29 սեպտեմբերի 2015 - 14:07 AMT
Դավութօղլուն Բելգիայի վարչապետի հետ քննարկել է Ցեղասպանության մասին այդ երկրի խորհրդարանի բանաձևը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն տարբեր երկրների առաջնորդների շարքում հանդիպել է նաև Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի հետ:

Կողմերի հանդիպման գլխավոր թեման եղել է հուլիսին Բելգիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևը, թուրքական TRThaber.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ աղբյուրի` Բելգիայի վարչապետը նշել է, որ այդ բանաձևն ունի զուտ քաղաքական նշանակություն և չի ենթադրում որևէ իրավական հետևանք:

Դավութօղլուն էլ դժգոհել է, որ չնայած բանաձևի իրավական հետևանքներ չպարունակելու մասին հայտարարություններին` դրա օգտին չքվեարկած պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել (նկատի ունի Բելգիայի խորհրդարանի ազգությամբ թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրին - EH):

Դավութօղլուն ավելացրել է նաև, որ իրենք պատրաստ են քննարկել բոլոր թեմաները, այդ թվում և վերոնշյալ թուրք պատգամավորի կուսակցությունից հեռացնելու հարցը:

Բելգիայի խորհրդարանը հուլիսի 23-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այն ընդգծում է նաև Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը և կոչ անում Հայաստանին և Թուրքիային «օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, սահմանը բացելու և տնտեսական ինտեգրման համար ուղի բացելու համար»: Բանաձևի ընդունմանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ որոշումն «անարդար», «պատմական իրողություններին չհամապատասխանող» և «մարդու իրավունքներն անտեսող» է որակելով:Թուրքիայի ԱԳՆ-ն Բելգիային մեղադրել է «թուրքական ինքնությունը սևացնելու» փորձերի մեջ:

Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր դեռևս 1998-ին։ Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում):