11 ապրիլի 2014 - 10:52 AMT
Բնակարանային պատշաճ պայմաններ` սահմանամերձ գյուղերի 25 ընտանիքի համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» հայտարարում են բնակարանաշինության ծրագրի հերթական փուլի մեկնարկի մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հովանավորվող ծրագրի պաշտոնական բացումը կայացել է Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում: Գործակցող կողմերը համատեղ կառուցման աշխատանքներ են իրականացրել գյուղում: Սոցիալական ծրագրի նպատակն անապահով ընտանիքներին աջակցելն է` իրենց տները կառուցելու և վերանորոգելու գործում: Դրա շահառուներն են Տավուշի և Արմավիրի մարզերի սահմանամերձ գյուղերի անապահով 25 ընտանիքները, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Այսօր Հայաստանի սահմանամերձ գյուղերը ճգնաժամային այնպիսի վտանգի առջև են, ինչպիսիք են տնազրկությունը, աշխատատեղերի սղությունը, որոնք էլ իրենց հերթին դառնում են արտագաղթի պատճառ: Կա նաև ցածր բնական վերարտադրողականության խնդիր, ինչը վտանգում է գյուղերի գոյությունը: Սահմանամերձ գյուղերին աջակցելու, առկա վտանգները նվազեցնելու, Հայաստանի սահմանամերձ տարածքներում ապրելու և ընտանիք պահելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 55 մլն դրամի ներդրում: Իսկ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ստանձնել է իրականացնել այդ ծրագիրը, որի նպատակը սահմանամերձ գյուղերի 10 ընտանիքի օգնելն է` իրենց կիսակառույց տների շինարարությունն ավարտելու և 15 ընտանիքի՝ վերանորոգելու հարցում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմի գործակցությունը սկսվել է դեռևս 2007-ին. ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության և նվիրման շնորհիվ, արդեն 25 ընտանիք վայելում է հարմարավետ տանիքի տակ ապրելու երջանկությունը: Այս երկար և արգասաբեր գործակցության շնորհիվ` ՎիվաՍել-ՄՏՍ-ը կայուն սոցիալական ներդրում է կատարում Հայաստանի համայնքների պահպանման և զարգացման գործում: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վառ դրսևորմամբ ` ընկերությունը ստանձնել է տնազրկությունը Հայաստանում վերացնելու առաքելության մի մասը:

«Սահմանագծին ապրող այս մարդիկ ևս մեր երկրի սահմանները պահողն են, և մենք պետք է ձեռք մեկնենք նրանց՝ օգնելով բարելավել իրենց կյանքի որակը: Այս տան շարվող պատերի յուրաքանչյուր քար և բարձրացող ամեն մի տանիք մեր երկրի հենասյունն են: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ մենք իրականություն ենք դարձնում այս մարդկանց երազանքը. վերջապես ավարտին հասցնել կիսակառույց տների կառուցումը և զավակներին ապահով և բարեկարգ պայմաններում մեծացնելու հնարավորություն ստանալ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ գործակցությունը երկար տարիների փորձով է հաստատել իր արդյունավետությունը՝ բազմաթիվ ընտանիքների կյանքում իրապես փոփոխություն մտցնելով: Սա մի յուրօրինակ գործակցություն է, որի հիմքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է. պատասխանատվություն առ համայնքներ, պատասխանատվություն առ ընտանիքներ, որոնք ապրում են մեր կողքին, որոնք մեր հասարակության մի մասնիկն են, ինչպես և մեզանից յուրաքանչյուրը: Այս նոր ծրագրով նախատեսվում է աջակցել սահմանամերձ համայնքներում ապրող 25 ընտանիքների, որը ավելի լավ կենսամակարդակ փնտրելու համար Հայաստանից չհեռանալու հնարավորություն կտա նրանց՝ նպաստելով նաև պետության սահմանների անվտանգության պահպանմանը»,-ասաց Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: