14 հուլիսի 2015 - 16:58 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
The Daily Beast. Ղարաբաղը չճանաչված, բայց երջանիկ պետություն է, որի համար պատերազմը շարունակվում է

Ամերիկյան The Daily Beast պարբերականն անդրադարձել է Արցախին՝ պատմելով պատերազմական իրավիճակում ծաղկող ժողովրդավարության ու սահմանային լարված իրավիճակի մասին:

«Մայրամուտի վարդագույն շողերն իջնում են խաղաղ Ստեփանակերտի վրա, որը ժամանակին անխնա ռմբակոծվել ու ավերվել է հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում։ Թեպետ սահմանագծում կրակոցները դեռ հնչում են, ինքնահռչակ հանրապետության մայրաքաղաքը շատ խաղաղ է»,- գրում է հոդվածագիր Աննա Նեմցովան, մեջբերում է Tert.am-ը:

Ստեփանակերտում տիրող հանդարտությունը նման է սյուրռեալիստական պատկերի` հաշվի առնելով Ղարաբաղի պատերազմական անցյալն ու ռազմականացված ներկան:

Ըստ հոդվածագրի՝ Ղարաբաղն Արևմուտքում բնակվող հայկական սփյուռքի ջանքերով կանգնել է ծաղկուն ժողովրդավարության ճանապարհին: Թեև այն նախընտրում է պասիվ դիտորդի դեր ստանձնել բարդ աշխարհաքաղաքական զարգացումների հարցում, այնուհանդերձ ԼՂՀ իշխանությունները գիտակցում են, որ ցանկացած քաղաքական անկայունություն ունակ է «արթնացնելու» Ադրբեջանի հետ վաղուց արդեն չննջող պատերազմը: Սակայն տեղացիներն ավերիչ պատերազմի կրկնություն չեն ցանկանում:

Ուստի, վտանգներով լի հեղափոխություններից խուսափելու համար, Ստեփանակերտն անցկացնում է արդար և թափանցիկ ընտրություններ: Փաստացի, երկիրն ապացուցում է, որ կարող է հաջող պայքար մղել նաև հետխորհրդային բոլոր երկրներին հատուկ կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության դեմ:

Հեղինակը նշում է, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ կոռուպցիան շատ խորն արմատներ ունի, ԼՂ-ում գործարարներն ու ձեռնարկատերերը գործնական առումով իրենց առավել ապահով են զգում:

«Ես փախա Երևանից և բիզնես հիմնեցի Ստեփանակերտում, որտեղ կոռուպցիան բացակայում է և ոչ ոք չի կարող ինձ ստիպել կաշառք վճառել»,- Ստեփանակերտում գործող Florence Garden ռեստորանի սեփականատիրոջ` Դրո Կարապետյանի խոսքերը մեջբերում է Նեմցովան:

ԼՂՀ հակամարտության ու սահմանային գոտու լարված իրավիճակին անդրադառնալով` հոդվածագիրը նշում է, որ թեև զինադադարից 2 տասնամյակ է անցել, այնուհանդերձ սահմանին հաճախակի են զոհեր լինում։

Հեղինակը գրում է՝ միակ բանը, որ Արցախի բնակիչները չեն հասկանում, այն է, թե ինչու իրենց ընկեր Ռուսաստանն ահռելի խմբաքանակով զենք է վաճառում Ադրբեջանին: Ինքնահռչակ պետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի խոսքով, իրենք այդքան էլ մեծ օգնության չեն ստանում ՌԴ-ից:

«Մեզ ավելի շատ ԱՄՆ-ն է օգնում»»,- պաշտոնյայի խոսքով եզրափակում է հեղինակը:

ՖՈՏՈՇԱՐՔ