26 մայիսի 2014 - 12:13 AMT
Եգիպտոսում սկսվել են նախագահական ընտրությունները

Եգիպտոսում երկուշաբթի օրը սկսվել են նախագահական ընտրությունները: Քվեարկությունը երկու օր է տևելու: 80 մլն բնակչություն ունեցող Եգիպտոսում ընտրական իրավունքից օգտվում է մոտ 54 մլն քաղաքացի: Ընտրատեղամասերի են վերածվել երկրի 13 899 դպրոցներ: Ընտրությունների ընթացքին հետևում են մոտ 16 հազար դատավորներ:

Երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ կադրային զինվորական Աբդել Ֆաթահ աս Սիսին և սոցիալսիտ Մադին Սաբբահին, որը ներկայանում է որպես հեղափոխականների քաղաքացիական ճամբարի թեկնածու: Հասարակական կարծիքի հարցումները, ինչպես նաև քվեարկության արդյունքներն արտերկրում վկայում են Աս Սիսիի ճնշող առավելության մասին: Արտերկրում քվեարկության արդյունքում Աս Սիսին ստացել է մասնակիցների քվեների 94, 5 տոկոսը, մասնակցությունը 50 տոկոսից ավելի է եղել: Առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններում պաշտպանության նախկին նախարար Աս Սիսիին պատրաստ է սատարել ընտրողների մոտ 79 տոկոսը: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները, վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել է ժամանակակից Մերձավոր Արևելքի ուսումնասիրության Ժողովրդավարական կենտրոնը: Ընտրությունների արդյունքները հրապարակվելու են հունիսի 5-ից ոչ ուշ:

Աբդել Ֆաթահ Սաիդ Հուսեյն Հալիլ աս Սիսին վարչապետի նախկին առաջին տեղակալն է, պաշտպանության ու ռազմարդյունաբերության նախկին նախարարը: Նա ավարտել է Եգիպտոսի ռազմական ակադեմիան, Եգիպտոսի Հրամանատարաշտաբային քոլեջը, ռազմական ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում ու Փենսիլվանիայի Բարձրագույն բանակային ռազմական քոլեջում: 1977 թվականից սպայի կոչումով ծառայել է Եգիպտոսի բանակում, զբաղեցրել է ռազմական կցորդի պաշտոնը Սաուդյան Արաբիայում: 2008 թվականից եղել է Հյուսիսային ռազմական շրջանի շտաբի պետը: 2011 թվականի փետրվարից ԶՈւ Բարձրագույն խորհրդի անդամ է: 2012 թվականի օգոստոսի 12-ին գեներալի կոչումով նշանակվել է ԶՈւ Գերագույն խորհրդի նախագահ: 2013 թ. հունիս-հուլիսին առանցքային դերակատարություն է ունեցել նախագահ Մուրսիի պաշտոնանկության գործում: 2013 թ. հոկտեմբերին Եգիպտոսում ստորագրահավաք սկսվեց Սիսիին նախագահի պաշտոնում նշանակելու օգտին: Հավաքվեց մոտ 4 մլն ստորագրություն: 2014 թ. հունվարի 27-ին ժամանակավոր նախագահի հրամանագրով Աս Սիսիին շնորհվեց ֆելդմարշալի կոչում՝ Եգիպտոսի բանակի բարձրագույն զինվորական կոչումը:

2014 թ. մարտի 26-ին նա հրաժարական տվեց բոլոր պաշտոններից ու զորացրվեց բանակից: 2014 թվականի մարտի 27-ին ազգին իր ուղերձում հայտարարեց, որ առաջադրվելու է նախագահի պաշտոնում: Իր քարոզարշավի խորհրդանիշ Սիսին ընտրեց աստղը: Նրա գերակայություններն են կայունության ու անվտանգության ապահովումը, ելքը տնտեսական ճգնաժամից: Ըստ սոցհարցումների, նրա օգտին պատրաստ է քվերակել ընտրողների 75 տոկոսը:

Համդին Սաբբահին «Ժողովրդական հոսանք» կուսակցության առաջնորդն է: Նա սոցիալիստ է, լրագրող ու պոետ, Համալ Աբդել Նասերի գաղափարների կողմնակից: 1975-77 թթ. սովորել է Կահիրեի համալսարանում, սակայն լրագրողության բնագավառում մագիստրոսի կոչում ստացել է միայն 1985 թվականին: Ուսանողական տարիներին հրատարակել է «Ուսանողներ» հանդեսը, եղել է Նասերիստական ակումբի նախագահ, ուսխորհրդի նախագահ, Եգիպտացի ուսանողների ընդհանուր միության նախագահ: 1977 թ. հայտնի է դարձել նախագահ Անվար Սադաթի քաղաքական գծի քննադատությամբ: 1981 թվականին Սաբբահին առաջին անգամ բանտում հայտնվեց ընդդիմադիր գործունեության համար, քաղաքական կարիերայի ընթացքում ձերբակալվել է մոտ 17 անգամ:

Սաբբահին 2012 թ. նոյեմբերից Ազգային փրկության ճակատի համանախագահն է, որը միավորում էր նախագահ Մուրսիի ու «Մահմեդական եղբայրների» հակառակորդներին: 2013 թ. հուլիսին սատարեց զինված գործողություններին Մուրսիի դեմ: 2014 թ. փետրվարի 8-ին առաջադրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Նրա խորհրդանիշն է արծիվը: Իր նախընտրական պայքարում նա շեշտը դնում է կոռուպցիայի դեմ պայքարի վրա, հայտարարում է, որ թույլ չի տա, որ «Մահմեդական եղբայրները» քաղաքականություն վերադառնան: Կողմ է Եգիպտոսի լիակատար ինքնիշխանության վերականգնմանը Սիոնի թերակղզում: Ըստ հարցումների, նրա օգտին կքվեարկի ընտրողների մոտ 15 տոկոսը:

Հուլիսի 3-ին բանակը պաշտոնանկ արեց ու ձերբակալեց նախագահ Մուրսիին: Սահմանադրության գործողությունը կասեցվեց, կառավարման լծակներն երկրում հայտնվեցին զինվորականների ձեռքում, որոնք կրկին արտակարգ դրություն հայտարարեցին: Նոր սահմանադրությունը հանրաքվեի է դրվել ՊՆ ղեկավար, գեներալ Աբդուլ Ֆաթահ Աս Սիսիի նախաձեռնությամբ, որն ապրիլին կմասնակցի նախագահի ընտրություններին: Ըստ եգիպտացիների առաջարկած սահմանադրության, ՊՆ ղեկավարը կհաստատվի պաշտոնում միայն ԶՈւ Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, իսկ նախագահը կընտրվի երկու ժամկետից աչ ավելի:

Սահմանադրությունը ենթադրում է նաև, որ ռազմական տրիբունալները կարող են դատել քաղաքացիական անձանց, եթե վերջիններս հարձակվեն զինծառայողի կամ բանակի օբյեկտների վրա:

Նոր սահմանադրությունը, ինչպես և նախկինները, ամրագրում է իսլամը որպես պետական կրոն, շարիաթը որպես իրավունքի սկզբունք և արաբերենը որպես պաշտոնական լեզու: Սահմանադրությունը երաշխավորում է նաև դավանանքի ազատություն: Նոր սահմանադրության նախագծի օգտին հունվարի 15-16 քվեարկեց ընտրողների մեծ մասը՝ 95 տոկոսը: