19 ապրիլի 2014 - 13:42 AMT
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան ու Բաքու. Քննարկվելու է նաև Ղարաբաղի հարցը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Դիդիե Բուրկհալտերը հունիսի սկզբին կայցելի Ադրբեջան ու Հայաստան: Հունիսի 3-ին Բուրկհալտերը կլինի Բաքվում, իսկ հետո կժամանի Երևան: ԵԱՀԿ նախագահը հանդիպումներ կունենա պաշտոնյաների հետ ու մի շարք խնդիրներ կքննարկի, այդ թվում ղարաբաղյան կարգավորման ու ԵԱՀԿ հետ գործակցության հարցերը, հայտնում է Trend գործակալությունը:

Փետրվարին Նյու Յորքում ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերն ողջունել է ԵԱՀԿ-ի՝ Եվրոպայի ձգձգված հակամարտությունների հարցում լուծումներ գտնելու երկարատև պարտավորություններն ու առաջնայնությունները:

«Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Վրաստանի ստատուս քվոն, կամ Լեռնային Ղարաբաղի և մերձդնեստրյան հակամարտությունը հարատևի: Հարավային Կովկասի և Մոլդովայի հատուկ երկու ներկայացուցիչները պետք է աջակցեն այս հակամարտությունների կողմերին բացահայտել և իրականացնել քայլեր, որոնք կնպաստեն խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելուն: ԱՄՆ-ն ԵԱՀԿ-ի ամենաակտիվ անդամն է և մենք լիովին հավատարիմ ենք դրա կարևոր աշխատանքին: ԵԱՀԿ-ի ջանքերը՝ շարունակվող և վերականգնվող երկխոսության հարցում ամենակարևորն են, և մենք ողջունում ենք այդ նպատակներն ու գործողությունները, որոնք կոորդիանցվում են ՄԱԿ-ի կողմից»,-նշել է նա:

Ապրիլի 16-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մտահոգություն հայտնեց ադրբեջանական ու հայկական զորքերի շփման գծում լարվածության վերաբերյալ: Այդ են վկայում Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական կառույցների հաղորդագրությունները, ասել է նա: Ըստ նրա, հաղորդագրություններ են տարածվում փոխհրաձգության բազմաթիվ դեպքերի, ավելի լուրջ խախտումների մասին, որոնք կորուստների են հանգեցնում․ դրանցից յուրաքանչյուրը ողբերգություն է զոհերի ընտանիքների համար:

Ըստ դիվանագետի, հայ-ադրբեջանական սահմանի ու շփման գծի երկայնքով դիտարկումներ են անցկացվում համապատասխան կառույցների աջակցությամբ ու օգնությամբ: Այդ դիտարկումների մասին հաշվետվությունները ներկայացվում են ԵԱՀԿ գործող նախագահին ու Մինսկի խմբին, ասել է նա: Ղարաբաղյան կարգավորումն այլ երկրներում իրադարձությունների պատճառով հետին պլան չի մղվում, ասել է Կասպրշիկը՝ պատասխանելով Ուկրաինայի իրադարձություների ֆոնին կարգավորմանն ուշադրություն դարձնելու անհրաժեշտության մասին հարցին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետևողականորեն ջանում են կողմերին կարգավորման վերաբերյալ նոր գաղափարներ ներկայացնել: Անցած ամիս միջնորդները երկու հանդիպում են ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հետ, ևս մեկը՝ նախագահների ու ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ»,- ասել է Կասպրշիկը:

Ըստ նրա, բոլոր ջանքերն ուղղված են կարգավորման առաջխաղացմանն ու լարվածության նվազեցմանը: Ինչպես ասել է Կասպրշիկը, ըստ գործող նախագահի մանդատի, նա կանոնավոր այցեր է կատարում տարածաշրջան: «Ես և իմ թիմը մշտապես այցելում ենք հակամարտության հետևանքով տուժած տարածքներ՝ նպատակ ունենալով նոր տեղեկություններ տրամադրել գործող նախագահին ու ՄԽ համանախագահներին»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ հավատարիմ մնալով «դիվանագիտական սովորությանը»՝ Կասպրշիկը չի անվանել լարվածության մեղավորին՝ ադրբեջանական կողմին, որը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, գնդակոծելով ոչ միայն հայկական ու ղարաբաղյան դիրքերը, այլև Հայաստանի սահմանամերձ գյուղերը, ինչպես նաև մշտապես դիվերսիոն գործողություններ ձեռնարկելով:

Ապրիլի լույս 15-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ կրկին գնդակոծել էր Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը: Գնդակոծությունները սկսվել են երեկոյան և շարունակվել մինչև ժամը 3-ը: Գյուղացիները տեղեկացրել են, որ այս անգամ գնդակոծությունն աննախադեպ պարբերականությամբ է եղել:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր լուրը։

Կրակոցների հետևանքով Այգեպարը գազազրկվել էր, որովհետև վնասվել էր գյուղի գազատար խողովակը: Միայն վերջին ամիսում ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի սադրանքների են դիմել, որի հետևանքով եղան մարդկային զոհեր:

Հակառակորդը ապրիլի 7-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին, պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում, հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը` սպա) և 6 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Մարտի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Բաբայանը: Ավելի ուշ պարզվել էր, որ զինծառայողը զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից։

Եվս մեկ զինծառայող՝ 1992թ. ծնված Գառնիկ Թորոսյանը, հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվել էր մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական առաջադրանք կատարելիս։ Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով, այն է՝ «Սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով»:

Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը:

Photo: AFP