27 հոկտեմբերի 2015 - 12:07 AMT
ԱՄՆ կոնգրեսականներն Օբամային կոչ են անում խաղաղապահական միջոցառումներ իրականացնել ԼՂ-Ադրբեջան շփման գծում

ԱՄՆ-ի Կոնգրեսի 85 անդամ` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և դեմոկրատ Էլիոթ Էնջլի գլխավորությամբ, բաց նամակով դիմել են նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանային գոտիներում ագրեսիայի և բռնության տարածումը կանխող խաղաղասիրական միջոցառումների իրականացմանն աջակցելու կոչով։

Նամակում, մասնավորապես, նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունն ու բռնությունը կտրուկ աճել է, ինչի կապակցությամբ ԱՄՆ-ի իշխանությունները հնչեցնում են քննադատական տեսակետներ, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Սակայն այդ քննադատությունները տեղ չեն հասնում, և վարչակազմը հետագա ներգրավվածություն չի ցուցաբերում խնդրի լուծման համար։ Նման քաղաքականությունը պետք է փոխել: Նամակում մենք առաջարկում ենք մի քանի խելամիտ քայլ ԱՄՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համար` հետագա բռնությունները կանխելու նպատակով: Նախևառաջ՝ բոլոր կողմերին կոչ է արվում հետ քաշել դիպուկահարներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկումն իրականացնողներին մշտապես պահել շփման գծում ու նրանց զինել այնպիսի տեխնոլոգիական համակարգերով, որոնք ճշգրտորեն կարձանագրեն շփման գծում տեղի ունեցած յուրաքանչյուր խախտում»,-նշված է նամակում։

Հոկտեմբերի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Բաղրամյան» զորավարժարանում լրագրողներին ասել է, որ ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահ ուժերը պետք է պատրաստ լինեն հնարավոր խաղաղարար օպերացիաներին աշխարհի «թեժ կետերում»: «Իրավիճակն այսօր սրվել է բոլոր ուղղություններով: Աշխարհի բոլոր «թեժ կետերում», որոնք գոյություն ունեն, այսօր ակնհայտ երևում է, որ հարկավոր է կիրառել խաղաղապահ ուժեր:

Այդ իսկ պատճառով կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից պրակտիկ ռազմական գործողությունների մշակումը նախապատրաստում է հնարավոր օպերացիաների»,- ասել է Բորդյուժան՝ հավելելով, թե չի կարծում, որ դրանք կլինեն, բայց անհրաժեշտ է միշտ պատրաստ լինել խաղաղապահ ուժերի կիրառմանը:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 1-ին ելույթ է ունեցել «ԵԱՀԿ խաղաղությանն ուղղված գործողություններին» նվիրված նախարարական միջոցառմանը՝ հայտարարելով, որ Խաղաղապահությունը ԼՂ կարգավորման հիմնարար տարրերից է: Ըստ Նալբանդյանի՝ քաղաքական լուծումները պետք է որոշեն և ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձևաչափը և հնարավոր տեղակայումը: Բազմաթիվ առիթներով Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում` համանախագահ երկրների նախագահների մակարդակով, հայտարարվել է, որ անվտանգության միջազգային երաշխիքները՝ ներառյալ խաղաղապահ գործողությունները, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար տարրերից են: Դրա նպատակը՝ հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում զինված ուժերի բաժանումն է և խաղաղության պահպանումը: ԱԳ նախարարի խոսքով՝ ոչ մի այլ մանդատ կամ բաղադրիչ, ներառյալ` ոստիկանական գործունեություն, այս դեպքում նախատեսված չէ:

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա։ «Մենք ինքներս էլ կարող ենք զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը», - ասել է նա:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խոսել էր Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հնարավորության վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների հայտնվելու մասին պարբերաբար տարածվող խոսակցթյունների վերաբերյալ հարցմանն ի պատասխան նա հայրարարել է, թե ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ համանախագահ և հարևան երկրները չպետք է ներգրավվեն միջազգային խաղաղապահ ուժերի կազմում: «Մեր պատկերացմամբ կողմերը համակարծիք են այս հացում, և թեման արդեն իսկ քննարկվել է», - ասել է նա: