3 հուլիսի 2015 - 15:16 AMT
Առէկսիմբանկի կանոնադրական կապիտալը համալրվեց $10 մլն-ով

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը համալրվել է 4.703.150.400 ՀՀ դրամով կամ 10 մլն ԱՄՆ դոլարով: Տվյալ որոշումն ընդունվել է 2015-ի հունիսի 30-ին կայացած «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի արտահերթ նիստում: Կանոնադրական կապիտալը համալրվելու է բանկի միակ բաժնետեր` ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԸ կողմից 90.400 հասարակ (սովորական) լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:

Այսպիսով, բանկի փաստացի ձևավորված կանոնադրական կապիտալը կկազմի 30.590.871.792 ՀՀ դրամ կամ մոտ 65 մլն ԱՄՆ դոլար (ըստ 03.07.15թ. հրապարակված ՀՀ ԿԲ փոխարժեքի): Տվյալ ցուցանիշի առումով բանկը հնարավորություն կունենա զբաղեցնել առաջատար դիրքերից մեկը ՀՀ բանկային համակարգում:

Ընկերությունից հայտնում են, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական զարգացման հեռանկարները միևնույն տնտեսական և մաքսային հարթակում թույլ են տալիս բարձրացնել հանրապետության բանկային համակարգում ներդրումների հնարավորությունը ինչպես ռուսաստանյան խոշոր ներդրողների, այնպես էլ Գազպրոմբանկի կողմից: Չնայած գործող ճգնաժամին` բաժնետերր բանկի առջև դնում է լուրջ խնդիրներ, հաճախորդների համար նորանոր հետաքրքիր նախագծերի և առաջարկների ներդրման ուղղությամբ:

Բանկում համոզված են, որ ԳՊԲ աջակցությամբ Առէկսիմբանկը կարող է դառնալ առաջատարը Հայաստանի տնտեսության կարևոր ռազմավարական նշանակության ոլորտների ֆինանսավորման գծով: Առէկսիմբանկն իրեն զգում է կայուն դիրքերում, բանկի առաջընթացը շարունակվում է:

«Գազպրոմբանկ» ԲԸ-ն ընդգկրված է Ռուսաստանի երեք խոշորագույն բանկի շարքում և հայաստանյան Առէկսիմբանկի միակ բաժնետերն է: Ներկայումս իր գործունեության հիմնական ուղղություններից Առէկսիմբանկն ակտիվորեն կատարելագործում է դրամարկղահաշվարկային գործառնությունների, վարկավորման, նախագծային ֆինանսավորման, ՓՄՁ վարկավորման պայմանները, ինչպես նաև տրամադրում է ծառայությունների լայն տեսականի ֆիզիկական անձանց: