ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը ստորագրել են արձանագրություն, որը նախատեսում է մաքսատուրքերից անժամկետ ազատել Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի և բնական գազի առաքումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ էներգետիկայի նախարարությունը:
Փաստաթղթով փոփոխություններ է կատարվում բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի առաքումների ոլորտի վերաբերյալ երկու երկրների կառավարությունների միջև գործակցության մասին համաձայնագրում, որը ստորագրվել է Երևանում 2013-ի դեկտեմբերի 2–ին, հաղորդում է Sputnik Արմենիան։
Ստորագրված արձանագրությունն առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել համաձայնագրում` կապված երկկողմ միջազգային-իրավական բազա ստեղծելու անհրաժեշտության հետ` Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթներին համապատասխան։
Մասնավորապես, նախատեսվում է նաև համաձայնագրի գործողության ոլորտից բացառել չմշակված բնակական ալմաստների առևտրի հարցը, քանի որ դրանք կանոնակարգվում են ԵՏՄ մասին պայմանագրի դրույթներով։
2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքվել է Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի առաքման ոլորտում գործակցության վերաբերյալ համաձայնագիր: Նույն օրը՝ Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության ժամանակ, 12 համաձայնագիր ստորագրվեց, այդ թվում՝ Հայաստանին ռուսական գազի մատակարարման, կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների, միջուկային անվտանգության մասին համաձայնագրեր, ինչպես նաև ստորագրվեց 2014-2018-ին Հայաստանի բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ»-ի ու «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի միջև գործարքը։