27 հունվարի 2016 - 10:20 AMT
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը կիրառել է ականանետ և նռնականետ

Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 350 կրակոց:

Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը դիմել է սադրիչ գործողությունների: Հունվարի 26-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդը շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը և ստիպել վերջիններիս հետ շպրտվել իրենց ելման դիրքերը:

Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Հունվարի 17- 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 82 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3200 կրակոց: