17 մարտի 2014 - 20:54 AMT
Թուրք գրող. Ամաչում եմ մորս՝ Ցեղասպանություն գործած նախնիների համար

Paper Boats of Poetry կայքը հրապարակել է թուրք գրող Սերքան Էնգինի`«Թուրք լինելն անտանելի ամոթ է» հոդվածը:

«Իմ մայրը թրքուհի է: Սակայն ես ինձ հորս նախնիների նման լազ եմ համարում, քանի որ ամաչում եմ մորական կողմից նախնիներիցս: Ես հրաժարվում եմ ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիներն Օսմանյան կայսրության օրոք Ցեղասպանություն են իրականացրել: 1 500 000 հայեր դաժանորեն սպանվել են թուրքերի և քրդերի կողմից: Թուրքերը և քրդերը սպանել են իրենց հայ հարևաններին, բռնաբարել փոքրիկ աղջիկներին, այրել ողջ երեխաներին, թալանել հայերի ունեցվածքը: Օսմանյան կայսրությունում հայերի հետ միասին հազարավոր ասորիներ էլ են սպանվել», – գրված է հոդվածում:

«Հայերի հանդեպ սարսափելի Ցեղասպանություն է իրականացվել: Որպես թուրք ազգի զավակ` ես ընդունում եմ Հայոց ցեղասպանությունը և ամանչում իմ մոր նախնիների փոխարեն: Սա ինչպես Թուրքիայի, այնպես էլ քրդերի պատմության ամոթալի էջն է: Մարդկության անունից ներողություն եմ խնդրում բոլոր զոհերից և խոնարհվում Ձեր ցավի առաջ», – նշում է թուրք գրողը:

«Ցավոք, սա միակ Ցեղասպանությունը չէ, որին մասնակցել է Թուրքիան: Մուստաֆա Քեմալի հրամանով, որը հետագայում դարձավ Թուրքիայի նոր հանրապետության հիմնադիրը, 1919-ին Անատոլիայում 353 000 Պոնտոսի հույներ են դաժանաբար սպանվել:

Սակայն սրանք իմ նախնիների գործած բոլոր հանցագործությունները չեն: Իրենց պատմության սկզբում թուրքերը գլխացավանք էին բոլոր հարևանների համար: Գրեթե 2 հազարամյակ թուրքերն ապրել են հարևան տարածքները գրավելով, մարդկանց սպանելով, խլելով նրանց հողերն ու ունեցվածքը, բռնաբարելով նրանց կանանց ու երեխաներին ստրուկների վերածելով», – նշված է հոդվածում:

«Սիրելի ընկերներ, այս խոսքերիս համար ինձ կարող են ձերբակալել ու բանտ նստեցնել, կամ գնդակահարել հենց փողոցում: Բայց խիղճս ստիպում է ճշմարտությունն ասել ամբողջ աշխարհին: Եվ ես այս մասին կխոսեմ մինչև վերջին շունչս», – եզրափակում է թուրք գրողը: