6 մայիսի 2015 - 10:40 AMT
ԼՂՀ ԱԳՆ. Ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունները ԼՂՀ քաղաքական գործընթացների անբաժան մեխանիզմ են

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրություններն անցան ազատ և մրցակցային պայմաններում՝ միջազգային չափանիշներին համապատասխան, ինչի մասին վկայում են երեք տասնյակ երկրներից ժամանած շուրջ 100 միջազգային դիտորդների գնահատականները:

Ընտրությունները, որպես կամարտահայտություն Արցախի ժողովրդի կողմից, ում դերը սեփական ապագան որոշելու հարցում միանշանակ ընդգծված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2015 թ. ապրիլի 30-ի հայտարարության մեջ, նաև կարևոր ներդրում են տարածաշրջանում կայունության պահպանման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի ու խաղաղ կարգավորման գործում:

Խորհրդարանական ընտրությունները վերահաստատեցին այն փաստը, որ յուրաքանչյուր ժողովրդավարական համակարգի գործունեության պարտադիր տարր հանդիսացող ընտրությունները դարձել են Արցախի քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մաս: Ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունները, լինելով ԼՂՀ քաղաքական գործընթացների անբաժան մեխանիզմ, ուղղված են հանրապետության հասարակական կյանքի կազմակերպմանն ու ժողովրդավարական եղանակով իշխանության մարմինների ձևավորմանը, որոնք էլ իրենց հերթին մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության առաջ մղման հիմքն են»։

Արցախի նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ, որոնք ապրիլի 3-ին անցկացված ընտրություններում հաղթահարել են նվազագույն՝ 5%-ի շեմը:

Համամասնական ընտրությունների նախնական արդյունքներով, որոնք հրապարակել է Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, «Ազատ Հայրենիք» կուսակցությունը ստացել է քվեների 47․3%-ը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 19․1%-ը, ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը՝ 18․81%-ը, «Շարժում 88» կուսակցությունը՝ 6․93%-ը և «Ազգային վերածնունդ» կուսակցությունը՝ 5․38%-ը:

Ընտրություններին մասնակցել է 72.039 մարդ՝ ընտրողների ընդհանուր թվի 70․6%-ը: Սրբուհի Արզումանյանի խոսքով՝ տարածքային ոչ մի ընտրական հանձնաժողով ընտրությունների ընթացքի վերաբերյալ գրավոր դիմում-բողոք չի ստացել: «Կենտրոնական ընտրական հանձնաժողով է մուտքագրվել երեք բողոք կամ դիմում, որոնցից երկուսին հարցը կարգավորված է ի օգուտ դիմումատուների, իսկ մեկը քննարկման փուլում է», - ասել է Արզումանյանը:

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն անցել են թափանցիկ, ազատ, արդար պայմաններում, համապատասխանում է միջազգային չափանիշներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի Ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն Քերին ՄաքԴոնալդը: Նա իր խոսքում նշեց, որ այս կարծիքը միայն իրենը չէ, այլ ընտրությունների ընթացքին հետևող ամերիկացի բոլոր դիտորդների գնահատականը: «Տպավորված եմ պրոֆեսիոնալիզմով ու նվիրվածությամբ, որ նկատեցինք ողջ գործընթացում»,- ասաց նա:

Ամերիկացի դիտորդը ողջունեց մեծ թվով կանանց ներգրավվածությունը ինչպես ընտրական գործընթացները կազմակերպելու, հետևելու գործում, այնպես էլ հենց կին թեկնածուների առկայությունը: «Ընտրությունները մրցակցային էին: Արցախում անցկացված ընտությունները դիտարկում ենք որպես ժողովրդավարության օրինակ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ընտրությունները վկայում են, որ ԼՂՀ ժողովրդավարական երկիր է:

Կալիֆորնիայի Սանտա Կրուզ շրջանային վարչակազմի աշխատակից Գեյլլ Պելերինը նույնպես նշեց, որ ընտրություններն անցկացվել են արդար, անվտանգ մթնոլորտում, ինչպես սովորաբար անցկացվում են այլ երկրներում: Նա նաև նշեց, որ վերադառնալով Կալիֆորնիա, խնդրելու է Սանտա Կրուզի ղեկավարությանն աջակցել Լեռնային Ղարաբաղին զարգանալ որպես անկախ ու ազատ երկիր:

«Կարծում եմ՝ ԱՄՆ-ում ինչքան շատ ընդունեն բանաձևեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ճանաչեն անկախությունը, ազդեցություն կունենան ամերիկյան ղեկավարության վրա, որ նույնպես ճանաչի»,- նշեց ԳեյլԼ. Պելերինը:

Ըստ նրա, այլ երկրների նման, Լեռնային Ղարաբաղն ունի կառավարություն, ընտրական համակարգ, որը շատ լավ է գործում, ինչպես իսկապես ժողովրդավարական երկիր. «Այս ամենը վկայում է, որ, իրոք, Ղարաբաղում անկախ պետություն է, այնտեղ ապրում է անկախ ժողովուրդ»:

Դևիսի համալսարանի մարդու իրավունքների նախաձեռնության անդամ Քրիսթեն Աբաջյանը նշեց, որ իրենց վերջնական զեկույցում կփորձեն մի քանի խորհուրդներ ներառել, որը կնպաստի ավելի մեծ քանակի մասնակցություն ապահովելու համար: Ըստ նրա, դա կօգնի, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ նույնպես կարողանան հեշտությամբ մասնակցել ընտրական գործընթացին:

Ապրիլի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում, անդրադառնալով Արցախում սպասվող խորհրդարանական ընտրություններին, նշել են.

«Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ մեր երեք երկրներից ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք նպատակ ունեն հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»: