14 հոկտեմբերի 2014 - 14:07 AMT
Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսներ` Կիպրոսի ու Հունաստանի խորհրդարաններում

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպել է Կիպրոսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի հայազգի անդամ Մարիոս Գարոյանի և Ներկայացուցիչների պալատի անդամ, Միջխորհրդարանական միությունում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ավերոֆ Նեոֆիտուի հետ:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը և Կիպրոսը միավորում են պատմական հարուստ ժառանգությունը, հոգևոր արժեքները, ինչպես նաև Հայաստանի և Կիպրոսի ժողովուրդների միջև հաստատված փոխըմբռնումն ու վստահությունը:

ԱԺ փոխնախագահը նկատել է, որ Կիպրոսը ԵՄ անդամ այն երկրներից է, որի հետ Հայաստանն ունի ձևավորված սերտ և բարեկամական հարաբերություններ. հանգամանք, որը հնարավորություն է տալիս Հայաստանին ապավինել Կիպրոսի աջակցությանը մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաև ԼՂ և կիպրական հիմնախնդիրներին` նկատելով, որ հիմնահարցերի շուրջ Հայաստանի և Կիպրոսի դիրքորոշումները միմյանց չեն հակասում: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Կիպրոսի մի մասի օկուպացումն ու Հայաստանի շրջափակումը:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման անհրաժեշտության մասին` Էդուարդ Շարմազանովը երախտագիտությամբ նշել է, որ Կիպրոսի խորհրդարանն աշխարհում առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա Մարիոս Գարոյանին հրավիրել է մասնակցելու Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին:

ԱԺ փոխնախագահը Մարիոս Գարոյանին և Ավերոֆ Նեոֆիտուին առաջարկել է Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես անցկացնել. կիպրական կողմը տվել է իր համաձայնությունը:

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է նաև Հունաստանի խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական միությունում Հունաստանի պատվիրակության ղեկավար Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ժխտմանը՝ ԱԺ փոխնախագահն արձանագրել է՝ Թուրքիան այս կերպ փաստում է, որ պատրաստ չէ առերեսվել իր պատմությանը: Հանդիպմանն ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2015 թվականին Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնելու ուղղությամբ: Նա իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու օրինագծի ընդունման համար:

Սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ձայների ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Դրա լրամշակված տարբերակով Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն հրեաների, այլև հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար: Այսպիսով, Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում:

Ավելի վաղ Շարմազանովրը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին ու Ցեղասպանության ժխտմանը, ԱԺ փոխնախագահը նկատել է, որ ի տարբերություն Գերմանիայի՝ Թուրքիան գնում է պատմությունը կեղծելու ճանապարհով:

Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի խորհրդարանին 2005 թվականին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար: Նա համոզմունք է հայտնել, որ նման ոճրագործություններն ընդունելու և դատապարտելու ճանապարհով միայն հնարավոր կլինի կանխել դրանց կրկնությունը հետագայում:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը հիմնախնդրի հարցում: Նա ընդգծել է, որ Հայաստանը հիմնահարցի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում ընթացող բանակցությունների շրջանակում: Բունդեսթագի նախագահն իր հերթին անթույլատրելի է համարել հակամարտության ռազմական լուծումը: