17 մայիսի 2014 - 15:23 AMT
Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանում սելավի պատճառով

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ՝ մայիսի 17-ին ժամը 10:30-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով: Այդ մասին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ հավելելով, որ սպառողների գազամատակարարումը կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, «Հյուսիս-Հարավ» գազամուղի վթարը տեղի է ունեցել սողանքի պատճառով Վրաստանի Դարյալի կիրճում, հայտնել է Վրաստանի կառավարությունը: Դարյալի կիրճը գտնվում է Թերեկ գետի հովտում, այդ վայրով է անցնում Ռուսաստանն ու Անդրկովկասի երկրները կապող մայրուղին:

«Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության բրիգադները, պարեկային ոստիկանությունը, բուժօգնության բրիգադներ: Փրկարարներ են ժամանել Թբիլիսիից»,-ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ:

Մայիսի 17-ի առավոտյան ԱԻՆ-ը հաղորդել է սելավի մասին, որի հետևանքով խափանվել է երթևեկությունը դեպի Ռուսաստան տանող մայրուղում: Ըստ Հյուսիսային Օսեթիայի ՆԳՆ տվյալների, սելավի պատճառով արգելափակվել է Թերեկի հոսքը, ջրի մակարդակը բարձրացել է արդեն մի քանի տասնյակ մետրով: ՆԳՆ-ն հայտնել է Վլադիկավկազում արտակարգ իրավիճակի մասին: Տարհանվում են վրացական սահմանին մերձակա բնակավայրերի բնակիչները: Ըստ վրացական ԶԼՄ-ների, սելավի տակ են մնացել Դարյալի կիրճում ՀԷԿ-ի կառուցման վրա աշխատող մարդիկ, սակայն տուժածների ու զոհերի մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չի եղել: