4 սեպտեմբերի 2014 - 16:05 AMT
Վալերի Բուայեն կրկին փորձում է համոզել Ֆրանսիային ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն նոր օրինագիծ է ներկայացրել, որը նախատեսում է քրեական պատիժ սահմանել XX-րդ դարի ցեղասպանություններն ու մարդկության դեմ հանցագործությունները ժխտողների համար:

Ընդ որում Բուայեն նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին Ֆրանսիայում չկա ցեղասպանության ու մարդկայնության դեմ կատարված ոճիրների համար նախատեսված պատիժ, բացառությամբ Հոլոքոսթի, հայտնում է «Nouvelles d'Arménie»-ին:

Ընդ որում, հավելել է նա, Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, սակայն պատժելի է միայն Հոլոքոսթի ժխտումը: Բուայեն վստահ է, որ այդ ոչ արդարացի իրավիճակը շտկման կարիք ունի:

Ֆրանսիացի պատգամավորը նշել է նաև, որ ցեղասպանությունների ժխտման համար պատիժը շատ արդիական է Իրաքում քրիստոնյաների հալածանքների պարագայում: «Հարկավոր է ընդունել մի օրենք, որը կառաջարկի ժխտման նոր որակում: Ես առաջարկում եմ, որ ժխտումն օրենքում առաջիկայում դիտարկվի ոչ թե որպես ազատ արտահայտման սահմանափակում, այլ հանցագործություն մարդկայնության դեմ: Դա երկու առավելություն ունի՝ դա թույլ կտա մի կողմից դուրս գալ այն փակուղուց, որն առաջացավ Սահմանադրական խորհրդի կայացրած որոշման հետևանքով, իսկ մյուս կողմից էլ իրավական առումով կկարողանա պաշտպանել ցեղասպանությունների մասին արդար հիշողությունը», ասել է խորհրդարանականը:

Սա Վալերի Բուայեի նախաձեռնած առաջին օրինագիծը չէ: 2013-ի փետրվարին Ֆրանսիայի Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս օրինագիծը հիմնված է Եվրախորհրդարանի ընդունած «Ցեղասպանության և ռազմական հանցագործությունների ժխտման քրեականացումը» հոդվածի վրա: Նա նախկինի պես պատիժ է նախատեսում մինչև մեկ տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք ցեղասպանության ժխտման համար:

Մինչ այդ Բուայեն նմանատիպ օրենքի ընդունման նախաձեռնությամբ հանդես եկավ: 2012 թվականի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը օրինագիծ ընդունեց ցեղասպանությունների ժխտման մասին, այդ թվում Հայոց ցեղասպանության: Մինչ այդ Բուայեի նախաձեռնած փաստաթուղթը 2011թ. դեկտեմբերի 22-ին ընդունել էր ստորին պալատը՝ Ազգային ժողովը: Փետրվարի վերջում Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծը համարեց հակասահմանադրական, քանի որ այն «վտանգում է խոսքի ազատությունը»:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն է: