26 ապրիլի 2014 - 14:06 AMT
ԿԱՐԾԻՔ
Թուրքիայի ԱԳ նախարարն ապատեղեկատվություն է տարածում

Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը «1915 թվականի ողբերգական իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին Անատոլիայի հայերի տեղահանմանը Օսմանյան Թուրքիայում Առաջին համաշխարհայինի տարիներին», հասավ նպատակին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Ինչպես գրում է Today’s Zaman-ը, նախարարը նշել է, որ հայտարարությունն առաջին հերթին հասցեագրված էր հայերին, ոչ թե այլ ժողովրդներին:

«Մեր վարչապետի հայտարարությունը դրական արդյունք ունեցավ: Ճանաչվեց, որ այդ հարցում թուրք ժողովուրդը պատմական քայլ կատարեց երկխոսության ու բարեկամության ուղղությամբ: Ուղերձը հասցեագրված էր հայերին: Դա շատ մարդասիրական հայտարարություն էր: Հայկական կազմակերպությունների արձագանքը չափազանց դրական էր: Հայտարարությունը հասավ նպատակին», -ասել է Դավութօղլուն Անկարայում՝ հավելելով, որ հիմնվելով ընդհանուր պատմական հենքի վրա, երկու կողմերը կարող են քննարկել նոր ապագայի հաստատման ուղիները:

«Թուրքիայի վարչապետը Թուրքիայի ձեռքը մեկնեց Հայաստանին, մերձեցնելու համար մեր սրտերն ու մտքերը: Եթե հայտարարությունը պատասխան ստանա, մենք կկարողանանք միասին կառուցել ապագան, եթե ոչ՝ մենք կվերադառնանք նախկին իրավիճակին», -ասել է Դավութօղլուն:

Հավելենք, որ եթե Ահմեդ Դավութօղլուն չնկատեց հայկական կողմի ծայրահեղ բացասական վերաբերմունքն Էրդողանի հայտարարության հանդեպ, ապա դա արդեն Թուրքիայի խնդիրն է: Եվ հազիվ թե ԱԳ նախարարի խոսքերն այն մասին, թե «հայտարարությունը հասավ նպատակին», համապատասխանեն իրականությանը:

Իր ելույթի վերջում Դավութօղլուն չգիտես ինչու հիշեց ASALA-ի մասին ու հայտարարեց. «Թուրք ժողովուրդը ներողություն է ակնկալում Հայաստանից թուրք դիվանագետների սպանությունների համար»: Այս գերցինիկ արտահայտությանը դժվար է ինչ-որ բան ավելացնել, քանի որ Դավութօղլուն հիանալի գիտի, թե ինչի համար են սպանել թուրք դիվանագետներին հայ վրիժառուները:

Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով:

Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը: Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար: Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»:

Աշխարհահռչակ շանսոնյե, հայ գաղթականների զավակ Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայ ժողովրդից «ներողություն» խնդրելու իրավունք չունի, նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ի պատասխան Էրդողանի հայտարարության «1915 թվականի իրադարձությունների մասին», նշել է. «Ժամանակի հետ ավելի հաճախ հայտնվելով միջազգային մեկուսացման մեջ՝ Անկարան փորձում է նենգափոխել ժխտողականության էությունը: Վարչապետ Էրդողանն իր ելույթում ապարդյուն փորձ է անում խուսափելու Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից՝ ներկայացնելով կոտորածը որպես չլուծված հակամարտություն հայերի ու թուրքերի միջև: Բայց ոչ փաստերը, ոչ որևէ օրենք աշխարհում չի հաստատում նրա այդ գաղափարը: Փաստը մնում է փաստ՝ Էրդողանի հայտարարությունը դաժան ու ցինիկ հնարք է և ցույց է տալիս, թե ինչպես է Թուրքիան խոչընդոտում արդարադատության իրացմանը Հայոց ցեղասպանության հարցում»:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net