27 մայիսի 2014 - 14:13 AMT
Բաքուն սպառազինվում է, բայց զենքը դեռ յուրացնել է հարկավոր. ՊՆ ղեկավարն ադրբեջանցիների «զինվելու տենչի» մասին

Բնականաբար, պարբերաբար Ադրբեջանը նոր զենք ու զինամթերք է գնում, սակայն բանակները չեն գնահատվում միայն սպառազինության քանակով, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով զենքի առաքումներն ադրբեջանական կողմին: «Այդ զենքը դեռ յուրացնել է հարկավոր, պատշաճ կերպով պահել ու շահագործել է պետք, այսինքն պետք է լինեն մարդիկ, որոնք կարող են դա անել պատշաճ կերպով: Այդ տեսակետից պաշտպանության նախարարությունն ու ԼՂՀ Պաշտպանության բանակը պահպանում են ուժերի հավասարակշռությունը առանց երրորդ ուժի միջամտության: Դա ապահովվում է շնորհիվ զինծառայողների որակական պատրաստվածության ու մարտական ոգու»,-ասել է նա: Օհանյանը տեղեկացրել է, որ բանակի ծախսերի 75 տոկոսը պահպանման ծախսերն են կազմում, մնացածը՝ կապիտալ ներդրումներ են, որոնք թույլ են տալիս պահպանել սպառազինության անհրաժեշտ մարտական պատրաստությունն ու նոր զենք ձեռք բերել:

Նախարարը նաև անդրադարձել է ռուսական կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստին: Նա մասնավորապես նշել է, որ յուրաքանչյուր պետություն իր ռազմատեխնիկական համագործակցությունը կառուցում է իր պլանների ու քաղաքականության շրջանակներում: «Ռուսաստանի Դաշնությունը, լինելով մեր ռազմավարական գործընկերը, առաջին հերթին, ուշադրություն է դարձնում մեր ռազմատեխնիկական հարցերին: Բայց միաժամանակ, ՌԴ-ն իրավունք ունի ինքնուրույն քաղաքականություն վարել: Որպես պաշտպանության նախարար, իհարկե, ես չեմ կարող դրան նայել բարի աչքով, բայց ես նաև իրավունք չունեմ դա քննարկել»,-հայտարարել է Օհանյանը:

Այն դիտողությանը, որ Ռուսաստանը զենք է վաճառում իր ռազմավարական դաշնակցի հակառակորդին, Օհանյանն ասել է, որ «հայկական կողմը վերահսկում է իրավիճակը, իսկ Ռուսաստանի հետ Հայաստանը ունի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ավելի քան բարձր մակարդակ»: «Իրավիճակը չի խանգարում շփման գծում հայկական ուժերի կողմից հավասարակշռության պահպանման ապահովմանը՝ շնորհիվ նրանց բարձր պատրաստվածության»,-ընդգծել է նախարարը, հայտնում է Armenia Today-ը:

Մարտ ամսին Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտը զեկույց հրապարակեց, որի համաձայն Ադրբեջանը Եվրոպայում զենքի երկրորդ խոշոր ներկրողն է: Ըստ զեկույցի, Մեծ Բրիտանիան է սպառազինության հիմնական զինատեսակների խոշորագույն ներկրողը, նրան է բաժին ընկնում բոլոր եվրոպական առաքումների 12 տոկոսը: Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 12 տոկոսով և երրորդը Հունաստանն է 11 տոկոսով: 2009-2013 թթ. 2004-2008 թթ. համեմատ Ադրբեջանը զենքի ներկրումն ավելացրել է 378 տոկոսով: Ըստ զեկույցի տվյալների, վերջին 5 տարում զենքի առաքումների 80 տոկոսը Ադրբեջան իրականացվում է ՌԴ կողմից: Այլ առաքողների թվում են Բելառուսը, Ուկրաինան, Իսրայելն ու Թուրքիան:

Հիմնական զինատեսակների խոշորագույն 5 առաքողների թվում են ԱՄՆ-ն արտահանման 29 տոկոսով, Ռուսաստանը՝ 27 տոկոսով, Գերմանիան՝ 7 տոկոսով, Չինաստանը՝ 6 տոկոսով ու Ֆրանսիան՝ 5 տոկոսով:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Վաշինգտոնի Միջազգային ու ռազմավարական հետազոտությունների կենտրոնի առաջատար աշխատակից, ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին խորհրդական Էդվարդ Լյուտվակը, ոչ մի դեպքում չպետք է մոռանալ, որ կապը ռազմական բյուջեի ու ԶՈւ իրական մարտունակության միջև շատ թույլ է, և հաճախ նույն ֆինանսավորումն ունեցող բանակների մարտունակությունը մի քանի անգամ կարող է տարբերվել:

Ադրբեջանը մշտապես հայտարարում է իր բանակի մարտունակության մասին, հսկայական գումարներ է ծախսում մեծ քանակի զենք ու զինամթերք ձեռք բերելու համար: Սակայն Ադրբեջանից ստացվող տեղեկությունները զենքի հետ «անզգույշ վարվելու» հետևանքով մահացու դեպքերի մասին, վկայում են, որ ադրբեջանցի զինծառայողները նույնիսկ չեն կարողանում իրենց ամրակցված զենքից օգտվել, էլ չասած ավելի լուրջ սպառազինության մասին: Պարբերաբար ու միշտ անհաջող դիվերսիոն փորձերը ցույց են տալիս նրանց մարտունակության ցածր մակարդակն ու բացակայությունը: