14 հունիսի 2014 - 13:07 AMT
Ի՞նչ չպետք է իմանան հայ ռազմագերու հարազատները. Ինջիղուլյանի նամակում ջնջված տողեր կան

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը հարազատներին նոր նամակներ է ուղարկել: Հակոբի չորս նամակները հասցեագրված են հորը, մորը, եղբորն ու քրոջը:

«Բովանդակությունը նույնն է, ինչ հին նամակներում, որ ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա, առողջական խնդիրներ չունի: Հիմնական բովանդակությունը դա է»,-ասել է Հակոբի եղբայրը` Հարութ Ինջիղուլյանը:

Հակոբի` մորը և եղբորը հասցեագրված նամակներում կան ջնջված տողեր: Հարութ Ինջիղուլյանի խոսքով, Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն են ջնջել, իսկ պատճառաբանությունն այն է, որ Հակոբի գրածներում այնպիսի բան էր, որ հարազատները չպետք է իմանային, հայտնում է Panorama.am-ը:

2013թ. օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը, ըստ նախնական տվյալների` չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել է ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում:

Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի հայտարարությունն այն մասին, թե Հակոբ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել»: «Դիմումն արդեն նախարարների կաբինետում է: Ինչքան գիտեմ, այդ դիմումը Ինջիղուլյանի մյուս փաստաթղթերի հետ միասին պետք է ուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր Գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչություն: Նրանք պետք է դիմեն եվրոպական կամ այլ պետությունների: Որ երկիրը նրան ընդունելու համաձայնություն տա, այնտեղ էլ նրան կուղարկեն: Մինչ այդ գերին կմնա Ադրբեջանում»,- ասել է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը: Ինչպես ի պատասխան հայտարարել է ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը, եթե այդ տեղեկատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականցվող հերթական քարոզչական հնարքը չէ, ապա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակում ներգրավումը` ռազմագերուն փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով: Տոնոյանը կոչ է արել ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակին և այլ շահառուներին նմանօրինակ դեպքերի քննարկման ժամանակ հաշվի առնել վերոնշյալ հանգամանքները՝ նշելով, որ Ինջիղուլյանին «փախստականի կարգավիճակ» շնորհելը միգուցեև հնարավորություն է գերության մեջ խուսափելու նրա նկատմամբ ֆիզիկական բռնություններից, խոշտանգումներից և այլ ողբերգական հետևանքներից, ինչպիսիք տեղի են ունեցել նախկինում նման դեպքերի ժամանակ (մասնավորապես ադրբեջանական գերության մեջ սպանված հովվի՝ Մանվել Սարիբեկյանի դեպքը): Նշվել է, որ բացասական նախադեպերը պետք է բացառվեն, հետևաբար հնարավոր գործողությունները պետք է առավելագույնս զգուշորեն և բազմակողմանիորեն քննարկվեն: