3 մարտի 2014 - 16:24 AMT
Ազերիների ԱԳՆ-ն դիտողություն է արել Ուորլիքին. Բաքվին «դուր չի եկել» Սումգայիթի մասին նրա գրառումը

Պաշտոնական Բաքվին «դուր չի եկել» ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հերթական գրառումը Twitter-ի էջում:

Twitter-ի հանդեպ ոչ անտարբեր ամերիկացի դիվանագետի հերթական գրառումը վերաբերում էր Սումգայիթում հայերի ջարդերի տարելիցին: «Մենք նաև հիշում ենք Սումգայիթը: Եվ Հայաստանը, և Ադրբեջանը պետք է նպաստեն հանդուրժողականության ու վստահության զարգացման ծրագրերին»,-գրել է նա:

Ինչպես հայտնում է «ԱՊԱ»-ն, Ադրբեջանի ԱԳՆ-ում չեն վարանել մեկնաբանել Ուորլիքի կարծես թե «անվնաս» գրառումը: «Սումգայիթյան իրադարձությունները եղել են, սակայն դրանց պատճառները, համատեքստն, ու ընդհանուր առմամբ, իրողությունը միանգամայն այլ բնույթի են»,-ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը:

Ազիմովը հայտարարել է, որ Ուորլիքը նաև իր կարծիքն է հայտնել Twitter-ի էջում այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ՝ նշելով, որ «Twitter-ը Խոջալուի քննարկման տեղը չէ»:

Խոջալուի իրադարձությունների կապակցությամբ, որոնք ադրբեջանական կողմը, կեղծելով պատմական փաստերը, համառորեն անվանում է «ցեղասպանություն», Ջեյմս Ուորլիքը գրել է. «Խոջալուի ողբերգության տարելիցի օրը մենք հիշեցնում ենք, որ բռնությունը պատասխան չէ: Բոլոր կողմերը պետք է ջանադրաբար աշխատեն խաղաղության հասնելու համար»: «Ես չեմ կարողանա այս ամենն ասել պարոն Ուորլիքին Twitter-ում, քանի որ այնտեղ կարելի է ընդամենը 120 տառից բաղկացած ուղերձ զետեղել: Պարոն Ուորլիքը վերջերս է նշանակվել այդ պաշտոնում և պետք է ավելի լավ ծանոթանա հակամարտության իրողություններին»,-ասել է Ազիմովը: