21 ապրիլի 2014 - 14:08 AMT
Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը, իսկ Ուորլիքն օգնության ուղիներ է փնտրում

Ապրիլի 19-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Մոսկվա, որտեղ աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձել երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի, հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, ընդգծել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի գործադրման կարևորությունը։

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Սուրբ Զատկի առթիվ Twitter-ի իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը. «Ինչ հրաշալի Սուրբ Զատիկ է: Իմ աղոթքն եմ ուղղում Լեռնային Ղարաբաղի խնդրի տևական կարգավորմանը: Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն օգնել: Մենք պետք է ճանապարհ գտնենք», հայտնում է Tert.am-ը։

Ջեյմս Ուորլիքը մտահոգված է շարունակվող բռնությամբ հայկական ու ադրբեջանական զորքերի շփման գծում: Հակամարտության կողմերը պետք է ուշադրություն դարձնեն բռնության նվազեցմանն ու փոխեն հռետորաբանությունը բարելավելու համար բանակցային գործընթացը, ապրիլի 11-ին Trend գործակալությանն ասել է Ուորլիքը։ Ըստ նրա, «մահվան և վիրավորումների վերջին դեպքերը ցույց են տալիս, որ դա վտանգավոր հակամարտություն է, որտեղ հաղթողներ չկան»: Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ-ն ու դրա ինստիտուտները սատարում են խաղաղ կարգավորմանը նպաստելուն ուղղված համանախագահների ջանքերին: Ըստ նրա, տարածաշրջանում կատարվող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան կարևոր է այդ աշխատանքը: Կողմերը պետք է օգտվեն պահից խաղաղ կարգավորման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու համար: Դրանք կարող են կապված լինել վստահության միջոցների ստեղծման, ժողովրդական դիվանագիտության, ուժի կիրառումից վերջնականապես հրաժարվելու հետ: