18 ապրիլի 2015 - 10:41 AMT
Սան Սեբաստիանը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքաներին

Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքը նույնպես միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքաներին:

Ապրիլի 17-ին, Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն, հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

Մարտի 30-ին իսպանական Չիրիվեյա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Իսպանիայի Բետերա, Բուրխասոտի, Պինտո քաղաքները:

Մարտի 26-ին իսպանական Պինտո քաղաքի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն հաստատում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և դատապարտում օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100 տարին, որի ընթացքում սպանվեցին 1.5 մլն քաղաքացիներ, իսկ 2 մլն հայեր ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը», հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Մարտի 17-ին Իսպանիայի Բետերա քաղաքի քաղաքապետարանի լիագումար խորհուրդը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Որոշման մեջ նշված է, որ 1915-1921թթ. ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցավ հայ ժողովրդի կոտորածների և տեղահանումների մի շարք, հատկապես երիտթուրքերի ռեժիմի ընթացքում, որի ժամանակ զոհվեց 1.5 միլիոն հայ, ևս 2 միլիոնը ստիպված էին լքել իրենց բնակավայրերը և ապաստան գտնել ամբողջ աշխարհում՝ ստեղծելով հայկական սփյուռքը: Բետերայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունները, որ կատարվեցին դրա ընթացքում: 2015-ի հունվարի 15-ին իսպանական Բուրխասոտի քաղաքային խորհուրդը ևս պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Ապրիլի 17-ին Բասկերի խորհրդարանը դատապարտեց Հայոց «սարսափելի» ցեղասպանությունը և Թուրքիայից պահանջել ճանաչել այն, ինչպես նաև կոչ է արել «հաշտություն հաստատել երկու երկրի միջև` ընդհանուր պատմության հիմքով»: Խորհրդարանը կոչ է արել «թափանցիկ և անկեղծ երկխոսության» սկսել թուրքերի և հայերի միջև «միասնական ապագա կառուցելու համար, որը թույլ կտա փակել պատմության այս ողբերգական գլուխը», ինչի համար կարևոր է հասկանալը, ճանաչումն ու արդարությունը:

2014-ի հունիսին Իսպանիայի ինքնավար Նավարա տարածաշրջանի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նավարայի խորհրդարանի ընդունած հռչակագիրը դատապարտում է թուրքական ռեժիմի քաղաքականությունն ու կոչ է անում Թուրքիային դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ ներդաշնակ բարիդրացիության ոգով և խաղաղ ճանապարհով լուծել սահմանի հարցը: Փաստաթղթում նաև ասվում է, որ հաշվի առնելով Թուրքիայի կարգավիճակը որպես ԵՄ անդամակցության թեկնածու, այս երկու հարցը անհապաղ լուծման կարիք ունի:

Նավարան դարձավ Իսպանիայի չորրորդ ինքնավար տարածաշրջանը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, Կատալոնիան ու Բալեարյան կղզիները: