8 հունիսի 2015 - 14:27 AMT
Ադրբեջանցի դիվանագետը մտադիր է պայքարել իր երկրում «խավարամտության և հետապնդումների դեմ»

Ադրբեջանի իշխանությունները «որս» են սկսել երկրի լավագույն դիվանագետների դեմ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Եվրամիությունում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախկին դեսպան Արիֆ Մամեդովը:

Մամեդովը քննադատական գրություն է թողել կապված մայիսի 19-ին Բաքվում բռնկված մեծ հրդեհի հետ, որին զոհ գնաց 15 մարդ` պատասխանատվությունը դնելով պաշտոնյաների վրա: Սակայն կառավարամետ ԶԼՄ-ները դա գրեթե հակակառավարական դավադրություն համարեցին և հեղափոխության նախապատրաստում:

«Ծայրահեղ զարմացած և վրդովված եմ երկրի լավագույն դիվանագետների դեմ հայտարարված որսով: Հետապնդումների հրահանգը ստացվել է երկրի հետապնդումների ֆաբրիկայից»,-գրել է Մամեդովը: Ըստ նրա, տրամաբանությունից զուրկ է, երբ Facebook-ում Բաքվում հրդեհի զոհերին ուղղված ցավակցական խոսքերին «like» դնելու համար գործից ազատում են երկրի լավագույն դիվանագետներին: Նրանց ստիպում են նվաստացուցիչ դիմումներ գրել: «Ոմանք դա համեմատում են նախորդ դարի 30-ականներին ԽՍՀՄ հետապնդումների հետ: Ես կասեի, որ այն, թե ինչպես է դա արվում, այլ կերպ քան իշխանությունների մարազմ, չես անվանի: Նման բան չի եղել ոչ 30-ականներին, ոչ 40-ականներին, ոչ էլ ինկվիզիցիայի տարիներին»,-գրել է դիվանագետը:

Արիֆ Մամեդովը նշել է, որ Բելգիայի ԱԳՆ-ն պաշտոնապես դիմել էր նրան` պահնորդական ծառայություն առաջարկելով: «Ես երեկ վերադարձա Բրյուսել գործուղումից հետո և շոկի մեջ էի, երբ իմացա, որ Բելգիայի ԱԳՆ-ն և եվրոպական ինստիտուտներն արդեն գիտեն այդ այլանդակության մասին: Ինձ դիմեցին` պաշտոնապես թիկնապահներ առաջարկելով ինձ և իմ ընտանիքի համար: Ես հրաժարվեցի, սակայն Բելգիայի ԱԳՆ-ն պնդում է: Որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել, որ ես քաղաքական ապաստան եմ փնտրում Նորվեգիայում: Չի հաջողվի: Խավարամտության, իմ մեծ ժողովրդի հանդեպ անարդարության դեմ պայքարելու իմ վճռականությունն անսահման է»,-գրել է նա:

Արիֆ Մամեդովը նաև դիմել է այն դիվանագետներին, որոնց ազատել են ԱԳՆ-ից ընդդիմադիրների ելույթներին սատարելու համար: «Պատվով եմ երդվում, որ ադրբեջանական ժողովուրդը կվերականգնի արդարությունը, և դուք ամենաբարձր պաշտոնները կզբաղեցնեք այդ պետությունում: Երկար սպասել հարկ չի լինի»,-ասել է նախկին դեսպանը, հայտնում է Haqqin.az-ը:

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ծառայողական հետապնդում է սկսել ադրբեջանցի դիվանագետի դեմ` Facebook-ում գրառման համար:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմետ Հաջիևը, որը վերջին օրերին անհասանելի է մամուլի համար, հայտարարել է իշխանամետ ԶԼՄ-ներին, որ սոցցանցերում Մամեդովի հայտարարության հետ կապված հանգամանքները ճշտվում են: «Եթե տեղեկատվությունը հաստատվի, ապա Մամեդովի նման պահվածքը հարիր չէ դիվանագետին: Դա անընդունելի, անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է»,-մեջբերում են Հաջիևին ԶԼՄ-ները:

Սակայն, ինչպես գրել է Contact.az-ը, Facebook-ում երևում է, որ դիվանագետի գրությանը «հավանություն տվածների» թվում է նաև Հիքմետ Հաջիևը: Հնարավոր է, որ այստեղ անուն-ազգանվան համընկնում կար, սակայն ստուգել չհաջողվեց: Ինչևէ, սկանդալը հայտնի դիվանագետի անվան շուրջ հերթական համակարգային ճգնաժամն ի հայտ բերեց իշխանության շարքերում` այն է` պետծառայողը սեփական կարծիք չպետք է ունենա: Ավելի շուտ այդ կարծիքը միայն դրական կարող է լինել: Ահա և ստացվում է, որ Մամեդովն ընկալվում է որպես «հեղափոխական և դավադիր»:

Ադրբեջանում տիրող իրողության համար դիվանագետի նման կտրուկ արտահայտությունը զարմանալի է: Բոլոր ոլորտների և բոլոր մակարդակի պաշտոնյաները չեն կարող սեփական կարծիքը հայտնել, ասել է «Արևելք-Արևմուտք» կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջևը:

Ըստ փորձագետի, հոդվածը պատահական չի հայտնվել: Առավել ևս, որ Մամեդովին սատարեցին մի քանի դիվանագետներ: Օրուջլուն 3 հավանական վարկած ներկայացրեց: Առաջինը` իշխանության համակարգում ճագեր են առաջացել և Մամեդովի հայտարարությունը դրա արտահայտումն է; Երկրորդը` հրահրողներն արտաքին ուժերն են, և երրորդը` դա իշխանության ներսում հեռուն գնացող գործընթացների գործարկումն է: Ինքը Օրուջլուն հակված է երրորդ վարկածին; Ըստ նրա, այս ամենի թիրախը ԱԳՆ միտումնավոր վարկաբեկումն է Մամեդյարովի պաշտոնանկության հեռանկարով: Հանուն դրա իշխանությունները կարող են «զոհաբերել մի քանի դիվանագետների»:

Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին գտնում է, որ սկանդալը Մամեդովի շուրջ, լրագրող Էյնուլա Ֆաթուլլաևի սադրանքն է: Հասանլին հիշեցնում է, որ ժամանակին ԱԳՆ-ն իր «ավանդն» ունեցավ Ֆաթուլլաևի ձերբակալության մեջ և վերջինս հիմա ուզում է «վրեժխնդիր» լինել: Հասանլին ասել է, որ Մամեդովի հայտարարությունը մայիսի 19-ի հրդեհի մասին, այնքան էլ չի տարբերվում իշխանությունների գնահատականից: Բոլորը գիտեն, որ հրդեհի պատճառը պաշտոնյաների թերացումն է և մեղավորները պետք է պատժվեն անկախ դիրքից, այսպիսին է ընդհանուր կարծիքը, ասել է Հասանլին: Ուստի, դիվանագետի քարկոծումն իշխանամետ ԶԼՄ-ներում և նրա դեմ ծառայողական հետաքննություն սկսելը, խելամիտ չէ: Մամեդովի գրառումը սոցցանցում ադրբեջանցի մտավորականի նորմալ արձագանքն է երկիրը ցնցած իրադարձությանը: «Նման դիրքորոշումը միայն հարգանքի է արժանի»,-ասել է Հասանլին: