13 մարտի 2014 - 17:20 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ուկրաինայի դեսպանը` Երևանի հետ գործակցության, Ուկրաինայի հայերի, Ղրիմի, ԱՊՀ-ի ու ՆԱՏՕ-ի մասին

Անկախ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերից, ուկրաինական կողմը մտադիր է շարունակել Հայաստանի հետ գործակցությունը: Մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան` հույս հայտնելով, որ մոտ ժամանակներս իրավիճակն այն երկրում կկայունանա:

Նրա խոսքով` վերջին տարիներին երկու երկրների միջև գործակցությունը դինամիկ զարգանում է, ավելանում են ապրանքաշրջանառության ծավալները, և Ուկրաինան պատրաստ է շարունակել Հայաստանի հետ գործակցությունը. «Կարծում եմ, Հայաստանն էլ նույն դիրքորոշումն ունի»: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանն ու Ուկրաինան առաջին հերթին կապված են մարդկային փոխհարաբերություններով, գրում է Armenia Today-ը:

Խոսելով հայ համայնքի մասին` Կուխտան նշել է, որ եթե 2001-ին հանրաքվեի արդյունքներով Ուկրաինայում գրանցված էր մոտ 120 000 հայ, ապա այսօր երկու կամ երեք անգամ ավելի է, ու պետությունն ամեն ինչ անում է ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայ համայնքի զարգացման համար.

«Հայկական սփյուռքը շատ ակտիվ է, այն ներկայացված է պետության բոլոր օրգաններում, այդ թվում՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայում և իշխանության տեղական օրգաններում»: Նա հիշեցրել է, որ Մայդանում զոհված քաղաքացիներից 2-ը հայազգի Ուկրաինայի ակտիվ քաղաքացիներ էին, գրում է Tert.am-ը:

Անդրադառնալով Ղրիմին և մարտի 16-ին նախատեսված հանրաքվեին` դեսպանն ասել է. «Ապօրինի է, հակասահմանադրական, հակասում է միջազգային նորմերին: Այն ապակայունացնում է իրավիճակը»,- գրում է Panorama.am-ը:

Կուխտան հավելել է, որ եթե նույնիսկ հանրաքվեն անցկացվի, այն լեգիտիմ չի լինի, չի ունենա օրինական ուժ, ուստի Ղրիմի իշխանությունները իրավունք չեն ունենա դիմել այս կամ այն պետությանը՝ այս կամ այն տարածքն այլ պետության հետ միավորելու համար:

Կուխտան չի բացառել, որ Ուկրաինան կարող է դուրս գալ ԱՊՀ կազմից, թեև դեռևս հստակ որոշում չկա: Կիևում հարցը քննարկման փուլում է. «Եթե ԱՊՀ անդամ պետության խնդիրը քննարկելու համար կառույցի անդամ երկրների արտգործնախարարները չեն կարողանում ժամանակ գտնել, ապա անիմաստ է շարունակել անդամակցել այդ կառույցին»,- ասել է նա՝ նշելով, որ ԱՊՀ արտգործնախարարների հանդիպումը երկու անգամ (մարտի 7-ին և 12-ին) չի կայացել` պատճառաբանությամբ, թե նրանք ժամանակ չունեն, զբաղված են: Եվ եթե Ուկրաինայի համար նման դժվար ժամանակներում չեն կարողանում ժամանակ գտնել՝ գալու Կիև, ապա, ըստ դեսպանի, կառույցից դուրս գալու որոշումը տրամաբանական է:

Իվան Կուխտան նաև նշել է, որ Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը դեռևս չի քննարկվում: Նրա խոսքով` այսօր Ուկրաինայի առաջնահերթությունների շարքում երկրի տնտեսական ու քաղաքական իրավիճակի կայունացման հարցերն են: Բացի այդ, երկիրը նախապատրաստվում է մայիսի 25-ին նախագահի ընտրությանը: Դեսպանը նշել է, որ նման հարցեր կարող են քննարկվել միայն երկրի կայունացումից ու նախագահի ընտրությունից հետո:

Ուկրաինայում փետրվարի 22-ին իշխանափոխություն է եղել, որը պետական հեղաշրջման նշաններ ուներ։ Գերագույն Ռադան իշխանաթող է արել նախագահ Վիկտոր Յանուկովիչին, փոխել Սահմանադրությունն ու երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին, նոր ընտրույթունները նշանակված են մայիսի 25-ին։ Յանուկովիչը հայտարարել է, թե ստիպված էր լքել երկիրը, քանի որ իր և հարազատների կյանքին վտանգ էր սպառնում, բայց շարունակում է մնալ լեգիտիմ ընտրված նախագահ։

Ուկրաինայի հարավի ու արևելքի որոշ տարածաշրջաններ, ինչպես նաև Ղրիմը չեն ընդունել Ռադայի որոշումների լեգիտիմությունը, հայտարարելով՝ Յանուկովիչի պաշտոնանկությունն օրինական չէ: Որոշվել է այդ տարածաշրջաններում հանրաքվե անցկացնել։

Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին։

Մարտի 11-ին արտահերթ նիստի ընթացքում Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «ՂԻՀ և Սևաստոպոլ քաղաքի Անկախության հռչակագիրը»: Հռչակագրի ընդունմանը կողմ է քվեարկել Գերագույն խորհուրդի քվեարկությանը մասնակցած 81 պատգամավորներից 78-ը:

ՖՈՏՈՇԱՐՔ