառությունը 2013թ-ին` նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ աճել է 66%-ով, որից դեպի Հայաստան կատարված փոխանցումները` 140%-ով, իսկ հանրապետությունից կատարված փոխանցումները` 31%-ով: Ընդ որում` 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տարբեր միջազգային վճարային համակարգերի միջոցով առանց հաշվի բացման փոխանցումները գրանցել են ռեկորդային 209% աճ:

Փոխանցումների նման աճը պայմանավորված է նոր դրամական փոխանցումների համակարգերին միացումով: Ֆիզիկական անձանց փոխանցումների առաջատարը 2013թ. մնում է Ռուսաստանի Դաշնությունը, երկրորդը` ԱՄՆ, հետո միայն ՄԱԷ և Չինաստանը: 2014թ. ընթացքում Բանկը նախատեսում է ավելացնել մասնավոր փոխանցումների ծավալը ևս 20%-ով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն արդեն իսկ իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ «MONEYGRAM», «ANELIK», «БЫСТРАЯ ПОЧТА», «UNISTREAM», «AVERS», «INTELEXPRESS», «SIGUE MONEY TRANSFER», «RIA MONEY TRANSFER» համակարգերով, «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով: