25 հուլիսի 2014 - 12:57 AMT
Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել. Գործարարը հերքում է իր մեղքը

Հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:

Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը:

Հայրապետյանի միջնորդության մասին ցուցմունք է տվել ցմահ բանտարկության դատապարտված Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հայտարարել է, թե լսել է Ուրալ Ռահիմովից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի կառույցները «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին վաճառելու ցանկության մասին: Ըստ նրա, նաև քննարկվել է որպես միջնորդ պարոն Հայրապետյանին ներգրավելու հնարավորությունը: Այս հայտարարության հիման վրա էլ ձերբակալվել է Հայրապետյանը, առավել ևս, որ քննությանը հայտնի է դարձել 50 մլն դոլարի մասին, որն իբր Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ:

65-ամյա հայ գործարարին մեղադրական եզրակացության առաջադրումը տևել է երկու ժամ: Ինչպես հայտնել են աղբյուրները իրավապահ մարմիններում, Լևոն Հայրապետյանն այդ ընթացքում բազմիցս է հայտնել իր վրդովմունքը: Նա կտրականապես հրաժարվել է ընդունել առաջադրված մեղադրանքը, հայտնում է «Կոմերսանտ» թերթը:

ՌԴ Քննչական կոմիտեում հրաժարվել են մեկնաբանել գործի քննության ընթացքը: Չի կարողացել դա նաել նաև Լևոն Հայրապետյանի պաշտպանությունը քանի որ փաստաբաններից ստորագրություն է վերցվել քննության նյութերը չհրապարակելու մասին:

Նախօրեին այդ գործով հարցաքննվել է նաև «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը։ Վերջինս հայտարարել է, որ այն, ինչ կատարվում է, ընկերությունը զավթելու փորձ է, սակայն, անուններ չի նշել, հայտնում է «Վեդոմոստին»:

2002 թ. վեց ձեռնարկություններ՝ «Բաշնեֆտը», «Ուֆաօրգսինթեզը», «Նովօյլը», «Ուֆանեֆտեխիմը», Ուֆայի նավթավերամշակման գործարանն ու «Բաշկիրնեֆտեպրոդուկտը» սեփականաշնորհվեցին հօգուտ 7 բաշկիրյան ՍՊԸ-ների, որոնք վերահսկվում էին 19 ֆիզիկական անձանց կողմից, իսկ հետո փոխանցվել են «Բաշկիրյան կապիտալ» ՍՊԸ-ին, որի սեփականատերն է համարվում Ուրալ Ռահիմովը:

2003 թ. Հաշվիչ պալատը սեփականաշնորհման արդյունքը «դաշնային սեփականության ակտիվների հափշտակման աննախադեպ դեպք» անվանեց: Բյուջեն կորցրեց առնվազն 118 մլն դոլար, հայտնեց Պալատը: 2005թ. ապրիլին Հաշվիչ պալատի ստուգումների արդյունքում Բաշկիրիայի նախագահ Մուրտազ Ռահիմովը կարգադրեց պետսեփականությանը վերադարձնել «Բաշնավթի» ու «Բաշկիրէներգոյի» բաժնետոմսերը: Սակայն ապասեփականաշնորհման գործը չհասավ՝ գույքի նախարարությունը համաձայնության եկավ «Բաշկիրյան կապիտալի» հետ:

2005 թ. Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկությունների արգելափակող կամ դրան մոտ մասնաբաժինները վաճառվեցին «ԱՖԿ Սիստեմային» 600 մլն դոլարով, իսկ մնացած բաժնեմասերը 2006-ին փոխանցվեցին չորս բարեգործական՝ «Ուրալ», «Ագիդել», «Ինզեր» և «Յուրյուզան» հիմնադրամներին: 2009 թ. ապրիլին «ԱՖԿ Սիստեման» ձեռք բերեց բաշկիրյան ձեռնարկությունների բաժնետոմսերի հսկիչ փաթեթները 2.5 մլրդ դոլարով, իսկ նրանց համախմբան կենտրոնը դարձավ «Բաշնեֆտը»:

Քրեական գործը հարուցվել է դեռ ապրիլի 28-ին: Հուլիսի 15-ին ՌԴ ՀԴԲ աշխատակիցները Մոսկվայում ձերբակալեցին հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ Լևոն Հայրապետյանին: Նրան ձեբակալեցին «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր նա ժամանել էր Մոնակոյից: Նրան հարցաքննության տարան ՔԿ ուժեղացված հսկողության ներքո: Այնտեղ նրան պաշտոնապես հայտարարեցին ձերբակալության մասին:

Ըստ քննության վարկածի, հանցագործությունները կատարվել են 2008 թ. կնքված գործարքի ժամանակ, երբ վաճառվում էր «Բաշնեֆտ» ընկերությունը, որին առնչություն ուներ նաև Հայրապետյանը: Նա, իբր, անհիմն կերպով խոշոր տոկոս էր ստացել այդ գործարքից: Հուլիսի 16-ին խուզարկություն անցկացվեց գործարարի գրասենյակում, որը գտնվում է «Պրեզիդենտ օտելում», որի ժամանակ քննիչները «ՊՄ» ատրճանակի փամփուշտների երկու փաթեթ են առգրավել: Հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարեց հայազգի գործարարի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշեց, որ նա պետք է մնա կալանքի տակ մինչև սեպտեմբերի 15-ը»,-հայտնեց դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան: Նա հայտնեց նաև, որ կալանք է դրվել «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի փաթեթի վրա, որոնց արժեքը կազմում է մոտ 300 մլն ռուբլի: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից:

Հայրապետյանի փաստաբանները բողոքարկել են դատարանի որոշումը:

«Մենք խնդրում ենք դատարանին չեղյալ համարել Բասմանյան դատարանի որոշումը Հայրապետյանին կալանավորելու մասին որպես ապօրինի ու չհիմնավորված և խափանման այնպիսի միջոց ընտրել, որը կապված չէ ազատազրկման հետ»,-հայտարարել է գործարարի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Ավելի վաղ Հայրապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ իրենց պաշտպանյալն արդեն 9 տարի է տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում նաև քաղցկեղով, որն ընդգրկված է այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում բացառվում է մեղադրյալի գտնվելը մեկուսարանում:

«Նա չորս վիրահատություն է տարել և միայն Ռուսաստանում 9 անգամ ստացիոնար բուժում է անցել»,-ասել է փաստաբան Մարգարյանը:

Միջնորդությամբ հարցաքննվել է Հայրապետյանի բուժող բժիշկը, որը հաստատել է, որ անհրաժեշտ հսկողության ու ստացիոնարում կանոնավոր բուժման բացակայության դեպքում հիվանդը մահացու վտանգի է ենթարկվում: Փաստաբանը նշել է, որ գերատեսչական բժշկի տեղեկանքը, որը միայն արտաքինից է զննել նրան ու ճնշումը ճափել, ոչինչ չի ասում:

Որպես կալանավորման այլընտրանք փաստաբաններն առաջարկել են տնային կալանքի տարբերակն ու 30 մլն ռուբլի գրավը:

Ինքը գործարարն ու բարերարը հայտարարել է, որ իր հասցեին հնչեցված կասկածները ոչ մի ապացույց չունեն և խնդրել է իրեն թողնել ազատության մեջ:

Սակայն, մեկ ժամ խորհրդակցելուց հետո դատավոր Նատալյա Մուշնիկովան համաձայնվել է քննության հետ և գործարարին կալանքի տակ թողել: