26 սեպտեմբերի 2014 - 15:43 AMT
Հունգարական ընկերությունը Երևանում առևտրի կենտրոն է բացել

Երևանում բացվել է Հունգարական առևտրի կենտրոն, որը պատկանում է առևտրային տների Հունգարական պետական ազգային ընկերությանը:

Ինչպես հաղորդում է Budapest Business Journal, ընկերության գործադիր տօրեն Գիորգի Կերեկսը հայտարարել է, որ առևտրային կենտրոնի բացման նպատակը նոր շուկաների բացահայտումն է, երկկողմ հարաբերությունների զարգացումն ու արտահանման ծավալների ավելացումը: Սա աշխարհում 15-րդ Հունգարական առևտրի տունն է, մինչև տարեվերջ դրանց թիվը նախատեսվում է հասցնել 25-ի:

Ընկերությունը ներկայացուցչություն ունի Չինաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ, Ադրբեջանում, Ղազախստանում, Լաոսում, Վիետնամում, Բրազիլիայում, Մակեդոնիայում ու Գանայում: Հատկանշական է, որ Հունգարական պետական ընկերությունը Հայաստանում ներկայացուցչություն է բացում Երևանի ու Բուդապեշտի դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո:

Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2012-ին: Պատճառը Հունգարիայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն էր Ադրբեջանին:

2004-ի փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006-ի ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005-ի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հետագայում փակ կուսակցական նիստում խոստովանել է, որ որոշում է կայացրել Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մասին, թեև գիտեր, որ վաղ թե ուշ նա ազատ է արձակվելու: Կուսակիցներն ու խորհրդականները բազմիցս են զգուշացրել Օրբանին, որ այդ քայլը ռիսկային է, սակայն հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների հանդեպ՝ հետագայում նոր վարկատուներ ապահովելով Հունգարիայի բույջեի համար: Օրբանը խոստովանել է, որ գիտեր հնարավոր հետևանքների մասին, սակայն, կարծում էր, թե Սաֆարովին ազատ կարձակեն մի քանի ամիս անց, «առողջական վիճակի պատճառաբանությամբ»: