24 ապրիլի 2014 - 14:22 AMT
Թուրքիայի ԱԳՆ. Վարչապետի հայտարարությունը հայերի ու թուրքերի միջև առճակատմանը վերջ տալու կոչ է

Թուրքիան երբեք քաղաքական հայտարարություններ չի անում որևէ ճնշման ներքո: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով Էրդողանի ապրիլի 23-ի հայտարարությունն Օսմանյան կայսրությունում հայերի ու այլ քրիստոնյա ժողովրդների ցեղասպանության տարելիցին նվիրված: Ինչպես գրում է Sabah-ը, Դավութօղլուն նշել է, որ Էրդողանի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս է կազմում և անակնկալ չէ:

«Հայտարարությունն իրականում կոչ էր։ Մենք ընտրեցինք հայերի վիշտը կիսելու տարբերակը, և հուսով ենք, որ այդպես կվարվեն բոլոր կողմերը: Դա թույլ կատ վերջ տալ առճակատմանը, որն առկա է պատմական իրադարձությունների շուրջ: Հուսով ենք, որ մեր կոչն անարձագանք չի մնա», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով:

Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը: Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար: Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»:

Մինչդեռ, Bianet-ը հրապարակել է 1915 թվականին սպանված հայ լրագրողների անունները՝ Լևոն Պարտիզպանյան, Խաժակ Գարեգին Չաքալյան, Արտաշես Ֆերանյան, Համբարձում Համբարձումյան, Դիրան Քելեքյան, Լևոն Լարենց Կիրշչյան, Ասատուր Մալումյան, Սարգիս Մինասյան (Արամ Աշոտ), Բարսեղ Շահբազ, Ատոմ Շահեն, Գրիգոր Թորսունյան (Գիգո), Ռուբեն Զարդանյան, Գրիգոր Զոհրապ: